Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 11-10-2018
Գերվասիո Տարագոնա Վալիի․ «Ինձ շատ է հուզում նաեւ հայկական դուդուկի հնչողությունը»
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հոկտեմբերի 9-ին հանդես եկավ ճանաչված կլարնետահար Գերվասիո Տարագոնա Վալիի հետ (Ուրուգվայ):
Նվագախումբը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հայ ունկնդրին ներկայացրեց Կոպլենդի «Ապալաչյան գարուն» սյուիտը եւ Կոնցերտը կլարնետի ու լարային նվագախմբի համար (հայաստանյան պրեմիերա), ինչպես նաեւ Ռիխարդ Շտրաուսի Դուետ-կոնցերտը կլարնետի, ֆագոտի, տավիղի եւ լարային նվագախմբի համար, Ռաուլ Խաուրենայի «Պիացոլայի հիշատակին» ստեղծագործությունները:
 
Երեկոյի ընթացքում ներկայացվեցին նաեւ կոմպոզիտոր Աարոն Կոպլենդի երկու ստեղծագործություններ, որոնք Հայաստանում հնչեցին առաջին անգամ: 

«Մինչ այստեղ գալը լսել ու կատարել եմ Խաչատրյանի գործերից: Երբ սովորում էի Վենեսուելայում, մասնակցել էի մի համերգի, որին հնչել էր Հարությունյանի Շեփորի կոնցերտը: Պետք է ասեմ, որ ինձ շատ հուզում է նաեւ հայկական դուդուկի հնչողությունը: Ինձ համար դուդուկ եմ գնել, որպեսզի սովորեմ նվագել»,- նշում է երաժիշտը։

Ինչպես փաստում է նա, անհամբեր սպասում էր Կամերային նվագախմբի հետ հայաստանյան համերգին: 

Հավելենք, որ որպես մենակատար Գերվասիոն առաջին անգամ հանդես է եկել 19 տարեկանում՝ Ուրուգվայի ազգային նվագախմբի հետ կատարելով Կոպլենդի Կլարնետի կոնցերտը: Այնուհետեւ որպես մենակատար ելույթ է ունեցել Ուրուգվայի, Արգենտինայի, Վենեսուելայի առաջատար նվագախմբերի հետ՝ աշխատելով հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ:

Պատկերասրահ՝ Գերվասիո Տարագոնա Վալիի երևանյան համերգը