Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-09-2018
Հովհաննես Զարդարյանի հոբելյանին նվիրված ցուցահանդեսը բաց է հանրության համար
Սեպտեմբերի 5-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց անվանի նկարիչ Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված «Ակունք» խորագրով ցուցահանդեսը:
«Նախաշավիղ. Խաչատուր Աբովյան», «Ձգտում», «Ուսանողուհին Սորբոնից. Ժենյա Ավետիսյան», «Մոռացված ճանապարհ»... Ներկայացված էին հեղինակի ութսունից ավելի գեղանկարչական եւ գրաֆիկական աշխատանքներ, որոնք արվել են Զարդարյանի ստեղծագործական կյանքի տարբեր շրջաններում: 

Ի դեպ, այցելուներն առաջին անգամ հնարավորություն ունեցան դիտելու նաեւ «Կոմիտաս» կտավը, որը պատկանում է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային:

Ըստ ցուցահանդեսի համադրող Մարգարիտա Խաչատրյանի՝ ցուցահանդեսի խորագիրը պատահական չի ընտրվել. ներկայացված են գործեր, որոնք ակունք են դարձել հետագա սերունդների համար:

«Նրա գունամտածողությունը նորություն էր: Նկարչի ստեղծագործական ողջ ուղու ընթացքում նա անցել է ռեալիզմից մինչեւ վերացականություն: Եթե վաղ շրջանի աշխատանքներն էտյուդային գունանկարչական հենք ունեին, ապա քառասունականների վերջում եւ հիսունականների սկզբում դրանք ժամանակի շնչով  էին թելադրված: Սակայն, միեւնույնն է, նա մնում էր ազատ»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:

Հովհաննես Զարդարյանի դուստր, նկարչուհի Անահիտ Զարդարյանի համոզմամբ` Զարդարյանը բազմաոճ նկարիչ է եւ ճանաչելի է բոլոր ժանրերում, քանի որ նրա հիմնական սկզբունքները, ձեռագիրը ողջ ստեղծագործական կյանքում չեն փոխվել:

Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեբերի 29-ը:

Պատկերասրահ՝ Հովհաննես Զարդարյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդես