Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 04-10-2018
«Լոնդոնյան եռանկյունի»-ն ցուցադրվեց «Հայ ֆեստ»-ի շրջանակում
Հոկտեմբերի 3- ին «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնի շրջանակում Ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ «Լոնդոնյան եռանկյունի» ներկայացման ցուցադրությունը։
Մինչ ներկայացման մեկնարկը ստեղծագործական թիմը հանդիպեց լրագրողների հետ եւ պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին։
 
Ռուսական դրամատիկական թատրոնում կայացած ասուլիսի բանախոսներն էին դերասաններ Ալեքսանդր Գալիբինը, Վադիմ Կոլգանովը եւ Ջուլիետա Գերինգը։

Ալեքսանդր Գալիբինը մեծ հաջողություն համարեց այն, որ ներկայացումը ցուցադրվել եւ սիրվել է տարբեր երկրներում։ Ինչպես վստահեցնում է Ա․Գալիբինը, սա մի պատմություն է, որն ընդունվում է հասարակության կողմից, ուստի հստակ տարիքային եւ թիրախային խմբերին չէ այն ուղղված։ «Լոնդոնյան եռանկյունի»-ն բոլորի համար է․ վստահեցնում է ստեղծագործական անձնակազմը։

Ներկայացումն անհավանական պատմություն է տարօրինակ հարաբերությունների մասին, որը զարգացել է երկու մտերիմ ընկերների եւ նրանց ընդհանուր սիրո՝ Նատալի Տուչկովայի միջեւ։ Պաշտոնապես լինելով Օգարյովի կինը՝ Նատալին Հերցենից երեք երեխա ունեցավ։ Ինքը՝ Տուչկվան, ով շատ ավելի երիտասարդ է իր երկու տղամարդկանցից, շատ արտասովոր անձնավորություն է, ում ճակատագիրը, այնուամենայնիվ, չխուսափեց ողբերգական ավարտից։

Ի դեպ, հեղինակը՝ Ալեքսանդր Ուգլովը, պիեսը գրել է իրական փաստերի հիման վրա, որոնք վերցրել է իրադարձությունների մասնակիցների օրագրերից եւ նամակներից։

Վադիմ Կոլգանովը եւ Ջուլիետա Գերինգը, ովքեր առաջին անգամ էին Հայաստանում, ընդգծեցին, որ դա այն ներկայացումներից է, որը չի ծերանում․ այն արդի է, սպասված եւ սիրելի։ Չնայած Վադիմ Կոլգանովը ստեղծագործական  կազմին միացել է փոքր-ինչ ուշ, բայց դա դերասանին չի խանգարել, որ ինտեգրվի ներկայացման մեջ եւ ամբողջությամբ զգա կերպարի բնավորությունն ու տեսակը։

Ներկայացումը սպասված էր նաեւ Հայաստանում, հատկապես՝ երիտասարդների շրջանում։ 150 րոպե տեւողությամբ  մելոդրաման արժանացավ հայ հանդիսատեսի ջերմ ծափահարություններին։