Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-09-2018
Ֆրանկոֆոնիայի գալա-համերգին ելույթ կունենա երգչուհի Զազը. ի՞նչ գիտենք նրա մասին
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու գալա-համերգ, որի ժամանակ ելույթով հանդես կգա ֆրանսիացի հայտնի երգչուհի Զազը։ Այդ մասին սեպտեմբերի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը: Գալա-համերգի օրը դեռ հստակ չէ:
Այն հարցին, թե գալա-համերգին արդյոք ելույթ է ունենալու նաեւ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, դեսպանն ասել է, որ Ազնավուրը ներկա կլինի, թե ոչ, դա անակնկալ է։

Eritasard.am-ն առաջարկում է մինչ համերգը ծանոթանալ Զազի գործունեությանը: 

Իզաբելից՝ Զազ

Իզաբել Ժեֆռուան կամ նույն ինքը՝ Զազը, ֆրանսիացի երգչուհի է, երգահան, ով կարողանում է համադրել ջազային ժանրը ֆրանսիական տարբեր սոուլ եւ ակուստիկ ժանրերի հետ: Նա հայտնի է իր հիթային «Je veux» երգով, իր առաջին՝ «Zaz» ալբոմից, որը թողարկվել է 2010 թվականի մայիսի 10-ին։

Նրա մայրն իսպանացի ուսուցչուհի էր, հայրն աշխատում էր էլեկտրական ընկերությունում։ 1985 թվականին Զազն իր քրոջ եւ եղբոր հետ ընդունվեց Թոուրի կոնսերվատորիա։ Նա ուսումնասիրեց երաժշտության տեսությունը, մասնավորապես ջութակ, դաշնամուր, կիթառ եւ երգչախմբային երգեցողություն։ 1994 թվականին նա տեղափոխվեց Բորդո: Այնտեղ պրոֆեսիոնալ մարզչի հետ զբաղվել է կունգ ֆուով։

2000 թվականին տեղական մարզպետարանից Զազը շահել է կրթաթոշակ, որը նրան թույլ տվեց դառնալ ժամանակակից երաժշտության դպրոցի անդամ։ 2006 թվականին նա տեղափոխվում է Փարիզ:

Զազ. ճանապարհ դեպի հաջողություն

Նա մեկն էր «Izar-Adatz» խմբի 4 երգիչներից (բասկերենից «Ընկնող աստղ»)։ Մեծաքանակ խումբը կազմված էր 16 հոգուց, որոնց հետ նա 2 տարի մասնակցեց շրջագայությունների։ Աշխատել է Թոուլսի ստուդիայում որպես բեք վոկալիստ եւ երգել մի շարք երգիչների հետ, ինչպիսիք են Մաեսոն, Արթ Մենգոն, Վլադիմիր Մաքսը, Ժան-Պիեռ Մադերը, Էդուարդո Սանգուետին եւ Սերխիո Գուերաոն։

2010 թվականի մայիսին Զազը թողարկեց իր առաջին ալբոմը։ Նույն թվականի նոյեմբերին Զազի դեբյուտային ալբոմը դարձավ կրկնակի պլատինե եւ Չարլզ Կրոս ակադեմիայի կողմից արժանացավ «Բացահայտում երգ» մրցանակին։ Զազը նաեւ հաղթել է «Եվրոպան առանց սահմանների» մրցանակաբաշխությունում։ Նրան անվանել են ֆրանսիացի արտիստ, ում երգերը արտասահմանում 2010 թվականին ամենից շատ են հնչել։ Համաձայն արված ուսումնասիրության՝ Զազը ճանաչվել է 2010 թվականի ամենահայտնի ֆրանսիացի երգչուհի։ 

Ի դեպ, ֆրանսիացի երգչուհին համագործակցում է նաեւ լեգենդ Շառլ Ազնավուրի հետ: Առաջարկում ենք վայելել Զազի ու Ազնավուրի այս գեղեցիկ կատարումը: