Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-09-2018
Ճառագրության նրբությունները՝ Վազրիկ Բազիլի մեկնաբանմամբ
Գերմանացի հայտնի ճառագիր Վազրիկ Բազիլը կրկին Հայաստանում է, եւ առիթը բաց չի թողել իր փորձը եւ ունեցած հմտությունները երիտասարդներին փոխանցելու՝ հանրային դասախոսության շրջանակում ԵՊՀ հանրային կապերի ոլորտում մասնագիտացվող ուսանողությանը հանդիպելով։
«Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ գերմանացի հայտնի ճառագիր, հանրային կապերի եւ հաղորդակցության ոլորտի մասնագետ, Գերմանիայի Սաքսոնիա նահանգի ներքին գործերի ռազմավարական PR-ի պատասխանատու Վազրիկ Բազիլը հանրային դասախոսություն կարդաց Երեւանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի  «PR եւ հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանողների եւ «PR դպրոց»-ի մասնակիցների համար: Չնայած լսարանը թիրախային էր, սակայն դասախոսությունը շարժել էր շատերի հետաքրքրությունը, ինչով պայմանավորված դահլիճում կային հանրային կապերի ոլորտի պատասխանատու ներկայացուցիչներ եւս։


 
«Հայկական PR ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ի ղեկավար, ԵՊՀ դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը ներկաներին հակիրճ ծանոթացրեց Վազրիկ Բազիլի կենսագրությունը՝ նշելով նաեւ, որ հայտնի ճառագիրը «Հայաստանի PR ասոցիացիայի» պատվավոր անդամ է ճանաչվել 2016 թ.-ին եւ «Հայկական PR մրցանակաբաշխության» մասնագիտական հանձնաժողովի նախագահն է. «Այս տարի եւս Վազրիկ Բազիլը համաձայնել է նպաստել Հայաստանում հանրային կապերի ոլորտում զարգացմանը՝ մասնակից դառնալով ամենամյա մրցանակաբաշխության աշխատանքներին»։
 
Ինքը՝ անվանի ճառագիրը, նշեց, որ լավ ճառն ամենեւին էլ պերճախոսությունը չէ. «Կարող է՝ անգրագետ խոսվի, բայց եթե համոզում է՝ ճառը լավն է»:


 
Վազրիկ Բազիլը դասախոսությունը սկսեց լսարանին ճառագրության մասին մի քանի պարզ հարց ուղղելով։ Ստանալով ներկաներից տարաբնույթ պատասխաններ իր հարցերի վերաբերյալ, փորձեց առավել հստակ ներկայացրել ճառագրության նպատակները՝ նշելով, որ հաճախ ճառը նույնանում է հաղորդակցության նպատակների հետ։ Անհարժեշտ է ճառի միջոցով տեղեկություն փոխանցել, կարծիք փոխել, դիրքորոշում ձեւավորել, գործողության մղել եւ որոշակի մշակույթ փոխել:
 
Անվանի ճառագիրը ներկաների համար առանձնացրեց լավ ճառ գրելու 5 քայլերը՝ հետազոտում, խոսքի դասակարգում, բանաձեւում, հիշողություն, հստակ արտաբերում: Բանախոսը լսարանի ներկայացրեց նաեւ մենախոսության կարեւորությունը՝ շեշտելով, որ շատ առաջնային է խոսելն ինքդ քեզ հետ, լինի դա շպարվելիս կամ անգամ շան հետ դրսում զբոսնելիս. «Մենախոսության ժամանակ գաղափարներ են ծնվում»:


 
Ըստ Վազրիկ Բազիլի՝ կախված ճառագրի որոշակի բառերի ընտրությունից կարելի է լսարանի մոտ վերաբերմունք ձեւավորվել ինչ-ինչ երեւույթների շուրջ: Կարեւորելով նաեւ լավ հիշողությունը՝ որպես հաջողակ ճառի մաս, գերմանացի ճառագիրը նշեց. «Հնում անվանի եւ հաջողակ հռետորներն իրենց խոսքի բովանդակությունը կապել են միջավայրի առարկաների հետ, այսինքն՝ տեսնելով, օրինակ, դուռը՝ հիշել են իրենց խոսքի սկիզբը, սեղանը եղել է խոսքի բովանդակության հիմնական մասը»:

Վազրիկ Բազիլը ելույթում նշեց նաեւ, որ ուրախ է, քանի որ ամեն անգամ Երեւան գալիս եւ Երեւանի պետական համալսարան այցելելիս նկատում է՝ շենքում ներդրումներ անելուց բացի, ներդրում է կատարվում նաեւ ուղեղի վրա, ինչը կարեւոր է եւ՛ Հայաստանի, եւ՛ մյուսների համար։ Ըստ հայտնի մասնագետի՝ ճառագիրների կարիք զգացվում է համարյա բոլոր ոլորտներում. «Նրանք անհրաժեշտ են ինչպես քաղաքական եւ տնտեսական թեմաներով ելույթներ, այնպես էլ մահախոսականներ եւ այլ արարողությունների համար տեքստեր գրելու ժամանակ»։



Բարձրաստիճան պաշտոնյաների համար, ըստ ճառագրի, նախընտրելի է, որ ելույթը պատրաստի մասնագետը՝ ճառագիրը։ Բացի ելույթ պատրաստելուց, նաեւ ներկայացնի, թե ինչպես է պետք այն մատուցել հանրությանը. «Ամենալավ ճառն այն է, երբ բանախոսը ազատ է խոսում, որովհետեւ դա հաղորդակցություն է ստեղծում լսողի հետ»։

Ակտիվ քննարկմամբ եւ հարցուպատասխանի ձեւաչափով կայացած դասախոսության ընթացքում Վազրիկ Բազիլը խոսեց նաեւ հանրային կապերի կարեւորության մասին՝ ներկայացնելով ապագա մասնագետներին հռետորական արվեստի՝ շարժուձեւի, ձայնի եւ խոսքի հետ կապված բազմաթիվ նրբություններ: Գերմանացի ճառագիրը խոստացավ հաջորդ տարի եւս այցելել Հայաստան եւ իր կուտակած փորձով քննարկում ունենալ հայաստանյան PR մասնագետների հետ։