Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-11-2018
Մեկնարկեց Երեւանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնը
Նոյեմբերի 1-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում «Ըստ մեր քաղաքի կանոնադրության (Չափն ընդդեմ Չափի)» ներկայացմամբ մեկնարկեց Երեւանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնը:

«Ըստ մեր քաղաքի կանոնադրության» ներկայացումը բեմադրված է Վ. Շեքսպիրի «Չափն ընդդեմ Չափի» պիեսի հիման վրա, որը գրվել է 1603 կամ 1604 թ.: Ի սկզբանե կոմեդիա համարվող պիեսը 20-րդ դարում ստացել է «պրոբլեմատիկ պիես» բնորոշումը: 

Շեքսպիրյան փառատոնի տնօրեն, «Ըստ մեր քաղաքի կանոնադրության /Չափն ընդդեմ Չափի/»  ներկայացման ռեժիսոր Կարո Բալյանը հանդիսատեսին հիշեցրեց փառատոնի շրջանակում բեմադրվող ներկայացումների ժամանակացույցը, ապա շեշտեց. «Փառատոնի արմատներն իրականում ձգվում են մինչեւ խորը ժամանակներ՝ սկսած Սիրանույշից, շարունակվելով Փափազյանով… Ամենամյա այս փառատոնով փորձում ենք պահպանել շեքսպիրյան ավանդույթները: Թե ինչպես է ստացվում, 13 տարի անընդմեջ ասում է հանդիսատեսն իր ներկայությամբ եւ գնահատականով»: 

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպված Երեւանի Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 5-ը:

Փառատոնը հյուրընկալել է 5 երկրներից ժամանած ավելի քան 90 մասնակիցների եւ հյուրերի՝ արվեստագետների, միջազգային փառատոների նախագահների՝ ԱՄՆ-ից, Մակեդոնիայից, Իտալիայից, Սանկտ Պետերբուրգից: 

Ի թիվս այլ ներկայացումների՝ փառատոնի շրջանակում  կբեմադրվեն նաեւ Բիտոլայի ազգային ակադեմիական թատրոնի «Անտոնիո եւ Կլեոպատրա», «Օթելլո», ԱՄՆ-ի «Լիթ Մուն» թատերական ընկերության «Հուլիոս Կեսար», «Ռիչարդ 3-րդ», Սանկտ Պետերբուրգի «Սուբբոտա» թատրոնի «Ոչնչից մեծ աղմուկ» ներկայացումները: Բացի վերջինից՝ արտասահմանյան բոլոր ներկայացումների մուտքն ազատ կլինի:  

Նշենք, որ Երեւանի Շեքսպիրյան միջազգային փառատոնը, որի հիմնադիրը Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանն է, առաջին անգամ անց է կացվել 2005 թ.-ին: 

Պատկերասրահ՝ Շեքսպիրյան 13-րդ միջազգային թատերական փառատոնի մեկնարկը