Նյութը՝ ՎՎՀ Նոյեմբերյանի տարածքային ծրագրի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Նոյեմբերյանի տարածքային ծրագրի գրասենյակից
Տեղադրվել է 02-11-2018
Երեխաների կարողությունները՝ ի նպաստ համայնքների
«Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպությունը շարունակում է երեխաների կարողությունների ու ներուժի զարգացմանն ուղղված ծրագրերը Հայաստանի մարզերում:
Տավուշի մարզում մի քանի տարի շարունակ իրականացված այդ ծրագրերի արդյունքում հարյուրավոր երեխաներ ու երիտասարդներ հզորացրել են իրենց հմտություններն ու գիտելիքները, իրականացրել համայնքային զարգացման նախագծեր: Տավուշի մարզի Բերդավան ու Հաղթանակ   համայնքներում երեխաների շահերի պաշտպանության նոր խումբ ձեւավորվեց, որի անդամները 14-15 տարեկան երեխաներ են: Խմբի անդամների ակտիվության աստիճանի եւ անհրաժեշտ կարողությունների հզորացման նպատակով Դիլիջանում անցկացվեցին «Շահերի պաշտպանություն եւ մասնակցություն որոշումների կայացման գործընթացում» եւ «Հիմնախնդրի վերլուծության եւ սոցիոլոգիական հետազոտության մեթոդները» դասընթացների շարքը: 

Երեխաներին ներկայացվեցին շահերի պաշտպանության սահմանումները, տարբեր մակարդակներում շահերի պաշտպանության նախաձեռնություններ իրականացնելու քայլերը, հիմնախնդրի բացահայտման եւ նպատակի սահմանման, շահագրգիռ կողմերի համախմբման, արդյունքի ձեւակերպումները: Խմբային աշխատանքների արդյունքում երեխաները բացահայտեցին նաեւ իրենց համայնքներում առաջնային լուծման հիմնախնդիրները, որոնք բազմազան էին: 

Ուսուցանվեցին նաեւ ծրագրի գաղափարի, կարիքների վերհանման, դրանց գնահատման ու հիմնախնդրի ձեւակերպման, վերլուծության, ծրագրի պլանավորման, ինֆորմացիայի հավաքագրման մեթոդների /քանակական ու որակական/, հարցաթերթ պատրաստելու սկզբունքների ու ձեւաչափի մասին: 

Խմբերն իրենց համայնքներում արդեն բացահայտված հիմնախնդիրների ավելի հանրային հետազոտման նպատակով կազմեցին հարցաթերթիկների տարբերակները: 14-ամյա Էմմայի կարծիքով՝ ծրագիրն իր համար նոր ընկերներ գտնելու եւ նոր հմտություններ ստանալու հնարավորություններ է ընձեռել. «Շատ լավ տպավորություններ ունեմ։ Նոր ընկերներ ձեռք բերեցի եւ առաջին անգամ իմացա անձի շահերի պաշտպանության գաղափարի մասին, հասկացա դրա բովանդակությունն ու իրականացման քայլերը»։ 

Ծրագրի շրջանակում կշարունակվեն վերապատրաստման դասընթացները, որոնց կհաջորդեն գիտելիքներն ու կարողությունները գործնականում կիրառելու քայլերը: 

Նորաստեղծ երիտասարդական խումբը համայնքային ու մարզային քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվի նաեւ որոշում կայացնողների ու հանրության շրջանակներին: