Նյութը՝ Կամերային երաժշտության տնից
Լուսանկարները՝ Կամերային երաժշտության տնից
Տեղադրվել է 11-09-2018
Սեդրակ եւ Կամիլա Երկանյանները կներկայացնեն հայաստանյան պրեմիերաներ
Հայաստանյան բազմաթիվ պրեմիերաներ` մեկ համերգային երեկոյին. Կամերային երաժշտության տանը սեպտեմբերի 13-ին, ժ. 19:00 կկայանա հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի համերգը:

«Դաշնամուրային զուգանվագ» խորագրով համերգային երեկոյին հանդես կգան Սեդրակ եւ Կամիլա Երկանյանները (դաշնամուր):

«Հայր եւ դուստր Երկանյաններով առաջին անգամ հանդես ենք գալու համերգով, հիմնականում հայաստանյան պրեմիերաներ ենք ներկայացնելու: Առաջին անգամ Հայաստանում հնչելու է Բախի երկու կոնցերտ, դրանցից մեկը` Բրանդենբուրգյան 4-րդ կոնցերտը ես եմ փոխադրել երկու դաշնամուրի համար: Առաջին անգամ կներկայացվեն Պուլենկի սոնատը երկու դաշնամուրի համար, Մայքլ Աշճյանի «Տանգոն» եւ ամերիկահայ կոմպոզիտոր Դայանա Գուլքասյան-Ռաբեի «Տանգոն» »,-նշում է «Տաղարան»  համույթի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր, ՀՀ Մշակոյթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանը` շեշտելով, որ հանդիսատեսին ներկայացվելու է մեծածավալ ու հետաքրքիր ծրագիր:

Սեդրակ Երկանյանի խոսքով` «Տաղարան»-ն ակտիվ գործունեություն է ծավալում, սեպտեմբերի 27-ին էլ հանդես է գալու Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված համերգով:

Նշենք, որ «Տաղարան»-ը ի սկզբանե կոչված է եղել համերգային բեմ բարձրացնելու, տարածելու եւ հանրահռչակելու հայ միջնադարյան հոգեւոր երգարվեստի գանձերը: Այդ է պատճառը, որ նրա նվագացանկում մշտապես կենտրոնական  տեղ են գրավում 5-15-րդ դարերի հեղինակների շարականներն ու տաղերը: