Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-09-2018
«Երեւանը` երեւանցիների աչքերով»
37 հեղինակներ լուսանկարների միջոցով Երեւանը ներկայացրել են իրենց տեսանկյունից, թե ինչպիսին է մայրաքաղաքն իրենց աչքերով:
Սեպտեմբերի 11-ին Երեւանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվեց «Երեւանը` երեւանցիների աչքերով» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը: Այն նվիրված է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյա հոբելյանին: 

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էր Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը, ինչպես նաեւ լուսանկարիչներ, արվեստագետներ, հյուրեր:

Իր ելույթում Կամո Արեյանը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպման բոլոր աջակիցներին ու մասնակից լուսանկարիչներին եւ նշեց, որ այն իսկապես մեծ նվեր է Երեւանի հիմնադրման հոբելյանի կապակցությամբ:
 
Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվել են հայտնի լուսանկարիչների տարբեր ժամանակաշրջանների երեւանյան լուսանկարները՝ ցույցերից, սովորական երեւանցու առօրյայից մինչեւ երեւանյան լվացք եւ «նարդի» խաղացող պապիկներ:

Մեզ հետ զրույցում լուսանկարիչ, ցուցահանդեսի համակարգող Արմեն Ենգոյանը նշեց, որ ներկայացված են 37 հեղինակների լուսանկարչական աշխատանքներ եւ դրանով իրենք կարողացել են պատմական մի մեծ ժամանակաշրջան ամփոփել. «Նկարել են Երեւանն այնպես, ինչպես իրենք տեսնում եւ զգում են»:

Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 16-ը:

Պատկերասրահ՝ «Երեւանը` երեւանցիների աչքերով». ցուցահանդես