Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 08-11-2018
Կարողությունների զարգացման դասընթացը մեկնարկեց երիտասարդական մայրաքաղաքում
Մի քանի օր շարունակ Հայաստանի մարզերից եկած երիտասարդական աշխատողները եւ երիտասարդական ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչները կփորձեն առաջարկների ու նախագծերի փաթեթ մշակել։
Հայաստանի 2018 թ. երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում մեկնարկեց վեցօրյա «50/50» վերապատրաստման դասընթացը, որը նախատեսված է երիտասարդների հետ համագործակցող պետական մարմինների ներկայացուցիչների եւ երիտասարդական ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Բարձր գնահատելով եւ նպատակ ունենալով զարգացնել պետության հիմնական դերակատարների` երիտասարդների հետ երկխոսությունը՝ «50/50» դասընթացը կարեւոր հարթակ է նաեւ պետական երիտասարդական քաղաքականության մշակման գործընթացում երիտասարդների ներգրավման ու մասնակցության համար։
 
Պետական մարմինների եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչների համար դասընթացի շրջանակում հանդիպում էր նախատեսված ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի հետ։ Դասընթացի առաջին աշխատանքային օրը փոխնախարարը մասնակիցներին հակիրճ ներկայացրեց երիտասարդական պետական քաղաքականության կարեւորությունը, ինչպես նաեւ այն աջակցությունը, որը նախարարությունը տրամադրում է երիտասարդական ՀԿ-ներին՝ խթանելով առավել ակտիվ գործունեության ծավալումը։
 
«Չափազանց կարեւոր է երիտասարդական ՀԿ-ների եւ ոլորտային պատասխանատու պետական մարմինների համագործակցությունը։ Այն անհրաժեշտ է առավել գործուն դաշտ տեղափոխել, ինչի արդյունքում փոխադարձ կապը կամրապնդվի եւ դրական արդյունքների արձանագրում կլինի։ Այս փուլում կարեւոր է նաեւ երիտասարդներին ներգրավել հասարակության սոցիալ-տնտեսական, մշակութային եւ քաղաքական ընդհանուր կյանքին։ Մենք իսկապես գիտենք, թե ինչպիսի ակտիվ հայ երիտասարդություն ունենք այսօր։ Դա նկատվեց նաեւ ապրիլյան հեղափոխության օրերին։ Այդ մասին անհնար է չխոսելը։ Իսկապես, անգնահատելի դեր ունեցան քաղաքական-քաղաքացիական այդ գործընթացում մեր հայ երիտասարդները»,- իր կարճ ելույթում նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը, որից հետո պատասխանեց նաեւ դասընթացի մասնակիցներին հուզող մի շարք հարցերի, այդ թվում նաեւ՝ նախարարության կողմից եռամսյակի ընթացքում տրամադրվող դրամաշնորհների խիստ թիրախային լինելու, երբեմն էլ «ոչ այնքան արդար մրցութային պայմաններում անցնող» ծրագրերի ընտրությանը վերաբերող հարցին։ Փոխնախարարն անդրադարձավ նաեւ երիտասարդական աշխատանքի եւ աշխատողի ճանաչման կարեւորությանը՝ այդ գործում ընդգծելով պետական կառույցի դերը։

Երիտասարդական հասարակական կազմակերպությունների և երիտասարդական ոլորտի պետական մարմինների ներկայացուցիչների համար դասընթացին ներկա էր նաև Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչ Սամվել Ռուբենյանը։ Վերջինս նշեց, որ չնայած նոր է նշանակվել երիտասարդների հետ տարվող աշխատանքների համակարգող, սակայն թե՛ անձամբ ինքը, թե՛ մարզպետարանը պատրաստ են օժանդակություն ցույց տալ երիտաաարդությանը. «Մինչև վերջերս ինքս էլ բավականին ակտիվ եմ եղել հասարակական գործունեություն ծավալելու առումով։ Հասկանում եմ՝ երիտասարդներին պետական աջակցության դերը և կարևորում այն։ Կփորձենք մշտապես հասանելի լինել ոլորտի ներկայացուցիչների համար, խնդիրների առաջացման ժամանակ արագ արձագանքնել։ Շատ ուրախ եմ, որ այսպիսի միջոցառում-դասընթացն անցկացվում է Տավուշի մարզում։ Բարի երթ եմ մաղթում թե՛ դասընթացի մասնակիցներին, թե՛ դասընթացավարներին»։
 
Նարինե Չուխուրյանն Իջեւանից է։ Նա ուրախություն հայտնեց, որ «50/50» ուսումնական կարեւոր դասընթացն անցնում է իր հայրենի քաղաքում։ Նարինեն հույս ունի, որ այն չափազանց օգտակար է լինելու բոլոր մասնակիցների համար։
 
«Նպատակ ու ցանկություն ունեմ սովորելու, հասկանալու, թե ինչպես է պետական մարմինը՝ տվյալ դեպքում Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, խթանելու երիտասարդների ներգրավվածությունը։ Երկրի հետագա զարգացմանը նպաստելու մեծ ցանկություն կա, սակայն դեռ պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք մեր մոտեցումները, տեսլականը լսելի դարձնել հենց այն կառույցներին, որոնք պատասխանատուն են»,- ասաց Նարինե Չուխուրյանը, ով ներկայացնում է Իջեւանի քաղաքացիական երիտասարդական կենտրոնը։
 
«Եվրասիա» համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի ներկայացուցիչ Էմիլյա Ոսկանյանը եւս դասընթացի մասնակից է։ Դասընթացին մասնակցելով՝ նպատակ ունի շատ ավելին իմանալու երիտասարդներին ներգրավվելու մեխանիզմների մասին, ծանոթանալու նոր եւ ակտիվ երիտասարդների հետ՝ փորձելով գործակցության եզրեր փնտրել ու հարթակներ ստեղծել․ «Դասընթացի անցկացման մեթոդները շատ հետաքրքիր են եւ նոր։ Ինքս փորձում եմ հաճախ նաեւ լինել դասընթացավարի դերում, այնպես որ շատ սովորելու, յուրացնելու բան կա։ Այս օրերին դեռ փորձում ենք ծանոթանալ միմյանց գործունեությանը եւ համագործակցության եզրեր գտնել»։
 
«Միասնական Հրազդան» երիտասարդական կազմակերպությունը, որը գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում, դասընթացին ներկայացուցիչ եւս ունի՝ ի դեմս Արման Մհերյանի։ Վերջինս այս դասընթացին մասնակցում է, որպեսզի կարողանա ձեռք բերել գիտելիքներ եւ իր համայնքի զարգացման ծրագրերում դրա միջոցով նաեւ ակտիվ ներգրավվածություն ունենա․ «Դասընթացը նաեւ կապեր հաստատելու համար լավ առիթ է։ Այստեղ ծանոթացել, շփվել եմ շատ առաջադեմ երիտասարդների հետ, որոնք փորձում են իրենց համայնքներում նպաստել փոփոխություններին, ակտիվ գործունեություն իրականացնել։ Ինքս եւս փորձում եմ որոշակի փոփոխություն բերել այն համայնքում, որտեղ գործունեություն ենք ծավալում»։
 
«50/50» դասընթացը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Եվրոպական խորհրդի Երիտասարդական վարչության համագործակցության արդյունքն է։ Դա է պատճառը, որ ծրագրին մասնակցում են նաեւ Երիտասարդական վարչության ներկայացուցիչներ Բուդապեշտի Եվրոպական երիտասարդական կենտրոնից։ Նրանք բերել են իրենց փորձը եւ պատրաստ են համագործակցության արդյունքում առաջարկությունների փաթեթ մշակել։
 
«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ծրագրերի եւ մոնիթորինգի իրականացման բաժնի պետ Նելլի Գիշյանը վստահություն հայտնեց, որ «50/50» դասընթացը միավորող լավ հարթակ է պետական ոլորտի այն ներկայացուցիչների համար, որոնք ակտիվ ներգրավվածություն ունեն եւ մասնակցում են երիտասարդական ոլորտում որոշումների կայացման գործընթացներին. «Պետական մարմինների ներկայացուցիչները հենց այս դասընթացի շրջանակում կարող են հանդիպել երիտասարդական աշխատողների, երիտասարդական ՀԿ-ների ակտիվի հետ, համատեղ մշակել, գուցե հետագայում նաեւ իրականացնել միասնական նախագծեր։ Նպատակ ունենք «50/50» ուսումնական դասընթացի շրջանակում մասնակիցներին տեղեկացնել պետական երիտասարդական քաղաքականության մասին առկա ռեսուրսներին, փաստաթղթերին եւ դրանց կիրառելիության կարեւորությանը։ Վերջնարդյունքում մշակվելու է համատեղ նախագծի ու համագործակցության ընդլայնման առաջարկների փաթեթ»։
 
Առկա ռեսուրսներից մեկն ուսումնական դասընթացի 26 մասնակիցներին ներկայացրեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանի օգնական Արման Ազիզյանը։ Մասնակիցները տեղեկացան, որ վերջին տարիներին լայնածավալ աշխատանք է իրականացվել Երիտասարդական ուսումնասիրությունների ինստիտուտի կողմից, եւ եթե որեւէ ուսումնասիրություն է պետք, ապա կարելի է գտնել http://ystudies.am/ կայքում։
 
Հավելենք, որ ուսումնական դասընթացը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 10-ը: «50/50»-ը միավորել է 26 մասնակցի՝ ՀՀ գրեթե բոլոր մարզերից եւ մայրաքաղաք Երեւանից:  

Պատկերասրահ՝ «50/50» վերապատրաստման դասընթացը