Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-10-2018
«ArmComedy» հաղորդման հաղորդավարներ Սերգեյն ու Նարեկը այցելել էին ԵՊՀ
«ArmComedy» հաղորդման հաղորդավարներ Սերգեյ Սարգսյանն ու Նարեկ Մարգարյանն այցելել էին ԵՊՀ՝ համալսարանականների հետ հումորից եւ ուսանողությանը հետաքրքրող տարբեր թեմաների մասին զրուցելու:
Հանդիպումը կազմակերպել էր ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ՈՒԽ-ի մշակույթի հանձնաժողովը:

Ուսանողների հետաքրքրության շրջանակը լայն էր՝ տղաների ուսանողական կյանքից, երազանքներից, անցած ճանապարհից մինչեւ հումորի եւ ծիծաղի նրանց առանձնահատկությունը: 



Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում համակուրսեցիներ Սերգեյն ու Նարեկը երկար ժամանակ այլ գործունեությամբ են զբաղվել: Ամեն ինչ սկսվեց դրսում ուսանողական տարիներին կատարած նկարահանումներից մեկի ժամանակ: Նրանց ունեցածը միայն մի մեծ տեսախցիկ էր եւ երիտասարդական ավյուն ու բազմաթիվ գաղափարներ:

Որոշեցին ինչ-որ բան նկարել ու ներկայացնել տարբեր հեռուստաընկերությունների, սակայն նրանք ինչ-ինչ պատճառներով այդ ժամանակ հեռուստաընկերություններին չհետաքրքրեցին: Այնուհետեւ մասնակցել են  «Ուրախների եւ հնարամիտների» տարբեր ակումբների, նաեւ տեսանյութեր են նկարել եւ տեղադրել youtube-ում: Հենց այդտեղից հանրությունը քիչ-քիչ սկսեց հետաքրքրվել նրանց հումորով:



Հյուրերն ուսանողներին պատմեցին «ArmComedy»-ի այն թողարկումների մասին, որոնք մեծ արձագանք են գտել ինչպես հայ, այնպես էլ միջազգային հանդիսատեսի կողմից: 

Ուսանողները հետաքրքրվեցին նաեւ համացանցի զարգացման միտումների եւ հեռուստատեսության արդիականության մասին: Հյուրերը նշեցին, որ համացանցն առավել ազատ եւ անկաշկանդ տիրույթ է, բայց հեռուստատեսության միջոցով ավելի արագ է հաղորդագրությունը տեղ հասնում համապատասխան մարդկանց. «Մեկ բան է, երբ քեզ ցուցադրում են համացանցով, բոլորովին այլ բան է, երբ քո մասնակցությամբ որեւէ դեպք կամ իրադարձություն մեկնաբանվում է հեռուստատեսությամբ: Եվ հետո գալու է մի ժամանակ, երբ երկուսի սպառումն էլ հավասարաչափ է դառնալու»:



Նշենք, որ բացի հարցուպատասխանից՝ հանդիպման ընթացքում կազմակերպվել էին տարբեր խաղ-մրցույթներ: