Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 04-06-2018
Կանացի անսովոր մասնագիտություններ
Շատ հաճախ կանայք ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք առավել շատ բնորոշ են տղամարդկանց: Սակայն դա չի խանգարում աշխատանքն անթերի կատարել եւ դառնալ լավագույն մասնագետը:

Ստորեւ ներկայացնում ենք մասնագիտություններ, որոնք կանանց համար համարվում են անսովոր: 

Համակարգչային մասնագետ

Մենք սովոր ենք կանանց տեսնել համակարգչի դիմաց, սակայն ոչ որպես տեխնիկական մասնագետ: Այսօր՝ աշխարհի զարգացմանը զուգընթաց, կարելի է ասել, որ ամենատարածված մասնագիտություններից մեկը ծրագրավորողի մասնագիտությունն է: Վերջին ժամանակներս ծրագրավորողների թիվը համալրվել է կանանցով, ովքեր երբեմն իրենց կարողություններով առաջ են անցնում տղամարդկանցից: 

Դրական կողմ. բարձր աշխատավարձ, կարելի է աշխատել աշխարհի ցանկացած կետում, եթե առկա է ինտերնետ կապ, մեծ հավանականություն՝ ներգրավվել աշխարհի առաջատար IT ոլորտի կազմակերպություններում:

Բացասական կողմ. մշտապես ուշադրություն, լարված մարմին, աչքեր, ձեռքեր, հոգնածություն եւ այլն: 



Բարմեն 

Բարմենի կարգավիճակում տղամարդկանց տեսնելը սովորական եւ ընդունված երեւույթ է, իսկ կանանց՝ շոկային: Վերջիններս, սակայն, իրենց կարողություններով չեն զիջում տղամարդկանց, հակառակը՝ արական սեռի ներկայացուցիչներին հաճելի է, երբ նրանց սպասարկում են կանայք:

Դրական կողմ. բավականին լավ վարձատրվող աշխատանք, հաճոյախոսությունների անսպառ շարք եւ երկրորդ աշխատանք ունենալու հարմար գրաֆիկ:

Բացասական կողմ. հաճախակի գիշերային հերթափոխ, ոտքերի ցավ, հոգնածություն, անքնություն, կարիերան զարգացնելու հնարավորության բացակայություն:



Պոկերի խաղավար

Աշխարհի տարբեր անկյուններում պոկերի խաղավարները հսկայական գումարներ են աշխատում եւ աշխատանքի առաջարկներ ստանում հեղինակավոր խաղատներից: Վերջին ժամանակներս մեծացել է նաեւ կին խաղավարների թիվը, ովքեր գիտակ են իրենց գործում եւ ոչնչով չեն զիջում տղամարդկանց: 

Դրական կողմ. ազատ գրաֆիկ, ճանապարհորդություններ, բարձր աշխատավարձ:

Բացասական կողմ. անքնություն, ունեցվածքը կորցնելու մեծ հավանականություն:



Տաքսիստ

Կին տաքսիստների ոչ հաճախ կարելի է հանդիպել: Սակայն կան կին տաքսիստներ, ովքեր իրենց աշխատանքով ապացուցել են, որ կարող են ոչ միայն հիանալի մեքենա վարել, այլեւ դիմանալ սթրեսային իրավիճակ առաջացնող խցանումներին: 

Դրական կողմ. ազատ գրաֆիկ, շատ ուղեւորներ:

Բացասական կողմ. մշտապես՝ հատկապես գիշերային հերթափոխի ժամանակ, վտանգի եւ վախի առկայություն:



Օդաչու

Դժվար է պատկերացնել, սակայն մեր օրերում գնալով մեծանում է կին օդաչուների թիվը: Պատմության մեջ շատ կին օդաչուներ են եղել, ովքեր ապացուցել են, որ կինը կարող է ղեկավարել օդանավը: 

Դրական կողմ. բարձր աշխատավարձ:

Բացասական կողմ. առողջական խնդիրներ:



Հ.Գ.: Երբեմն կարեւոր չէ՝ տղամարդու մասնագիտություն է, թե կանանցի, քանի որ կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ պետք է սիրեն իրենց աշխատանքը, որպեսզի ե՛ւ գոհանան, ե՛ւ գոհացնեն: