Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հասմիկ Գյոզալյանի
Տեղադրվել է 28-10-2018
«Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ». կրթություն ստանալու իրավունքը չի՛ կարող սահմանափակվել բանտի պատերի ներսում
Հոկտեմբերի 27-ին Սերգեյ Փարաջանովի թանգարանում տեղի ունեցավ «Ստեղծարար անԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ» միջոցառումը, որի նպատակն էր հանրության ուշադրությունը սեւեռել անազատության մեջ գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման խնդրի վրա:
Ներկա էին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը, փոխնախարար Սուրեն Քրմոյանը, ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: 

Միջոցառումը Գերմանիայի Դաշնության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ կազմակերպվել էր «Դի-ՎԻ-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագրի շրջանակում: 

«Դի-ՎԻ-Վի ինթերնեյշնալի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Էսթեր Հակոբյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ թեպետ կազմակերպությունը շուրջ 15 տարի ՀՀ-ում ոչ ֆորմալ կրթական ծրագրեր է իրականացրել, սակայն անազատության մեջ գտնվող անձանց կրթության ոլորտում սա առաջին նախաձեռնությունն է. «Փորձում ենք Բելառուսի, Մոլոդովայի, Ուկրաինայի, Ուզբեկստանի մեր գործընկեր կազմակերպությունների հետ հոկտեմբեր ամսին այս խնդրի վրա ուշադրություն հրավիրել: Հոկտեմբերի 13-ը Բանտային կրթության միջազգային օրն էր: Այդ օրվան է նվիրված նաեւ այս միջոցառումը»: 

Գլխավոր նպատակներից մեկը հանրությանն իրազեկելն է խնդրի մասին: Միջոցառման կազմակերպիչներն իրազեկման յուրօրինակ եղանակ էին ընտրել՝ ներկայացնելով անազատության մեջ հայտնված գրողների պատկերներով ստենդ բացիկներ՝ բանտում գրված ստեղծագործություններից մեջբերումներով. «Մեր երկրում խնդիրները շատ են: Մարդիկ կարող են ասել՝  կրթության ոլորտի ոչ բոլոր հարցերն են լուծված, որպեսզի սկսենք մտածել բանտում կրթության իրավունքի իրացման մասին։ Դա է պատճառը, որ մենք անդրադարձել ենք հայտնիներին, որոնք այս կամ այն պատճառով հայտնվել են բանտերում: Ներկայացրել ենք հայ մեծանուն գրողներին՝ Չարենց, Մահարի, Կամսար, մինչեւ  Բրոդսկի, Սերվանտես… 15 այսպիսի անուններ: Մենք փորձում ենք այս արտահայտչամիջոցով խոսել այն մասին, որ ազատության, թե անազատության մեջ մարդը պետք է հնարավորություն ունենա կրթվելու, ստեղծագործելու»: 



Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը նշեց, որ խնդիրը չափազանց կարեւոր է, թեպետ մեզանում հազվադեպ են անդրադառնում դրան: Նա խոսեց նաեւ Փարաջանովի բանտային տարիների մասին՝ նշելով. «Փարաջանովի կյանքի մի մասն անազատության մեջ է անցել, բայց նա ամենաազատ մարդն էր: Ազատությունը մարդու ներսից է»:

ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը եւս կարեւորեց խնդրի վերաբերյալ քննարկումները. «Ինչո՞ւ են մարդիկ բանտարկվում: Դա պատիժ է որեւէ վատ արարքի համար, իհարկե, նաեւ մարդկանց  տեղաշարժի սահմանափակում է, որպեսզի նույն արարքը չկրկնեն: Արդեն մի քանի տասնամյակ է՝ պարզել ենք, որ կան պատժամիջոցների այլ տեսակներ եւս: Ամենակարեւորն էլ այն է, որ բանտարկյալներին կարողանանք կրկին վերադարձնել հասարակությանը: Այդ գործում շատ կարեւոր է նրանց շարունակական կրթության եւ արվեստի ու մշակույթի հետ շփվելու հնարավորությունը: Մենք չպետք է մոռանանք մարդու հիմնարար իրավունքների մասին: Կրթություն ստանալու իրավունքը չի՛ կարող սահմանափակվել բանտի պատերի ներսում»:  

Ելույթ ունեցան նաեւ ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն ու ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը: 

Փորձագետ Գայանե Միքայելյանը ներկայացրեց «Հանուն մարդու իրավունքների. կրթությունը բանտերում» ծրագիրը, ապա Արտակ Զեյնալյանին խնդրեց, որպեսզի անազատության մեջ հայտնված մեծերի լուսանկարներով ստենդը տեղ գտնի քրեակատարողական հիմնարկներից մեկում: Այնուհետեւ թանգարանի ցուցադրության եւ հանրահռչակման բաժնի վարիչ Ա. Միքայելյանը ներկայացրեց դասախոսություն՝ «Սերգեյ Փարաջանովի բանտային արվեստը» խորագրով: 

Միջոցառման ավարտին տեղի ունեցավ Սերգեյ Փարաջանովին նվիրված «Իզոլացիա» գրքի շնորհանդեսը: Գիրքը 2018 թ.-ին կազմվել ու հրատարակվել է թանգարանի կողմից եւ ներառում է Փարաջանովի բանտային տարիներին՝ 1974-1977 թթ. գրված շուրջ 240 նամակներ, դատական որոշումներ, այլ փաստաթղթեր: