Նյութը՝ Նելլի Անդրեասյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-10-2018
Սարգիս Գոքորյանի ոսկե մրցանակն ու «Տանը մնացած»-ը
Երեւանում տեղի ունեցավ երիտասարդ գրող, հեռուստամեկնաբան Սարգիս Գոքորյանի «Տանը մնացած» անվանումը կրող գրքի շնորհանդեսը:
Միջոցառումը նախաձեռնել էին գրքի հեղինակն ու լեզվաբան, մանկավարժ Արսեն Վարդանյանը: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը մարդաշատ էր. ներկա էին գրողներ, մտավորականներ, ընկերներ, ընթերցասերներ: Գրքի գրականագիտական վերլուծությամբ հանդես եկավ նաեւ Համահայկական գրողների միության նախագահ, գրականագետ Աբգար Ափինյանը: Նա տեղեկացրեց, որ որոշում է կայացվել Սարգիս Գոքորյանին արժանացնել միության ոսկե մրցանակին, որը մինչ օրս շնորհվել է ընդամենը երկու գրողի, ովքեր Ռուսաստանի գրողների միության անդամներ են: Երրորդ մրցանակակիրը Սարգիս Գոքորյանն է։ Որոշումը կայացվել է միության անդամների համաձայնությամբ: 
 
Գրքի վերլուծությունը շարունակեց բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը: Նրա խոսքով՝ Սարգիս Գոքորյան արձակագրի հաջողության բանաձեւն իր գրածի հետ լիովին անկեղծությունն է, եւ, որ ոչ պակաս կարեւոր է, նա գրում է մեր հասարակության ամենացավոտ կողմերի մասին, հերոսները հենց մենք ենք՝ բոլորս՝ մեր խնդիրներով, ձեռքբերումներով, առանձնահատկություններով, ուժով եւ թերություններով: 


 
«Տանը մնացած» գրքի հեղինակն իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին, աջակիցներին շնորհանդեսի կայացմանն աջակցելու համար եւ հույս հայտնեց, որ գիրքը կսիրվի ընթերցասերների կողմից, քանի որ պատմությունը, լինելով իրական, շատ հարազատ է գրեթե բոլոր տարիքային խմբերին: 

Իր երրորդ գրքում հեղինակը պատմում է չամուսնացած մի աղջկա մասին, ով ամեն կերպ փորձում է հարմար փեսացու գտնել, սակայն հաջողության չի հասնում: «Տանը մնացած» բառակապակցության ընտրությունը գրողի կամքով չէ․ պարզապես պատմության մեջ լավագույնս նկարագրված են ոչ միայն հերոսուհու ապրումները, այլեւ նրա նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Ըստ հեղինակի՝ պատմության առանձնահատկությունն այն է, որ հերոսուհու կերպարի մեջ հնարավորինս առատ են ներկայացված այն աղջիկների ապրումները, ովքեր շտապում են ամուսնանալ, կամ պարզապես չի հաջողվում դա անել։ Բացի դրանից՝ գիրքը հատկապես հայ ընթերցողի համար է, որովհետեւ բազմաթիվ ակնարկներ կան մեր առանձնահատկությունների մասին, որոնցից մի քանիսը գրողը ենթարկում է խիստ քննադատության: 

«Տանը մնացած» գիրքը հատուկ թիրախներ չունի. գրքում առկա նկարագրություններն ու իրավիճակները ծանոթ են բոլորին եւ միեւնույն ժամանակ խիստ անծանոթ, քանի որ հեղինակին հաջողվել է լույս աշխարհ բերել նաեւ այնպիսի մտքեր ու ծանր ապրումներ, որոնք հաճախ խնամքով թաքցվել են: 



Գիրքը կստիպի վերանայել «Տանը մնացած» բառակապակցության գործածումն առհասարակ եւ վերջապես կպատասխանի մի շարք վաղուց անտեսված, բայց շատերի կյանքը կամ օրը փչացնող հարցերի: Գիրքն ընթերցելուց հետո գուցե այլեւս չհարցնենք՝ ե՞րբ ես ամուսնանում:

Միջոցառման ընթացքում հյուրերն ունկնդրում էին վաստակավոր դաշնակահար, Ստեփանավանի արվեստի դպրոցի դասատու Գայանե Պեպելյանի կատարումները:

«Տանը մնացած» գրքի շնորհանդեսներ են տեղի ունեցել նաեւ Վանաձոր, Գյումրի եւ Դիլիջան քաղաքներում: Ընթերցասերների հետ գրողի հաջորդ հանդիպումը կկայանա Ստեփանավան քաղաքում, իսկ գիրքն արդեն վաճառքում է: