Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-10-2018
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ղեկավարումը վստահվեց տեղացի մասնագետին
Արմեն Գյուլբուդաղյանցը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, եւ թիմին կպատրաստի մոտակա երկու անչափ կարեւոր հանդիպումներին։

Հոկտեմբերի 13-ին եւ 16-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երկու անչափ կարեւոր հանդիպում։ Երեւանում Հայաստանի հավաքական նախ կհյուրընկալի Ջիբրալթարի, ապա Մակեդոնիայի ազգային հավաքականներին։

Առաջին՝ Ջիբրալթարի հավաքականին հանդիպելուց հաշված օրեր առաջ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն վերջապես հաստատել է, թե ով է լինելու հավաքականի ղեկին։ Արմեն Գյուլբուդաղյանցին վստահվել է լինելու Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Փորձառու մասնագետի մարզչական շտաբում ընդգրկվել են նաեւ Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը եւ Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ):

Հայաստանի Մ19 եւ Մ17 հավաքականների մարզչական շտաբերում եւս տեղի են ունեցել մի շարք փոփոխություններ։ Խզվել են պայմանագրերն արգենտինացի բոլոր մարզիչների հետ:

Մ19 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ոսկանյանը, իսկ ահա Մ17 հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը։ Թե ինչու են հեռացվել արգենտինացի մասնագետները, ոչինչ չի նշվել, սակայն կարծես թե ՀՖՖ նորակազմ գործկոմը չի պատրաստվում տեղացի մասնագետների փոխարեն վստահելու օտարերկրացիներին: