Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-10-2018
«EducationUSA». ԱՄՆ-ում կրթություն ստանալու նոր հնարավորություններ
Հոկտեմբերի 25-ին Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների «EducationUSA» հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «EducationUSA» ամենամյա կրթական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի նպատակն էր մեկ հարկի տակ համախմբել ԱՄՆ տարբեր համալսարանների ներկայացուցիչներին եւ ԱՄՆ-ում կրթություն ստանալու ցանկություն ունեցող հայ ուսանողներին իրենց հուզող հարցերի պատասխանները եւ  բուհերի մասին առաջնային տեղեկատվություն ստանալու հնարավորություն ընձեռել: 

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի պատասխանատու Ռոբ Անդերսոնը՝ մասնավորապես նշելով. «Ուզում եմ խոսքս ուղղել այստեղ գտնվող ուսանողներին եւ ասել՝ դուք այսօր շատ բախտավոր եք, քանի որ այստեղ ներկա են ամերիկյան տարբեր բուհերի ներկայացուցիչներ, որոնք եկել են Հայաստան՝ համալսարանների վերաբերյալ ձեզ ճշգրիտ տեղեկություններ հաղորդելու: Օգտվե՛ք այդ հնարավորությունից, ստացե՛ք բազմակողմանի տեղեկատվություն ձեզ հետաքրքրող համալսարանների վերաբերյալ: Այսօր ձեր օրն է: Մենք ցանկանում ենք, որ դուք կրթություն ստանաք ԱՄՆ-ում: Դա երկկողմանի առավելություն է. կճանաչեք մեր մշակույթը, կիմանաք, որ մենք եւս հյուրասեր ժողովուրդ ենք, ինչպես նաեւ կզարգացնեք անգլերենի ձեր իմացությունը»:

«EducationUSA» կրթական խորհրդատու Շուշաննա Աբովյանը Eritasard.am-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 9 ամերիկյան համալսարանների պաշտոնական ներկայացուցիչներ.  «Ուսանողներն անմիջապես ԱՄՆ համալսարանների ներկայացուցիչներին իրենց հարցերն ուղղելու հնարավորություն ունեն, ինչը չափազանց կարեւոր է: Ամերիկյան համալսարանական կրթությունը բավականին բարդ է օտարերկրյա ուսանողների համար, քանի որ կրթական համակարգն ապակենտրոնացված է: Այսինքն՝ եթե ուսանողը գտնում է կոնկրետ համալսարանի մասին որեւէ  տեղեկատվություն, պարտադիր չէ, որ այն տարածվի նաեւ այլ բուհերի վրա: Այդ առումով անմիջական շփումն արդյունավետ է. ուսանողներն ավելի հեշտ են կողմնորոշվում իրենց ընտրության մեջ»: 

Շուշաննա Աբովյանը տեղեկացրեց, որ կրթական ցուցահանդեսները՝ որպես այդպիսին, իրականացվել են տասը տարուց ավելի, սակայն նման ձեւաչափով, երբ ամերիկյան համալսարանների պաշտոնական ներկայացուցիչները  տարածաշրջանային այց են կատարում, ցուցահանդեսը 7-րդն է: Այս տարի մասնակից համալսարանների թիվն ավելացել է 3-ով: 

Հայ ուսանողների կողմից ամերիկյան բուհերում կրթություն ստանալու հետաքրքրությունը մեծ է: 

«Այս պահին ունենք առցանց գրանցված 1100 ուսանող: Իսկ առհասարակ, ըստ վիճակագրական տվյալների, 2016-2017 ակադեմիական տարում բակալավրիական, մագիստրոսական, հետբուհական պրակտիկայում եւ կարճաժամկետ ծրագրերում կրթություն ստացող հայ ուսանողների թիվը 280 է»,- հավելեց Շուշաննա Աբովյանը: 

Հայ ուսանողներն ավելի շատ դիմում են Կալիֆորնիայում տեղակայված համալսարաններ, սակայն նրանք ներկայացված են 41  նահանգներում եւ Վաշինգտոնում: 

Նշենք, որ այս տարի «EducationUSA» ամենամյա կրթական ցուցահանդեսին մասնակցում էին ԱՄՆ Բոյս, Կալիֆորնիա Լոնգ Բիչ, Միներվա, Վիսկոնսին, Սան Դիեգո, Հարավային Սեաթլ, Վալդոստայ, Ռայթ եւ Հայաստանի ամերիկյան համալսարանները: Ցուցահանդեսին իրենց ծրագրերն էին ներկայացնում նաեւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տեղեկատվական ռեսուրսների կենտրոնը եւ հյուպատոսական բաժինը, Երեւանի ամերիկյան անկյունը եւ Ամերիկյան խորհուրդները: 

Պատկերասրահ՝ «EducationUSA» ամենամյա կրթական ցուցահանդես