Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-09-2018
Երաժշտական կրթության ուղիների բացահայտում՝ ֆորումի միջոցով
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր մեկնարկել է «Միջմշակութային երկխոսություն. երաժշտական կրթության ուղիներ» խորագրով միջազգային ֆորումը:


Այն անցկացվում է Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Եվրոպական մշակութային ժառանգության տարվա շրջանակում: Ֆորումին մասնակցում են եվրոպական 4 երկրներ եւ Հայաստանը: Գլխավոր նպատակը փորձի փոխանակումն է, քանի որ երաժշտական կրթական համակարգերը շատ դեպքերում ստեղծվում եւ տվյալ երկրի տարածքից էլ դուրս չեն գալիս:



«Երաժշտական կրթությունը տարբեր երկրներում տարբեր կերպ է կազմակերպվում, իհարկե, կան ընդհանրություններ, ժառանգականություն, բայց դրան զուգահեռ կան համակարգեր, որոնք ստեղծվում եւ մնում են տվյալ երկրում, հասանելիությունն այդքան էլ մատչելի չէ: Հատկապես Հայաստանի պարագայում կա հասանելիության խնդիր,- ասում է ֆորումի կազմակերպիչ, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար Տաթեւիկ Շաղկուլյանը եւ հավելում,- ֆորումի միջոցով նպատակ ունենք հասկանալու, թե ինչ կրթական համակարգեր կան եվրոպական երկրներում եւ ինչպես են աշխատում»: 



Տաթեւիկ Շաղկուլյանը լիահույս է. ֆորումի արդյունքում հետաքրքիր եւ նոր գաղափարներ կծնվեն: Համագործակցության առաջարկներ էլ արդեն եղել են:

Հավելենք, որ ֆորումը կշարունակվի նաեւ սեպտեմբերի 15-ին: Դասախոսությունների մուտքն ազատ է:



2018 թ.-ը եվրոպական մշակութային ժառանգության տարին է: Եվրամիությունը տոնում է մշակութային ժառանգության բազմազանությունը Եվրոպայի տարածքում՝ ԵՄ-ի, ազգային, տարածաշրջանային եւ տեղական մակարդակներում: Եվրոպական մշակութային ժառանգության տարվա նպատակն է ավելի շատ մարդկանց հասանելի դարձնել եվրոպական մշակույթը: Այս տարվա կարգախոսն է «Մեր ժառանգությունը. որտեղ անցյալը հանդիպում է ապագային»: