Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-09-2018
Գրքի փառատոն՝ Կենդանաբանական այգում
Կենդանաբանական այգին ձեռնամուխ է եղել նոր միջոցառման՝ «Գրքի փառատոնի» կազմակերպմամբ՝ նվիրված ՀՀ անկախության տոնին:
Սեպտեմբերի 20-ին  Հայաստանում գործող հրատարակչությունները ներկայացրին իրենց եւ արտերկրի գործընկերների հրատարակած գրքերը, իսկ այցելուները հրատարակիչների առաջարկին ծանոթանալու, ընտրություն ու գնումներ կատարելու հնարավորություն ունեցան:

«Կենդանաբանական այգին տարիներ շարունակ զբաղվում է ոչ միայն կենդանիների պահպանությամբ, խնամքով եւ վերականգնմամբ, այլեւ մշտական ուշադրություն է դարձնում կրթական, հետազոտական, գիտական ծրագրերին, որոնք պարբերաբար իրականացվում են բազմաբնույթ միջոցառումների, էկո-ակումբների, թեմատիկ օրերի եւ տարբեր նախաձեռնությունների տեսքով»,- մեզ հետ զրույցում ընդգծեց այգու հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի պատասխանատուն։

«Անտարես» հրատարակչության տաղավարը, ինչպես միշտ, մարդաշատ էր, այդտեղ էին հավաքվել բազմաթիվ փոքրիկներ։ Կենդանիների լուսանկարներով, 3 d լուսանկարներով եւ «գազանիկների» մասին պատմող գրքերը մեծ հետաքրքրություն էին առաջացրել ինչպես փոքրիկների, այնպես էլ մեծահասակների շրջանում։

14 տարեկան Աննան, ով Մուշեղ Իշխանի անվան դպրոցի սան է, մեծ ոգեւորությամբ էր մասնակցում փառատոնին, իսկ միջոցառման մասին տեղեկացել էր սոցցանցերից։

«Անչափ հետաքրքիր է անցնում, իրականում եկա կենդանիներին կերակրելու ժամին մասնակցելու, սակայն մեկ օր առաջ տեղեկացա, որ այսօրինակ միջոցառում է լինելու, մայրիկս մեկ գիրք գնել է ինձ համար: Ցավում եմ, որ տաղավարներն են քիչ»,- մեզ հետ զրույցում նշեց Աննան։

Ի դեպ, այդ ամենից զատ՝ գրասերներն իրենց հետ բերել էին արդեն կարդացած գրքերը՝ դրանք սահմանամերձ բնակավայրերի գրադարաններին, դպրոցներին նվիրելու, ինչպես նաեւ զորամասեր ուղարկելու համար։ 

Պատկերասրահ՝  Գրքի փառատոն - 2018