Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 17-09-2018
Պատրաստի՛ր գինին, հետո ըմպի՛ր այն
Երեւանի կենտրոնում արդեն երրորդ տարին անընդմեջ տեղի է ունենում խաղողի հավաքման, տրորման եւ գինու պատրաստման արարողությունը:

Երեւանյան սրճարաններից մեկում հաճախորդների ժամանցը եւ հանգիստը յուրահատուկ ու տարբերվող մոտեցմամբ են կազմակերպվում: Արդեն երրորդ անգամ կազմակերպվել է խաղողի հավաքման եւ գինու պատրաստման արարողությունը:

Այցելուները կարող են ոչ միայն պատվիրել իրենց նախընտրած ուտեստը եւ ըմպելիքը, այլեւ մասնակցել ու անձամբ պատրաստել արքայական խմիչքը՝ գինին:

Առաջին հայացքից անսովոր է թվում, սակայն կազմակերպիչները հոգացել են եւ ստեղծել բոլոր պայմանները: Այցելուն քաղում է հենց բացօթյա սրճարանում աճող խաղողի որթից, գցում է նախապես պատրաստված փայտե ամանի մեջ, հագնում ռեզինե երկարաճիտ կոշիկները եւ անցնում տրորման աշխատանքին: Այնուհետեւ հյութն առանձնացվում է եւ տարվում հնեցման: Ցանկության դեպքում որոշ ժամանակ անց այցելուն կարող է գալ սրճարան՝ իր պատրաստած գինին համտեսելու համար: Այս միջոցառումը կրելու է պարբերական բնույթ:

Խաղողի տրորման արարողությունն ուղեկցվում է հաճելի երաժշտությամբ, ինչն էլ, ըստ կազմակերպիչների, մայրաքաղաքի բնակիչների, հյուրերի երեկոները դարձնում է անմոռանալի: