Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-09-2018
Երիտասարդությունն ու Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները
Սեպտեմբերի 23-ին մայրաքաղաք Երեւանում կանցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ հնարավորինս երիտասարդացված եւ նոր դեմքերով:

Առանց քաղաքապետի եւ գործուն ավագանու մնացած մայրաքաղաք Երեւանը թեւակոխում է ակտիվ քարոզարշավային փուլ՝ հետեւում թողնելով առաջին շաբաթը: Քարոզարշավային փուլը կավարտվի սեպտեմբերի 21-ին: Այն մեկնարկել էր անցյալ շաբաթվա սկզբին՝ սեպտեմբերի 10-ին: Գրեթե երկու շաբաթ՝ ավելի ստույգ 12 օր շարունակ, մայրաքաղաքի՝ ավելի քան 853 հազար ընտրելու իրավունք ունեցող բնակիչ կլսի Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ մայրաքաղաքի զարգացման տեսլականը տարբեր ձեւաչափերով՝ հեռուստատեսությամբ, քաղաքի համայնքային բնակիչների հետ քարոզարշավային հանդիպումների, դռնեդուռ շրջող, քարոզչական գործառույթ իրականացնող կուսակցականների օգնությամբ, գովազդային վահանակներով...

Նախապես սահմանված էր, որ մինչեւ ս.թ. օգոստոսի 29-ը բոլոր քաղաքական ուժերը, որոնք կցանկանան մասնակցել արտահերթ ընտրություններին, պետք է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնեին գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր։ Նախապես հայտնի ժամկետում ԿԸՀ-ին փաստաթղթեր էր ներկայացրել 13 քաղաքական ուժ՝ 9 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք: Սպասվում էր, որ բոլորն էլ կմասնակցեն ընտրություններին, սակայն սեպտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ նախապես գրանցվածներից Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն կուսակցությունը փոշմանել է եւ հրաժարվում է ընտրություններին մասնակցել: Սա, սակայն, միակ անակնկալը չէր։ Որոշ ժամանակ անց էլ ինքնաբացարկ ներկայացրին նաեւ 3 տարբեր քաղաքական ուժի մեկական թեկնածու: Մինչեւ այժմ ինքնաբացարկ հայտարարած այլ թեկնածուներ չեն հայտնվել։ Այսպիսով՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին վերջնականում կմասնակցի 8 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Ընտրողը պետք է ընտրություն կատարի առկա 12 քվեաթերթիկներից։

Նկատելի է, որ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններում մեծ է երիտասարդ եւ նոր-նոր քաղաքական ուղի հարթող թեկնածուների թիվը: Սա առավելապես կարեւոր է՝ հասկանալու համար, թե ինչպիսին է լինելու ապագայում 2800-ամյա քաղաքի երիտասարդական քաղաքականությունը: Այս համատեքստում կարեւոր է, որ քաղաքական ուժերի քարոզչության ամենաակտիվ մասն են կազմում երիտասարդները՝ իրենց վրա վերցնելով իրազեկում իրականացնելու առաջնահերթությունը:

Այբբենական կարգով անդրադառնանք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների մասնակից 12 ուժերին եւ փորձենք նախընտրական ծրագրերից հասկանալ, թե ինչպիսին է լինելու երիտասարդի դերը եւ երիտասարդական քաղաքականությունը մայրաքաղաքում: Իհարկե, գուցե շատ այլ հարցեր էլ առկա են մայրաքաղաքում, սակայն «ԵՐԻՏԱՍԱՐԴ»-ի ուշադրության կենտրոնում այժմ հիմնականում եւ առավելապես երիտասարդական քաղաքականությունն ու երիտասարդության դերն են:

Քարոզարշավի 8 օրերն արդեն անցյալում են: Այդ ընթացքում լավ հնարավորություն էր ստեղծվել ի մի բերելու ծրագրային այն բոլոր կետերը, որոնք կխթանեն մայրաքաղաքի երիտասարդությանը՝ ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալու իրենց քաղաքի կառավարմանը: Սա, սակայն, չի նշանակում, որ այս ընտրություններին մասնակից բոլոր ուժերն ունեն երիտասարդական քաղաքականություն:

Այսպես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրում անգամ չի հիշատակվում «երիտասարդ» բառը: Առաջնահերթությունների՝ 14 կետից բաղկացած ծրագրում երիտասարդության դերն ուղիղ չի կարեւորվում, չնայած մի շարք քարոզչական ելույթներում նշվել է, որ նոր կադրեր են անհրաժեշտ մայրաքաղաքի զարգացման համար: Արդյո՞ք այդ նոր կադրերը կլինեն երիտասարդները, թե՞ կվստահվի կուսակցության առավել փորձառու գործիչներին. գուշակելու հարց է: Կուսակցության ընտրական ցուցակում առաջին համարը Նաիրա Վահանի Զոհրաբյանն է:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեաթերթիկում 2-րդ համարը կլինի «Երեւանի հանրություն» կուսակցությունների դաշինքը: Հիմնականում նախընտրական ծրագիրը ներկայացվում է համայնքային հանդիպումների ձեւաչափով: Ծրագիրն առցանց հասանելիություն չունի, սակայն այն մեծապես ներկայացնում է քաղաքային կառավարման այնպիսի մոդել, որտեղ երիտասարդության դերը հատուկ ընդգծվածություն չունի: «Երեւանի հանրություն» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորում է անկուսակցական Անահիտ Արթուրի Թարխանյանը, ով նախընտրական հանդիպումների ժամանակ առավելապես մտահոգված է արդյունավետ քաղաքային կառավարմամբ եւ բյուջեի մեծացմամբ:

Քվեաթերթիկում 3-րդ համարը «Երեւանցիներ» կուսակցությունների դաշինքն է: Նախընտրական ծրագիրը ներկայացվում է հիմնականում համայնքային հանդիպումների ժամանակ, սակայն առցանց կրկին հասանելի չէ: Այս քաղաքական ուժի ուշադրության կենտրոնում մի շարք խնդիրներ կան, որոնց թվում՝ հանրային ժամանակակից տրանսպորտի առկայությունը քաղաքում: Ընտրացուցակում 1-ին համարը ԱԺ պատգամավոր Արարատ Անուշավանի Զուրաբյանն է, ով ժամանակին եղել է մայրաքաղաքի Կենտրոն համայնքի ղեկավարը:

Մեկ տարի առաջ ձեւավորված եւ Երեւանի ավագանու 2017 թ.-ի ընտրությունների արդյունքում մի քանի ներկայացուցչով մայրաքաղաքի կառավարման մարմնում տեղ զբաղեցրած «Երկիր Ծիրանի» կուսակցությունը քվեաթերթիկում 4-րդ համարն է: Քաղաքական ուժի նախընտրական ծրագրում տեղ է հատկացված երիտասարդ արվեստագետներին: Եթե ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ներկայացված լինի ավագանու կազմում, ապա նախընտրական ծրագրում նշված է՝ «Երեւանի քաղաքապետարանը նյութական աջակցություն կցուցաբերի նաեւ երիտասարդ արվեստագետներին՝ իրենց ստեղծագործությունները տպագրելու, տարածելու, տարբեր հասարակական շերտերին ներկայացնելու համար»: Կուսակցության քարոզարշավին մասնակցում են հիմնականում երիտասարդներ: Ընտրացուցակը գլխավորում է Զարուհի Համազասպի Փոստանջյանը:

«Ժառանգություն» կուսակցությունը 5-րդ համարն է: Նախընտրական ծրագրում երկու անգամ հիշատակվում է երիտասարդությունը: Մի դեպքում հստակ նշվում է, որ «ամենամոտ ժամանակի կտրվածքով կարեւոր ենք համարում «Թումո»-ի օրինակով կրթաստեղծարարական եւ ինժեներական պատանեկան-երիտասարդական առնվազն եւս 3 կենտրոնների հիմնադրումը Նոր Նորքում, Էրեբունի զանգվածում եւ Մալաթիա-Սեբաստիայում», մյուս դեպքում կուսակցությունը խրախուսելու է «երիտասարդ կամ բարելավման խիստ կարիք ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը միտված սոցիալական ուղղվածության բիզնես-ծրագրերը»: Այսքանով երիտասարդության մասին հիշատակումները սահմանափակում են, սակայն չենք կարող պնդել, որ մայրաքաղաքի կառավարման գործը երիտասարդներին չի վստահվելու: Քարոզարշավի անցած օրերի շրջանակում մեծ թիվ են կազմում կուսակցության անդամ կամ ակտիվիստ երիտասարդները: «Ժառանգություն» կուսակցության ընտրացուցակը գլխավորում է Րաֆֆի Ռիչարդի Հովհաննիսյանը:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը եւս մասնակցում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին: «Երեւանը ես եմ, Երեւանը դու ես, Երեւանը մենք ենք» կարգախոսով այս ուժն առավելապես առաջնահերթություն է համարում մայրաքաղաքի կանաչապատ գոտիների ավելացումը եւ աղբահանության խնդիրների լուծումը: Թե ինչ դերակատարում պետք է ունենա մայրաքաղաքային երիտասարդությունը քաղաքի կառավարման մարմնում, հստակորեն ձեւակերպված չէ: Քաղաքական ծրագիրն ունի առցանց հասանելիություն. այն տեղադրվել է կուսակցության «Facebook» սոցիալական ցանցի էջում, հետեւաբար ընտրողները «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախընտրական «խոստումներին» կարող են ծանոթանալ ոչ միայն համայնքային հանդիպումներին մասնակցելու միջոցով: 33 անձից բաղկացած ընտրական ցուցակը գլխավորում է Մանուել Մանուկի Գասպարյանը: Կուսակցությունը քվեաթերթում 6-րդ համարն է:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին քվեաթերթիկում 7-րդ համարն է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը, որի ընտրական ցուցակում ընդգրկված են բազմաթիվ երիտասարդ քաղաքական գործիչներ: Չնայած այդ հանգամանքին՝ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի մեջ երիտասարդությանն առանձնահատուկ ուշադրություն չի դարձվել: Միայն մեկ նշում է առկա 47 կետից բաղկացած քաղաքային կառավարման տեսլականը ներկայացնող ծրագրում: Ծրագրի 38-րդ կետում նշվում է. «Ստեղծել մշակութային կենտրոններ, որտեղ երիտասարդ ստեղծագործողները հնարավորություն կունենան մատչելի պայմաններով վարձակալել արվեստանոցներ եւ կազմակերպել ցուցահանդեսներ, համերգներ եւ այլ միջոցառումներ»։ «Իմ քայլը» դաշինքի ընտրական ցուցակում զանազան երիտասարդական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչների առկայությունը հույս է ներշնչում, որ մայրաքաղաքի կառավարման գործում երիտասարդության ընդգրկվածությունը չի անտեսվի, եթե ընտրությունների արդյունքում հաղթի Հայկ Հրաչյայի Մարությանի գլխավորությամբ քաղաքական պայքարի ելած ուժը:

«Լույս» կուսակցությունների դաշինքը սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունների 8-րդ համարն է քվեաթերթիկում: Ինչպես մյուս քաղաքական ուժերը, այնպես էլ «Երեւան. լույսի քաղաք» կարգախոսով ընտրապայքարի ելած «Լույս» կուսակցությունների դաշինքն իր նախընտրական ծրագրում մայրաքաղաքային երիտասարդությանը նվիրված առանձին քաղաքականություն չունի: Ոչ մի նշում եւ հստակեցում չկա այն մասին, թե ինչպես է այս քաղաքական ուժը պատկերացնում երիտասարդների մասնակցությունը Երեւանի կառավարման մարմնում: Ընտրական ցուցակում երիտասարդների թիվը բավականաչափ է «Լույս» դաշինքի ծրագրային դրույթներն ի կատար ածելու համար, սակայն քարոզարշավային փուլում արդեն նկատելի է, որ դաշինքի առաջին համար Արտակ Հայկազի Զեյնալյանը գլխավոր գործող անձն է լինելու, եթե արտահերթ ընտրությունների արդյունքում հաղթի 8-րդ համարի ներքո հանդես եկող քաղաքական ուժը:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին Հայաստանի ավանդական կուսակցություններից «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը մասնակցում է թարմացված կազմով, որի մեջ կան երիտասարդներ եւ քաղաքականությունում նոր-նոր ուղի հարթողներ: Կուսակցությունը 9-րդ համարն է քվեաթերթիկում: «Միասին հանուն Երեւանի» կարգախոսով ընտրապայքարի ելած ուժի նախընտրական ծրագրում երկու հիշատակում կա երիտասարդության մասին: Մի դեպքում ՀՅԴ-ի քաղաքական թիմը «Հանուն նոր սերնդի Երեւանի» համար խոստանում է «աջակցել տաղանդավոր եւ շնորհալի երիտասարդներին գիտական, ստեղծագործական ծրագրերի իրականացման հարցում», մյուս դեպքում՝ «Հանուն հոգատար եւ արդար Երեւանի»՝ «մշակել եւ ներդնել սոցիալական բնակֆոնդի հայեցակարգ, երիտասարդ եւ բազմազավակ ընտանիքներին անհատույց կամ ցածր վարձավճարով տրամադրել բնակարաններ»: Կուսակցության ընտրացուցակի առաջին համարը Միքայել Վաղինակի Մանուկյանն է:

«Հայք» (Հայկազուններ) կուսակցությունը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին 10-րդ համարն է քվեաթերթիկում: Կուսակցության նախընտրական ծրագիրը հասանելի չէ «նոր սերնդի» ընտրողներին, իսկ համայնքային հանդիպումներին մասնակցող երիտասարդների թիվը մեծ չէ: Թե ինչպիսի երիտասարդական քաղաքականություն է իրականացվելու, եթե քաղաքական ուժը հաղթի ընտրություններում, ապա անհասկանալի է, թե ինչպիսին է լինելու երիտասարդության ներգրավվածությունը որոշումների կայացմանը: Կուսակցության առաջին համարը Գեւորգ Հրաչիկի Հովսեփյանն է:

«Ռեֆորմիստների» կուսակցությունը 11-րդն է քվեաթերթիկում: Կուսակցության նախընտրական գովազդային հոլովակները եւ համայնքային հանդիպումները հույս են ներշնչում, որ երիտասարդությունն անտեսված չի մնա, սակայն կուսակցության նախընտրական ծրագիրը հասանելի չէ համացանցում: Թե ինչպիսին է լինելու երիտասարդների ներգրավվածությունը մեր մայրաքաղաքի կառավարման մարմնում, եթե «Ռեֆորմիստների» կուսակցությունը հաղթի ընտրություններում, դժվար է ասել: Կուսակցության առաջին համարն Արտակ Անատոլիի Ավետյանն է:

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի վերջին՝ 12-րդ համարը «Օրինաց երկիր» կուսակցությունն է: Ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից ՕԵԿ-ը միակն է, որի նախընտրական ծրագրում առանձնացված է երիտասարդական քաղաքականությունը: Թե ինչպիսին է կուսակցության տեսլականը Երեւանի ավագանու կազմում երիտասարդների ներգրավվածության եւ որոշումների կայացման մասնակցության մասին, սակայն ամենեւին էլ հասկանալի չէ, քանի որ այս դեպքում առավելապես ցանկությունների շարադրանք է: Օրինակ՝ ինչպես է իրականացվելու, ինչքան ֆինանսական ծախս է ենթադրում «Երեւանի երիտասարդություն» նպատակային ծրագրի մշակումը: Այնուամենայնիվ ՕԵԿ-ը միակ քաղաքական ուժն է, որը Երեւանի ավագանու 2018 թ.-ի արտահերթ ընտրությունների նախընտրական ծրագրում ունի երիտասարդությանն արժեւորող կետ: «Օրինաց երկիր» կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված են մի շարք երիտասարդներ, իսկ առաջին համարը Մհեր Լեւոնի Շահգելդյանն է:

Հ.Գ.: Մինչ նախընտրական քարոզարշավի ավարտը «Երիտասարդ» առցանց պարբերականը նաեւ կուսումնասիրի կուսակցությունների ներկայացրած ընտրական ցուցակները, կներկայացնի Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի ամենաերիտասարդ թեկնածուներին: