Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 17-09-2018
Երեւանում տեղի ունեցավ պանրի փառատոնը
Սեպտեմբերի 15-ին առաջին անգամ Հայաստանում կայացավ պանրի փառատոն։



Պանրի բոլոր սիրահարները տաղավարների տարածքում շրջելու, տարբեր տեսակի պանիրների տեսակներ համտեսելու, տեղական արտադրողի կողմից ներկայացվող պանրի ընտրանուն ծանոթանալու եւ ցանկության դեպքում նաեւ գնումներ կատարել հնարավորություն ունեցան։



Փառատոնը կազմակերպվել էր «Թայմ Վոյաժ» տուրիստական եւ «Յունայթիդ Թրեյդ» բեռնափոխադրումների ընկերության կողմից: Կազմակերպիչները նշում են, որ թեեւ Երեւանում շատ փառատոներ են տեղի ունենում, սակայն չկար պանրի փառատոն: 



Փառատոնի նպատակն էր տարատեսակ որակյալ սննդամթերքի եւ ըմպելիքների լայն տեսականու ներկայացումն ինչպես երեւանցիների, այնպես էլ մայրաքաղաքի հյուրերի համար: Բացի դրանից՝ արտերկրից, մասնավորապես Իսրայելից ժամանել էին նաեւ հատուկ հյուրեր, ովքեր շահագրգռված են հայկական արտադրանքի արտահանմամբ: Պանրի փառատոնն ուղեկցվում էր նաեւ հայկական գինու համտեսով:



Փառատոնին մասնակցում էին 20 ընկերություններ, որոնցից պանրի արտադրությամբ զբաղվում են վեցը: Հայաստանի մարզերից կար միայն մեկ ներկայացուցիչ՝ Եղեգնաձորից: Հայկական արտադրողները չորսն էին: Փառատոնին մասնակցում էր նաեւ մեկ ներմուծող կազմակերպություն: Նախատեսվում է մինչեւ հոկտեմբերի 20-ը կազմակերպել եւս մեկ քաղաքային միջոցառում: