Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հասմիկ Գյոզալյանի
Տեղադրվել է 08-10-2018
Արթուր Միլլերի պիեսները լույս են ընծայվել հայերեն թարգմանությամբ
Հոկտեմբերի 6-ին «Զանգակ» գրատանը տեղի ունեցավ 20-րդ դարի ամերիկյան դրամատուրգիայի խոշոր ներկայացուցիչներից մեկի՝ ակնարկագիր, սցենարիստ, լրագրող Արթուր Միլլերի պիեսների ժողովածուի շնորհանդես-քննարկումը:
Գիրքը լույս է տեսել թատերագիր Հասմիկ Սեյմորի թարգմանությամբ: Հատկանշական է, որ նշանավոր դրամատուրգի ստեղծագործություններն առաջին անգամ են լույս ընծայվում հայերենով: 

Գրքում ընդգրկված են Միլլերի վաղ շրջանի հանրահայտ չորս ողբերգությունները՝ «Բոլոր իմ որդիները» (1947 թ.), «Վաճառողի մահը» (1949 թ.), «Սալեմի դատավարությունը» (1953 թ.) եւ «Տեսարան կամուրջից» (1955 թ.) թատերգությունները, որոնք հեղինակին նաեւ միջազգային ճանաչում են բերել: 

Միջոցառման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին լեգենդար Շառլ Ազնավուրի հիշատակը: 



«Սա ես համարում եմ ոչ թե իմ թարգմանությունների շնորհանդեսը, այլ Արթուր Միլլերի ուշացած մուտքը հայ գրականություն,- նշեց Հասմիկ Սեյմորը, ապա հավելեց,- Միլլերը  դասական համարվող հեղինակ է: 1950-ականներից նրա պիեսները բեմադրվում են, արժանացել է հեղինակավոր մրցանակների: Կասկածից վեր է, որ նրա ստեղծագործություններն արժեքավոր են, եւ այս թարգմանությամբ եւս դրանք ինչ-որ նժարի վրա դնելու փորձ  չի արվել: Պարզապես ուզում եմ շեշտել, որ Միլլերը  Յուջին Օ'Նիլի եւ Թեննեսի Ուիլյամսի հետ համարվում է ամերիկյան երեք խոշոր դրամատուրգներից մեկը: Նրանք գլուխգործոցներ են ստեղծել, որոնք պիտի տեղ գտնեն թատերական խմբերի խաղացանկերում»: 

Միլլերի ստեղծագործություններն այսօր էլ արդիական են, դրանք շարունակում են ներկայացվել աշխարհի տարբեր բեմերից: Նրա դրամաներն արժանացել են «Թոնի» թատերական եւ «Փուլիթցեր» գրական հեղինակավոր մրցանակներին: 
Բանաստեղծ, գրականագետ, բ.գ.դ., պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը ներկայացրեց Միլլերի ստեղծագործությունները, ապա շնորհավորեց թարգմանչուհուն՝ կարեւորելով հատկապես հայրենիքից հեռու գտնվելու պարագայում նման աշխատանք ներկայացնելը: 



Երեւանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Երնջակյանը նշեց, որ միշտ ցանկացել է բեմադրել «Վաճառողի մահը» պիեսը, սական ինչ-ինչ պատճառներով հետաձգվել է. «Հիմա, երբ կա պիեսների թարգմանությունը, կարծում եմ՝ ժամանակն է, որ Միլլերը գա Հայաստան»: 

Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն էլ նշեց, թե սխալ է այն տպավորությունը, որ Միլլերի դրամաները Հայաստանում չեն բեմադրվել:  

Նրա խոսքով՝ բեմադրվել է 5-6 պիես․ դրանցից 2-ը՝ մայր թատրոնում, իսկ «Սալեմի դատավարությունը»՝ Սոս Սարգսյանի եւ Վարդուհի Վարդերեսյանի հրաշալի դերակատարմամբ: 



Հանդիպման ընթացքում ներկայացվեցին դրամատուրգի կյանքի հետաքրքիր դրվագները, մասնավորապես՝ ամերիկյան կինոդերասանուհի Մերիլին Մոնրոյի հետ ամուսնությունը: 1950-ականներին Միլլերը հանդիպում է արդեն ճանաչում ձեռք բերած Մոնրոյին: 1956 թ.-ին նրանք ամուսնանում են: Շատերը գտնում էին, որ այն, ինչ կապում էր Միլլերին ու Մոնրոյին, սեր չէր, քանի որ հնարավոր չէ լինել այդքան տարբեր եւ սիրել միմյանց, մինչդեռ Միլլերը հարցազրուցներից մեկում նշել է. «Մենք իրար նման ենք, քանի որ հոգու խորքում միայնակ ենք»: Հատկանշական է, որ Միլլերը 1956-1961 թթ.-ին՝ այն ժամանակահատվածում, երբ Մոնրոյի հետ ամուսնացած է եղել, գրեթե չի ստեղծագործել: 

Ի դեպ, ըստ որոշ չհաստատված տեղեկությունների, Արթուր Միլլերը եղել է նաեւ Հայաստանում: