Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 07-10-2018
Գույն, երաժշտություն, համեղ ուտեստներ եւ անմոռանալի ժամանց․ Ֆրանկոֆոնիայի ավանը բաց է
2018 թվականը հայ ժողովրդի համար հոբելյանական է համարվում:

Այս տարի նշում ենք Առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակը, մեր մայրաքաղաք Երեւանի 2800-ամյակը, ինչպես նաեւ վճռվեց, որ Ֆրանկոֆոնիայի 25-ամյակն այս տարի տեղի կունենա Երեւանում։

Այսօրվանից մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նախատեսված միջոցառումները։ eritasard.am-ի առաջին կայանն Ազատության հրապարակն էր, որտեղ բացազատվել է Ֆրանկոֆոնիայի ավանը: Առանձին տաղավարներով ներկայացված են այն երկրները, որոնք նախապես դիմել էին մասնակցության համար: Երկրները ներկայացրել են իրենց ավանդական եւ ժամանակակից մշակույթը։ Ավանը գործելու է գագաթնաժողովի օրերին՝ ժամը 12:00-20:00-ն: 

Կազմակերպիչներն արել են ամենայն հնարավորը՝ բոլոր տարիքի եւ խավի մարդկանց գոհացնելու համար։ Ավանում իրենց հետաքրքրությունը կգտնեն թե՛ մեծահասակները, թե՛ դպրոցականները, թե՛ մանուկները։

Ավանի տարածքում հավաքված է բեմ, որտեղ օրվա ընթացքում ներկայացվում են մշակութային համարներ՝ հիփ-հոփից մինչեւ օպերա, երգ, պար, պերֆորմանսներ։

Eritasard.am-ի թղթակիցը շրջեց տաղավարներով եւ ծանոթացավ Հայաստան ժամանած երիտասարդների հետ։

Լը Շու Տուան Աֆրիկայից է, Հայաստանում ներկայացնում է կնոջ ձեռքի աշխատանքները՝ թեւնոցներ, վզնոցներ․ «Շատերին են հայտնի այս աշխատանքները, պատրաստված են բնական քարերով, գունեղ են։ Հայերին շատ են հետաքրքրում մեր աշխատանքները, միայն մեկ բանից են դժգոհ, ասում են՝ թանկ է»։

Լը Շու Տուան 40 տարեկան է, ասում է՝ ֆրանսախոսների համար Ֆրանկոֆոնիան անչափ կարեւոր է․ «Գիտեք, այնպիսի տպավորություն է, ասես հայերը բոլորին նման են, նրանք բոլորի հետ լեզու են գտնում, ծիծաղում, անկեղծ են շատ, սիրում եմ հայերին»։

Հաջորդ մեր կանգառը Դավթի տաղավարն է։ Երիտասարդ ձեռներեցը երկար ժամանակ է՝ զբաղվում է թեյերի արտադրությամբ, մասնակցության առաջարկը ստացել է Երիտասարդության եւ սպորտի նախարարությունից․ «Ավանը նոր է մեկնարկել, բայց արդեն բավականին վաճառք ունենք։ Նման միջոցառումները շատ կարեւոր են, փառատոների հետ  համեմատելով՝ պետք է նշեմ, որ այստեղ առաջընթացն առավել մեծ է։ Թեյերն իրոք հետաքրքրում են մարդկանց, հատկապես՝ արտերկրի մեր հյուրերին»։

Նունեն էլ կամավոր է, եկել է օգնելու հանրությանը թարգմանության գործում․ «Երկրորդ տարին է՝ մասնակցում եմ, անչափ գնահատում եմ հասարակ շփումը։ Նախորդ անգամ հրավեր ստացա այն երկրից, ում հետ աշխատում էի, օգնում էի նրանց գնումներ անել Հայաստանից, կապն ամրապնդվեց, այս անգամ էլ հույս ունեմ՝ նոր ծանոթություններ կլինեն»։

Հիշեցնենք՝ Ֆրանկոֆոնիան Հայաստան է բերել ավելի քան 80 անդամ պետությունների եւ կազմակերպությունների պատվիրակությունների, որոնց թվում՝ 25-ից ավելի պետությունների ղեկավարների: 

Պատկերասրահ՝ Ֆրանկոֆոնիայի տաղավարների բացումը