Նյութը՝ Սլավիկ Ալավերդյանի
Լուսանկարները՝ Գերասիմ Ալավերդյանի եւ Մերի Ամիրզյանի
Տեղադրվել է 12-09-2018
Զրուցարանի շնորհանդես երիտասարդական մայրաքաղաքում
Սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ Մելինե Մելիքյանի «Հայերեն-անգլերեն-հնդկերեն-ռուսերեն» զրուցարանի շնորհանդեսը, որը կազմակերպել էին «Ստեղծամիտ երիտասարդների միություն» ՀԿ-ն եւ Տավուշի մարզային գրադարանը:

Միջոցառմանը ներկա էին գրադարանի աշխատակիցները՝ տնօրեն Անահիտ Ղուկասյանի գլխավորությամբ, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի աշխատակիցներ եւ ուսանողներ, երիտասարդներ, աշակերտներ:

Շնորհանդեսը վարեց «Ստեղծամիտ երիտասարդների միություն» ՀԿ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը: Շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նա նշեց, որ զրուցարանի հեղինակը ՀԿ-ի հիմնադիր անդամներից է եւ օրեր առաջ մեկնել է Հնդկաստան՝ Ագրայի Հնդկերենի կենտրոնական ինստիտուտում ուսումը շարունակելու: Ներկաները դիտեցին նրա տեսաուղերձը:

Այնուհետեւ Ս. Ալավերդյանը ներկայացրեց հեղինակի գործունեությունը եւ զրուցարանի ստեղծման պատմությունը:

Մելինե Մելիքյանը ծնվել է 1993 թ. Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում: Ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը, այնուհետեւ՝ ԵՊՀ մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրան: 2014-2018 թթ. աշխատել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում: Աշխատանքին զուգահեռ՝ նա հնդկերեն է սովորել Իջեւանի «Գալիք» կրթարանում եւ հնդկերենի իր իմացությունը խորացրել ինքնակրթությամբ:



Հաշվի առնելով հնդիկ ուսանողների ու գործարարների մեծ թիվը Հայաստանում, հնդկերենով հետաքրքրված հայերի թիվը եւ այն հանգամանքը, որ մինչ այժմ ՀՀ-ում հրատարակված չի եղել հայերեն-հնդկերեն որեւէ զրուցարան, նա կազմել է «Հայերեն-անգլերեն-հնդկերեն-ռուսերեն» զրուցարանը, որն օգտակար կլինի թե՛ օտարազգիների, թե՛ հայերի համար։ 

Զրուցարանը պարունակում է առավել հաճախ հանդիպող իրավիճակների վերաբերյալ 1325 բառեր ու արտահայտություններ եւ նախատեսված է փառատոների, միջազգային գիտաժողովների, մարզական միջոցառումների, զբոսաշրջիկների համար:

Ապա ելույթ ունեցան ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի աշխատակիցներ Հռիփսիմե Գասպարյանը եւ Էմմա Թեմրազյանը: Նրանք նույնպես շնորհավորեցին ներկաներին եւ հեղինակին, խոսեցին հեղինակի անձնային բարձր որակներից, ցույց տվեցին իրենց հիացմունքը 25-ամյա երիտասարդի տքնաջան աշխատանքի, երիտասարդ տարիքում նման լուրջ ձեռքբերում ունենալու, իր երազանքի հետեւից գնալու եւ մյուսներին օրինակ ծառայելու համար:

Սլավիկ Ալավերդյանն իր եզրափակիչ խոսքում նշեց, որ զրուցարանի հրատարակման ծախսերի մեծ մասը հոգացել են Մելինե Մելիքյանի ընտանիքը եւ ընկերները, ֆինանսական աջակցություն է տրամադրել Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը: 

Նա հավելեց, որ զրուցարանն արդեն վաճառվում է Երեւանի ու Իջեւանի գրախանութներում: