Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 02-10-2018
«Ազատ մամուլ-2018» մրցանակաբաշխության ներկայացուցիչները հանդիպեցին ապագա լրագրողների հետ
Հոկտեմբերի 1-ին աշխարհի առաջատար լրատվամիջոցների մի շարք ներկայացուցիչներ այցելեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ եւ հանդիպեցին ապագա լրագրողների հետ:
Հոկտեմբերի 1-ն առանձնահատուկ օր է ֆակուլտետի պատմության համար, քանի որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը հիմնադրվել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին: Հոբելյանական օրվա՝ ֆակուլտետի 19-ամյակի առթիվ այդ միջոցառումը կազմակերպվել էր ֆակուլտետի ուսանողական խորհրդի կողմից: 



Միջոցառման սկզբում ուսանողները ներկայացրեցին ֆակուլտետը, շրջանավարտներին, համագործակցությունը ԶԼՄ-ների եւ միջազգային կազմակերպությունների հետ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ով շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ եւ ողջունեց արտասահմանցի գործընկերներին: 



Ելույթով հանդես եկան նաեւ Օսլոյի «Fritt Ord» հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Քնութ Օլավ Ամասը, Արեւելյան Եվրոպայի հարցերով փորձագետ Մարտին Պաուլսենը: Հյուրերը, կարեւորելով խոսքի ազատությունը, խոսեցին տարբեր երկրներում լրագրողներին հանդիպող խոչընդոտների մասին:  



ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ էին այցելել «Ազատ մամուլ-2018» մրցանակաբաշխությանը մասնակցող աշխարհի առաջատար լրատվամիջոցների եւ կազմակերպությունների 20 ներկայացուցիչներ: Հայաստանից այդ հեղինակավոր մրցանակին արժանացել են  «Ա1+»-ը,  «Epress»-ը, լրագրողներ Մարիանա Գրիգորյանը, Էդիկ Բաղդասարյանը, Զարուհի Մեջլումյանը։



Ֆակուլտետի շրջանավարտ, «Ա1+»-ի գլխավոր խմբագիր Կարինե Ասատրյանը պատմեց, թե ինչպես են տեղեկացել մրցանակին արժանանալու մասին, եւ ինչպես է ընթացել մրցանակաբաշխությունը: 

Հանդիպման վերջում ուսանողներն իրենց հուզող հարցերը հղեցին փորձառու մասնագետներին եւ ստացան սպառիչ պատասխաններ:


 
«Ազատ մամուլ-2018» մրցանակաբաշխությունն անցկացվում է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը: Այն կազմակերպում են «Fritt Ord Foundation» նորվեգական եւ «ZEIT-Stiftung» գերմանական կազմակերպությունները: Կազմկոմիտեն մրցանակաբաշխության անցկացման վայր առաջին անգամ էր ընտրել Երեւանը: