Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի եւ Նոյեմբերյանի գրասենյակներից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի եւ Նոյեմբերյանի գրասենյակներից
Տեղադրվել է 05-09-2018
Տավուշում ամփոփվեցին երեխաների շահերի պաշտպանության ծրագրերը
«Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից Տավուշի մարզի Բերդավան, Հաղթանակ, Բաղանիս եւ Ոսկեվան համայնքներում իրականացվում են երեխաների շահերի պաշտպանության ծրագրեր, որոնցում ներգրավված են մոտ 50 երեխաներ:
Երկու տարվա ընթացքում մասնակցելով մարդու իրավունքների, շահերի պաշտպանության ու այլ վերապատրաստման դասընթացներին՝ երեխաները հզորացրել են իրենց կարողությունները համայնքային ծրագրեր իրականացելու գործընթացում: Երկամյա ծրագրի շրջանակում խմբերը բացահայտել են կարեւոր հիմնախնդիրներ իրենց համայնքներում, որոնք շոշափում են երեխաների շահերը, եւ դրանց լուծման համար իրականացրել են գործնական քայլեր՝ համագործակցելով ՏԻՄ-երի, դպրոցների ու այլ կառույցների հետ:
 
Օրինակ՝ Բերդավանի խումբը խնդիր է համարել սովորողների մոտ համացանցից ճիշտ օգտվելու վերաբերյալ վատ իրազեկվածությունը, Ոսկեվանի խումբը խնդիր է համարել երեխաների համար կավագործական/փայտագործական խմբակի բացակայությունն իրենց համայնքում: Խնդիրների աստիճանական լուծման համար երեխաները իրականացրել են հարցումներ, դրանց տվյալների վերլուծություններ, կազմել են գործողությունների պլաններ, հանդիպել որոշում կայացնողների հետ եւ  ներկայացրել  առաջարկություններ: Արդյունքները գոհացուցիչ են: Ոսկեվանում հիմնվել է կավագործական/փայտագործական խմբակը, Հաղթանակի դպրոցում լուծվել է խմելու ջրի հարցը եւ այլն: 

Արդյունքների ամփոփման համար  կայացան եզրափակիչ միջոցառումներ, որոնց ընթացքում ներկայացվեցին խմբերի գործունեությունները, իրականացված քայլերը, ամփոփվեցին իշխանությունների ու դպրոցների տնօրենությունների հետ համագործակցության արդյունքները, համայնքային ծրագրերի վերջնական ցուցանիշները: Կարեւորն այն է, որ խնդիրների լուծման համար երեխաները համագործակցել են որոշում կայացնողների հետ տարբեր մակարդակներում՝ դպրոցների մանխորհուրդների, տնօրենությունների, ավագանիների ու վարչական ղեկավարների հետ:  

Ոսկեվանի վարչական ղեկավար Վլադիմիր Ղազինյանը  բարձր գնահատեց ծրագիրը, քանի որ երեխաների բարձրացրած խնդիրը լուծվել է, եւ իրենց համայնքն ունի երեխաների զբաղվածության նոր կենտրոն: 

Ծրագիրը կշարունակվի Տավուշի մարզում եւս, եւ այս տարի կընտրվեն նոր համայնքներ, որտեղ երեխաները հնարավորություն կունենան հզորացնել իրենց կարողություններն ու գիտելիքները քաղաքացիական-հասարակական ոլորտներում: 

Երեխաների շահերի պաշտպանության ծրագրի շրջանակում  երեխաներն ու երիտասարդները ձեռք են բերում գիտելիքներ ու հմտություններ՝ համայնքային նախագծերի եւ քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով: Ծրագիրը «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվում է ՀՀ 6 մարզերում: