Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 09-09-2018
Հանդիպում՝ աբստրակտ ոճի նկարիչների ու արվեստի այդ տեսակի սիրահարների միջեւ
Արդեն երկու ամիս է, ինչ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի այցելուներին հնարավորություն է ընձեռվել «11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» ցուցադրության շրջանակում ծանոթանալ, դիտել եւ վայելել 11 հայ արվեստագետների շուրջ 50 աբստրակտ ոճի աշխատանքներ։
Սեպտեմբերի 7-ին այցելուների համար օրը բացառիկ էր, քանի որ նրանք նաեւ շփվեցին, իրենց հետաքրքրող  հարցերն ուղղեցին ստեղծագործությունների հեղինակներին։ 

Լեո Լեո Վարդանյանը 11 նկարիչներից մեկն է, ով ցուցահանդեսին ներկայացրած իր աշխատանքները մեկ նախադասությամբ բնութագրում է՝ «խորը զգացողություններ՝ կապված անսահմանի գիտակցության հետ»։ Ամեն մի աշխատանք ստեղծելիս մեկ օր է պահանջվել, շեշտը գույների մոնոտոնության վրա է․ «Իմ արվեստը ներհայեցողական ընթացքի արձանագրությունն է, անսահմանության գիտակցության արձանագրությունն է, որը շատ խորն է եւ խոսել չի սիրում։ Դա այն զգացողությունն է, որը մարդուն դնում է ավելի բարձր հարթության վրա։ Իմ ստեղծագործությունները գույնի խնդիր չունեն, կա տարածության գիտակցության ընկալում»։

Ներկայացված ստեղծագործությունների զգալի մասը կա՛մ առաջին անգամ է ցուցադրվում, կա՛մ ստեղծվել է հատուկ այս ցուցադրության համար։ Աբստրակցիա կամ վերացականություն․ արվեստի այս տեսակն օգնում է մարդուն ճանաչել աշխարհին բնորոշ ընդհանուր գծերը, որոնք առարկայական գոյություն չունեն՝ գույն, ազնվություն, գեղեցկություն, տրամադրություն եւ այլն։

«Ցուցահանդեսի միջոցով փորձել ենք ներկայացնել Հայաստանում գոյություն ունեցող աբստրակտ արվեստի դաշտը։ Ընտրված 11 արվեստագետները պատկերավոր ներկայացնում են, թե որքան տարբեր կարող է լինել աբստրակտ արվեստը՝ գեղագիտությամբ, ձեւով եւ տեխնիկայով։ Այսօրվա միջոցառման նպատակն է հնարավորություն ստեղծել թանգարանի այցելուներին շփվելու արվեստագետների հետ։ Բոլոր հեղինակները, որոնց ստեղծագործություններն ընդգրկված են ցուցահանդեսին, ներկա են»,- ասաց «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը։

Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 16-ը։ Այցելուների համար մուտքն ազատ է։

Պատկերասրահ՝ 
«11. հայ ժամանակակից աբստրակտ արվեստի ընտրանի» ցուցադրությունը