Նյութը՝ «ՅունիԳրոուֆ» զարգացման կենտրոնից
Լուսանկարները՝ «ՅունիԳրոուֆ» զարգացման կենտրոնից
Տեղադրվել է 27-10-2018
Դիլիջանում կայացավ երիտասարդական փոխանակման ծրագիր
Հոկտեմբերի 8-17-ը Դիլիջանում կայացավ «DigiDialogue in Multicultural Communities» երիտասարդական փոխանակման ծրագիրը։

Ծրագիրը կազմակերպվել էր «ՅունիԳրոուֆ» զարգացման կենտրոնի կողմից: Ծրագրին մասնակցում էին 30  երիտասարդներ 6 երկրներից (Գերմանիա, Իտալիա, Էստոնիա, Վրաստան, Հայաստան, Ուկրաինա): Նպատակը բազմամշակույթ համայնքներում երիտասարդների սոցիալական ներառումն էր: 

Աշխատանքային հագեցած 8 օրերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտելու մասնակից երկրներում փախստականների, տարհանված մարդկանց եւ միգրանտների հետ կապված իրավիճակը, ինչպես նաեւ անմիջական տեղեկություն ստանալ հենց մասնակիցներից,  որոնցից ոմանք վերոհիշյալ խմբերին էին պատկանում: Ծրագրի մյուս կարեւոր մասն էին միջմշակութային հաղորդակցման հմտությունների զարգացումը եւ ժամանակակից տեղեկատվական գործիքներ կիրառելու հմտությունների զարգացումը համայնքային տարբեր խնդիրներ բարձրաձայնելու եւ լուծումներ գտնելու գործում: 

Հարկ է նշել, որ ծրագրի ավարտին մասնակիցները ստեղծեցին իրենց տեսահոլովակները, որտեղ բարձրաձայնում են իրենց համայնքներում եւ երկրներում առկա խնդիրները ծրագրի թեմայի շրջանակում:

Փոխանակումը ֆինանսավորվել էր Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի կողմից: