Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 01-10-2018
«Մայրիկի օրագիրը». երբ մայրիկի հարցերին պատասխանում է փորձառու մայրիկը
Համացանցում Emily and Mommy անվամբ հայտնի մայրիկ Մերի Սարիկյանի առաջին գիրքն արդեն հրատարակվել է։


«Մայրիկի օրագիրը» գիրքը նախքան պաշտոնական շնորհանդեսին ներկայացնելը Մերին առաջինը ներկայացրել է իր մտերիմ ընկերուհիներին, որոնց շարքում են շոու բիզնեսում հայտնի մայրեր։ Սեպտեմբերի 29-ին էլ կայացած շնորհանդեսին ներկա էին մի շարք հետաքրքրասեր մայրիկներ։


 
Հղիության մասին իմանալուց հետո նա սկսել է հաճախել Մանհայմի ծնողների դպրոց, ուսումնասիրել մասնագիտական գրականություն։ Միաժամանակ սկսել է այդ ամենի մասին պատմել Ինստագրամում` հայտնվելով երիտասարդ մայրերի ուշադրության կենտրոնում․ «Իմ ներշնչման աղբյուրն իհարկե իմ Էմիլին է՝աղջիկս։ Իրականում հղիության շրջանն անչափ հետաքրքիր եւ կախարդական շրջան է՝ լի արկածներով, վերելքներով, անկումներով: Այնուամենայնիվ, այստեղ գերակշռողը դրականն է, քանի որ դա բացառիկ հեքիաթային իրողություն է յուրաքանչյուր կնոջ կյանքում։ Աղջկաս լույս աշխարհ գալուց հետո ամբողջ կյանքս կենտրոնացավ մեկ թեմայի վրա՝ երեխայի խնամք, նոր հոգսեր, ընտանեկան նոր կյանք։ Ուզում եմ ապագա մայրերին ասել, որ միայնակ չեն, գրեթե բոլորն ունենում են միանման մտահոգություններ եւ զգացմունքներ»։

Ինչպես շնորհանդեսի ընթացքում ընդգծեց հեղինակը, գրքում զետեղված են բրոշյուրներ հղիության ընթացքի եւ հղիությունից հետո ճիշտ մարզվելու, սննդակարգերի եւ այլ հարցերի վերաբերյալ։

300-ից ավելի էջ ունեցող գրքում Մերի Սարիկյանը ներդրել է իր սիրտն ու էներգիան. «Գրքում տեղ գտած պատմություններն իմ կյանքի կախարդական շրջանից են: Տարբեր գրառումներ անելով՝ փորձել եմ լինել ազնիվ ու անմիջական, ինչն ընթերցողը կզգա առաջին էջերից։ Այն ուղեցույց կլինի մայրերին, մի ամբողջ ճամփորդություն՝ հղիության առաջին օրվանից մինչեւ երեխայի տասն ամսականը»։

«Մայրիկի օրագիրը» հավակնում է դառնալ հանրագիտարան բոլոր մայրերի, առհասարակ կանանց համար: Մերիի հետ աշխատել են պրոֆեսիոնալ մասնագետներ՝ մանկաբարձ-գինեկոլոգ Տաթեւիկ Էվաջյանը, մանկաբույժ Արեւիկ Մոսինյանը, յոգայի մարզիչ Լենա Դավթյանը, սննդաբան Վարդանուշ Պետրոսյանը եւ Գերմանիայի Համբուրգ քաղաքի Ունիվերսիտետ-կլինիկումում աշխատող հայ մանկաբարձուհի Երմոնյա (Ռիմկենե) Սարգսյանը։

Գրեթե բոլոր ներկաները շտապեցին ձեռք բերել «Մայրիկի օրագիրը». ոմանց այն անհրաժեշտ էր, իսկ ոմանք էլ որպես ոսկե խորհրդի տետրակ գնեցին՝ ապագայում օգտվելու համար։