Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 09-09-2018
Մի՞թե Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլ էր խաղում Մակեդոնիայում
Մարտավարական փոփոխությունը չար կատակ խաղաց չտրամադրված ֆուտբոլ խաղացող ազգային հավաքականի ֆուտբոլիստների եւ մարզչական շտաբի գլխին։
Տնային խաղում առաջին հաղթանակից հետո Հայաստանի ազգային հավաքականը Մակեդոնիա էր մեկնել «հաղթական» ֆուտբոլ ցուցադրելու համար։ Հայ լրագրողները եւ երկրպագուներն այդպես էլ չէին ստացել Սկոպյեում լինելու հնարավորություն, քանի որ Մոսկվայում գտնվող Մակեդոնիայի հյուպատոսությունը չէր բավարարել Հայաստանի քաղաքացիների հայտը՝ տրամադրելու իր երկիր մուտք գործելու ժամանակավոր վիզա։
 
Մի կողմից այս իրողությունը կարող էր դրական ազդել Հայաստանի ազգային հավաքականի խաղի վրա, քանի որ ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը «խնդրել էր» Սկոպյե չմեկնել այն մարդկանց, ովքեր դույզն-ինչ կասկած ունեն ազգային ընտրանու հաղթանակի մասով։ Ինչեւէ, սա չէ, որ խնդիր է դարձնում Հայաստանի ազգային հավաքականի խաղը Մակեդոնիայում։
 
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի «D» դիվիզիոնի 4-րդ խմբի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Մակեդոնիայի ընտրանու հետ եւ «անսպասելիորեն» պարտվեց։ Երեւանում Լիխտենշտեյնի հավաքականի հետ խաղը ցույց էր տվել, թե ինչպիսի խնդիրներ կարող էր ունենալ Հայաստանի հավաքականը, այնպես որ անակնկալ էր առավելապես ֆուտբոլիստների նվիրումը եւ արագորեն հանձնվելը։
 
Հանդիպման 13-րդ րոպեին մրցավարը կասկածելի 11 մետրանոց հարված նշանակեց՝ կանոնների խախտում տեսնելով Անդրե Չալըշըրի գործողություններում։ Չնայած Գորան Պանդեւի նկատմամբ Հայաստանի հավաքականի պաշտպանի պայքարը չէր ձգում կանոնների խախտման։
 
11 մետրանոցը հաջող իրացրեց Ալիոսկին ու առաջ մղեց դաշտի տերերին։ Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը կարող էր վերականգնել հաշվի հավասարակշռությունը, սակայն այս անգամ վարպետության պակասը զգացնել տվեց։ Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ խաղի 59-րդ րոպեին Գորան Պանդեւը կարողացավ վարպետորեն ազատվել Հայաստանի հավաքականի երկու պաշտպանների վերահսկողությունից եւ կրկնապատկեց մակեդոնացիների առավելությունը։ Սա տանտերերի՝ երկրորդ խաղակեսում իրականացրած թերեւս միակ վտանգավոր եւ հարձակման միտված գործողությունն էր։
 
Չնայած Հայաստանի հավաքականի՝ հետագայում ձեռնարկված սակավաթիվ գրոհներին՝ հաշիվը այդպես էլ մնաց անփոփոխ։ Այսպիսով, Հայաստանի ընտրանին 2 անպատասխան գնդակ ընդունեց Մակեդոնիայի հավաքականից եւ 3 միավորով վերջին խմբում 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ 
 
Մակեդոնիայի հավաքականը 6 միավորով խմբի առաջատարն է, սակայն պայքարը դեռեւս վաղ է ավարտված համարել։ Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին կանցկացնի հոկտեմբերի 13-ին։ Մրցակիցը Ջիբրալթարի հավաքականն է լինելու։ Այդ խաղում ոչ միայն հաղթանակ է պետք, այլեւ բազմաթիվ գոլեր, որոնք հետագայում կարող են վճռորոշ լինել: