Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-10-2018
Երգ, պար ու բարձր տրամադրություն Ալեքսեյ Չումակովի երեւանյան համերգին
Հայկական արմատներով ռուս սիրված երգիչ, երաժիշտ Ալեքսեյ Չումակովը հոկտեմբերի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես եկավ համերգով:

Չումակովը Երեւանում ներկայացրեց իր «Небо в твоих глазах» ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի «Fashion New Year Awards 2018»-ի արդյունքներով:

Մինչ Հայաստան գալն արտիստը փաստում էր, որ երկար է սպասել հայ հանդիսատեսի հետ իր հանդիպմանը: Երկար սպասված հանդիպումը լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցավ Երեւանի տոնի օրը: Համերգային երեկոյի ընթացքում արտիստը ներկայացրեց իր հիթերը՝ «Небо в твоих глазах», «Песня о любви», «Девочка, девушка, женщина», «Если бы знать зачем», «В заметки», «Тут и там» եւ այլ ստեղծագործություններ: Համերգի կեսն էլ չէր անցել՝ Չումակովն առաջարկեց բոլորին պարել՝ այդպիսով էլ ավելի անմիջական մթնոլորտ ստեղծելով դահլիճում: 

«Ես եւ այն երաժիշտները, ովքեր ինձ հետ աշխատեցին համերգի ընթացքում, երջանիկ ենք, քանի որ մեզ շատ հրաշալի ընդունեցին: Այնքան ջերմ եւ հարազատ ընդունելություն էր, հուսով եմ` մենք էլ հանդիսատեսին երջանկացրինք»,- համերգից հետո լրագրողների հետ զրույցում նշեց արտիստը: 

Հավելենք, որ Չումակովը բուլղարա-հայկական ծագմամբ ռուս երգիչ է, երաժիշտ, հաղորդավար, գրող, սցենարիստ, նկարիչ, ձայնային պրոդյուսեր։ Ծնվել է 1981 թ. Ուզբեկստանում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծննդով՝ Լեռնային Ղարաբաղից։ 2003 թվականին Չումակովը դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» երաժշտական ռեալիթի շոուի առաջին շրջանի մրցանակակիր։ 2013 թվականին ճանաչվել է ռուսական Առաջին ալիքի «Один в один!» հեռուստաշոուի առաջին շրջանի հաղթող։ 2014 թվականին ընդգրկված է եղել «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրվող այդ շոուի երկրորդ շրջանի ժյուրիի կազմում։ Այսօր արդեն հաջողված արտիստը բազմաթիվ համերգներով հանդես է գալիս Ռուսաստանում եւ տարբեր երկրներում:

Պատկերասրահ՝ Ալեքսեյ Չումակովի համերգը Երևանում