Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 05-10-2018
Երաժշտությունն ու ժամանակակից արվեստը մեկտեղվելու են
Արվեստը կարելի է նաեւ լսել, իսկ ձայնը՝ տեսնել. ահա թե ինչու է «Hass Fest»-ը ժամանակի ընթացքում ավելի հանրահայտ դառնում։
Հայաստանում հոկտեմբերի 7-ից 14-ը տեղի է ունենալու «Hass Fest» փառատոնը։ Այն յուրատեսակ նախաձեռնություն է, որն իր մեջ ներառելու է էլեկտրոնային երաժշտություն, տարբեր համերգներ, վարպետության դասեր փառատոնի հայ եւ օտարերկրյա մասնակիցների կողմից, ինչպես նաեւ VideoArt ինստալացիաների ցուցադրություն եւ այլ միջոցառումներ:
 
Փառատոնի կազմակերպիչները կարծում են, որ ներկայիս երիտասարդությունը հետաքրքրված է այն ամենով, ինչն առաջադեմ է, հնարավորություն է տալիս զարգանալու, կատարելագործվելու եւ ավելին ճանաչելու: Փառատոնը նպատակ ունի հնարավորություն տալ ծանոթանալու աշխարհի մի շարք պետություններից ժամանած արտիստների եւ խմբերի արվեստին:
 
«Hass Fest» (Hearing Art, Seeing Sound, հայերեն՝ «լսել արվեստը, տեսնել ձայնը») փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա Լոռի մարզի ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ» կենտրոնում՝ Children of Armenia Fund (COAF)-ի հետ համագործակցության շրջանակում: Ի դեպ, գործելու են անվճար ավտոբուսներ, որոնք փառատոնին մասնակցել ցանկացողներին Երեւանի կենտրոնից հոկտեմբերի 7-ին, ժամը՝ 15:00-ին կտեղափոխեն ՔՈԱՖ-ի «ՍՄԱՐԹ» կենտրոն, իսկ հետդարձը նախատեսված է նույն օրը 21:00-ին: Ավտոբուսներից օգտվելու համար հարկավոր է կանխավ լրացնել հայտը։
 
Փառատոնի բացման արարողությունը մեծամասշտաբ, բազմաշերտ, կլանող միջոցառում է լինելու՝ համատեղելով տեսասարքավորումների անցկացումը եւ արդիական արվեստի փորձարարական ներկայացումները՝ բազմաժանր արվեստագետների կատարմամբ։ Բացման միջոցառմանն իրենց ներկայությամբ «Hass Fest»-ի մասնակիցներին կուրախացնեն Նորվեգիայից, Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Նիդեռլանդներից եւ Վրաստանից ժամանած արտիստները։