Նյութը՝ Անուշ Դոլուխանյանի
Լուսանկարները՝ «Արցախպրես» լրատվական գործակալության
Տեղադրվել է 24-09-2018
Ամփոփվել են 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի աշխատանքները
Սեպտեմբերի 15-ին Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն» Հոթելի կոնֆերենս դահլիճում ամփոփվել են Արցախի երիտասարդ գիտնականների եւ մասնագետների միավորում (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց պետականության անցյալը, ներկան եւ ապագան» խորագրով 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովի աշխատանքները:

Գիտաժողովը նվիրված էր Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին եւ Արցախյան շարժման 30-ամյակին: 

Երկօրյա միջազգային գիտաժողովի աշխատանքների ընթացքի մասին ամփոփ տեղեկատվությամբ հանդես են եկել հինգ բաժանմունքների նախագահները՝ ներկայացնելով քանական եւ որակական ցուցանիշներ, իսկ վերջում հանդես եկել առաջարկություններով:

Տնտեսագիտության բաժանմունքի նախագահ, ԵՊՀ տնտեսագիտության եւ  կառավարման ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Սարգսյանն ընդգծել է թվով երրորդ միջազգային գիտաժողովի ավանդական ձեւաչափը, որտեղ երիտասարդ գիտնականների եւ մասնագետների հետ միասին նույն հարթակում ընդգրկվում է նաեւ ավագ սերունդը:

«Այսօր ունենք մի իրականություն, երբ ոլորտի 2-3 սերունդ հանդիպում է՝ գիտական հարթակում ոչ միայն քննարկելու նեղ հետազոտությունների եւ ուսումնասիրությունների արդյունքը, այլեւ փոխանակվելու փորձով: Այս երեւույթը ինքնին փաստում է, որ հայոց պետականության ներկան եւ ապագան վստահելի ձեռքերում են»,- ամփոփում է բաժանմունքի ղեկավարը:



«Զեկուցումներն ընդգրկում էին հայոց պատմության գրեթե բոլոր շրջափուլերն ու հարակից հիմնահարցերը` առանցքում ունենալով առավել արդիական խնդիրներ` ղարաբաղյան հիմնահարց, հայաստանյան զարգացումներ եւ այլն»,- պատմության բաժանմունքի աշխատանքների ընթացքն ակտիվ որակեց բաժանմունքի ղեկավար, ԵՊՀ սփյուռքագիտության ամբիոնի վարիչ, պ.գ.դ. Արման Եղիազարյանը` շեշտելով հատկապես երիտասարդների մեթոդական պատրաստվածությունը:

Քաղաքագիտության բաժանմունքի ղեկավար, ք.գ.դ. Խաչիկ Գալստյանըգիտաժողովը  պրակտիկ դարձնելու առաջարկով հանդես եկավ. «Այսպիսով հաջորդ տարիներին մեր կողքին կլինեն քաղաքական գործիչներ, որոշումներ ընդունողներ եւ´ ՀՀ-ից, եւ´ Արցախից, որոնք մեզ հետ միասին կմասնակցեն քննարկումներին: Վստահ եմ նրանք այդ քննարկումներից մեծ օգուտ կքաղեն»:

«Բաժանմունքային աշխատանքներում անդրադարձ է կատարվել պետականության տարբեր հիմնախնդիրների, սկսած իրավագիտակցության եւ Սահմանադրության մեկնաբանության հիմնախնդրից ավարտած քաղաքակրթական հասունացման համատեքստում դրա կարեւորությամբ»,- ասել է իրավագիտության բաժանմունքի համանախագահ ի.գ.թ., դոցենտ Տարոն Սիմոնյանը:

Թեմատիկ մի քանի ուղղվածությամբ աշխատանքներ կազմակերպած լրագրության, գրականագիտության, մանակավարժության եւ հոգեբանության բաժանմունքը մասնակիցների քանակով ամենափոքրն էր, ինչը մասնախմբի աշխատանքներն ամփոփած մասնակցի՝ Անուշ Դոլուխանյանի կարծիքով նաեւ առավելություն էր. «Մասնակիցների սեղմ քանակը այդ դեպքում առավելություն կարելի է դիտարկել այն առումով, որ բոլոր զեկուցումներին հաջորդել են հանգամանալից քննարկումներ բանավեճի ձեւաչափով»:



«Հաճելի է, որ տարեցտարի ավելանում է գիտաժողովի մասնակիցների թիվն ու աշխարհագրությունը: Եթե 2016թ. մասնակիցների թիվը 77 էր, ապա այս տարի 105, իսկ մասնակից երկրների քանակը` 7: Սա վկայում է այն մասին, որ աշխարհի տարբեր երկրների գիտնականներ եւ մասնագետներ հետաքրքրված են Արցախով եւ Արցախում տեղի ունեցող քննարկումներով, ինչպես նաեւ հավատում են Արցախի վաղվա օրվան ու միջազգային ճանաչմանը»,- մասնախմբային աշխատանքների ամփոփմանը հաջորդել է  գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ, ի.գ.թ., դոցենտ Ավետիք Հարությունյանիեզրափակիչ ելույթը, որից հետո բաժանմունքի ղեկավարներին եւ մասնակիցներին հանձնվել են մասնակցության հավաստագրեր: Գիտաժողովի շրջանակներում արտասահմանյան հյուրերին ընդունել եւ Արցախյան շարժման 30-ամյակի հուշամեդալներով պարգեւատրել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, ում հետ հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք կարեւոր հարցեր, որոնք մոտ ապագայում պետք է կյանքի կոչվեն:
 
Գիտաժողովի փակման արարողությունից հետո մասնակիցները ուղեւորվել են Հադրութի շրջան՝ մասնակցելու Տողի մելիքական ապարանքում կազմակերպված արցախյան գինու 5-րդ փառատոնին:

Գիտաժողովի մասնակիցների ճնշող մեծամասնությունը նշել է կազմակերպվածության բարձր մակարդակի մասին եւ հույն հայտնել, որ հաջորդ տարի կհանդիպեն արդիական գիտական հիմնախնդիրների քննարկման անփոփոխ վայրում` Արցախում:



Նշենք, որ գիտաժողովն իրականություն է դարձել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերինախարարության, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» եւ «Վալլեքս Գարդեն Հոթել» ՓԲԸ–ների ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաեւ Երեւանի պետական ու Ստեփանակերտի ՄեսրոպՄաշտոց համալսարանների համակազմակերպմամբ: