Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-10-2018
«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը․․․»
Հոկտեմբերի 11-ին մայրաքաղաքում մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը՝ «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրեւ խաղաղության եւ բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում» թեմայով:
Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով դեռեւս նախօրեին Հայաստան էին ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի ուղեկցությամբ, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ այլ երկրների ղեկավարներ ու պատվիրակություններ: 

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում գագաթնաժողովին մասնակից պետությունների ղեկավարներին ողջունել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը:

Ելույթ են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Լիբանանի նախագահ Միշել Աունը, Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, այլք: 

Օրվա գլխավոր իրադարձություններից էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցելությունը Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Թանգարանում կատարած շրջայցից հետո Ֆրանսիայի նախագահը նաեւ գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Ծանր ապրումներով ու հուզմունքով ենք այսօր այստեղ: Ֆրանսիայի անունից ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր ընկան՝ «արեւն առած իրենց աչքերի մեջ», նրանց, ովքեր «միայն ապրել էին ուզում»: Ֆրանսիան Ցեղասպանությունը դեռ 1915 թ.-ին քողազերծել է մտավորականների կողմից: Եվ նա ընդունել է երեխաներին եւ ընտանիքներին, ովքեր փախչում էին Ցեղասպանությունից եւ ովքեր մեր ազգն ավելի պանծացրին:

Ֆրանսիան երբեք չի մոռանա եւ կպայքարի ճշմարտության ու ճանաչման համար: Այս տխուր խոնարհումը նրանց համար է, ովքեր ընկան: Մեր եւ գալիք սերունդների համար»:

ՀՀ ժամանած Բելգիայի Թագավորության վարչապետ Շառլ Միշելը եւս այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Օրն ամփոփվեց երեկոյան մայրաքաղաքի սրտում՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած  գալա-համերգով, որին ներկա էին նաեւ ֆրանկոֆոն պետությունների ղեկավարները: 

Համերգային ծրագիրը բաղկացած էր 3 մասից: Նախ շքեղ լուսային ու ձայնային հնարքներով, թատերականացված եւ պարային բեմադրություններով ներկայացվեցին հայոց պատմությունն ու մշակույթը՝ հին դարերից մինչեւ մեր օրերը: Ազդեցիկ էր հատկապես ՀՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանի ելույթը: Նա հնչեցրեց «Դլե յաման»-ը, որին անմիջապես հաջորդեց կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սուսերով պար»-ը՝ խորհրդանշելով որպես վերածնունդ: Բեմում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը: 

Այնուհետեւ իրենց ելույթներով հանդիսատեսին իսկական տոն պարգեւեցին աշխարհահռչակ ֆրանսիացի երգչուհի Զազը, ինչպես նաեւ Անժելիք Քիջոն, Մելոդի Գարդոն: 

Երրորդ հատվածն էլ ամբողջովին նվիրված էր Շառլ Ազնավուրին, նրա կյանքին ու հիշատակին:

Պատկերասրահ՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի գալա-համերգը