Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-11-2018
Երեւանը հյուրընկալել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի անդամներին
Նոյեմբերի 7-ին եւ 8-ին մայրաքաղաք Երեւանում կայանում է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը։

Վերջին անգամ երեք տարի առաջ էր Հայաստանը հյուրընկալել երիտասարդության ոլորտում ամենամյա կազմակերպվող Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը։ Այս անգամ նիստը նոյեմբերի 7-ին մեկնարկեց Երեւանում՝ մեկտեղելով ԱՊՀ գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի եւ երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի եւ երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներին: 

Նիստի պաշտոնական բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը: Վերջինս նշեց, որ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհուրդն անչափ կարեւոր դեր ունի համագործակցությունը միջպետական ոլորտում ընդլայնելու եւ զարգացնելու տեսանկյունից։

«Մենք բարձր ենք գնահատում Երիտասարդության հարցերի խորհրդի աշխատանքը։ Այն ուղիներ է փնտրում ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդական ոլորտի մի շարք խնդիրների լուծումներ գտնելու տեսանկյունից։ Անչափ կարեւոր է նաեւ ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդական քաղաքականության մշակման ու երիտասարդական ոլորտի զարգացման տեսանկյունից այսպիսի կառույցների ակտիվ աշխատանքը»,- նշեց Գաբրիել Ղազարյանը։

Ըստ նրա՝ բոլորին է հայտնի երիտասարդության կարեւոր դերը ԱՊՀ մասնակից պետությունների հետագա զարգացման տեսանկյունից, քանի որ հենց այս շրջանակի՝ երիտասարդության ակտիվության, դինամիկայի եւ որոշ դեպքերում նաեւ հեղափոխական գաղափարներն են առաջ մղում հասարակությունները, նպաստում փոփոխությունների իրականացմանը. «Երիտասարդությունը հզոր ռեսուրս է, այն ուժ է եւ որոշ դեպքերում հենց երիտասարդներից է կախված մեր երկրների ապագան»։

Ձեւավորված ավանդույթի համաձայն՝ խորհրդի հերթական նիստ հյուրընկալած երկրի լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, նախարարության կողմից մեր երկրում իրականացվող երիտասարդական պետական քաղաքականության եւ ոլորտում ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող Քրիստինե Ասատրյանը, հանդես եկավ զեկույցով, որը վերնագրված էր «Հայաստանի Հանրապետությունում երիտասարդության զբաղվածության ապահովման բնագավառում իրականացվող պետական քաղաքականության մասին»։ Այն տալիս էր ամբողջական պատկերացում ներկայում ՀՀ-ում իրականացվող փոփոխությունների  եւ ձեռք բերված հաջողությունների մասին, անդրադառնում ոլորտում առկա խնդիրներին ու մատնանշում հնարավոր լուծումները։

Երկօրյա հերթական նիստում մասնակիցները քննարկելու են ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարության միջոցառումների ծրագրի իրագործմանը, 2021-2030 թթ. միջազգային երիտասարդական համագործակցության ռազմավարությանը, «100 գաղափար ԱՊՀ-ի համար» ծրագրի իրականացման ընթացքին, երիտասարդական կամավորական շարժման ոլորտում համագործակցությանը վերաբերող եւ այլ հարցեր: Չի շրջանցվելու նաեւ խորհրդի կազմում նոր երկրներ ներգրավելու թեման։

Հ.Գ.։ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի գործունեության մասին ավելի մանրամասն կարելի է իմանալ հետեւյալ հղմամբ:

Պատկերասրահ՝ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի նիստ - 2018