Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-09-2018
Yerevan Color Run. անցկացվեց տարվա ամենաուրախ եւ գունազարդ միջոցառումը
Երեւանում սեպտեմբերի 30-ին անցկացվեց ամենամյա Yerevan Color Run-ը՝ «Երեւանյան գունազարդ վազք» միջոցառումը: Այն 2015 թվականից մայրաքաղաքում անցկացնում է «Run Armenia» կազմակերպությունը:
Իրադարձության առաքելությունն է Հայաստանը երջանկացնել գունազարդ վազքի միջոցով:

Color Run-ը վազք-զվարճանք է, որը կազմակերպվում է աշխարհի 35 երկրներում, ներառյալ՝ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ավստրալիայոււմ, Բրազիլիայում, Կանադայում, Չիլիում, Չինաստանում: Սա վազք է, որտեղ մարզական պատրաստվածությունը նշանակություն չունի: Այս տարի Երեւանի ծննդյան 2800-ամյակի կապակցությամբ վազքուղու երկարությունը 5000 մետրի փոխարեն 2800 մետր էր: Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ եւս գունազարդ վազքին նախորդեց ֆիթնես նախավարժանքը:

«Run Armenia» նախագծի հիմնադիր-նախագահ Ղազար Հակոբյանը նշել է, որ ի սկզբանե նախաձեռնողների նպատակն էր Հայաստանում զարգացնել մասսայական սպորտն ու սպորտային տուրիզմը՝ նպաստելով նաեւ մարդկանց առողջ ապրելակերպին ու զբաղվելով բարեգործությամբ:

Նշենք նաեւ, որ այս տարի արձանագրվեց նաեւ հետաքրքիր դեպք, քանի որ վազքին միացավ նորապսակ մի զույգ: 

Վազքուղին առաջինը հաղթահարած երեք տղաներ եւ աղջիկներ ստացան նվերներ միջոցառման պաշտոնական հովանավորների կողմից:

Ավելի վաղ միջոցառման նախաձեռնողները նշել էին, որ այս տարի եւս միջոցառումն ունի բարեգործական ուղղվածություն: Վազքից ստացված հասույթի մի մասը հատկացվելու է  «Անի-Հայկուհի հիմնադրամ» բարեգործական ծրագրին, որն աշխատանքներ է իրականացնում Հայաստանում քաղցկեղի բուժման պրակտիկան բարելավելու նպատակով:

Պատկերասրահ՝ Երեւանյան գունազարդ վազք - 2018