Նյութը՝ Աստղիկ Ավետիսյանի, Չեխիա
Լուսանկարները՝ Աստղիկ Ավետիսյանի
Տեղադրվել է 05-09-2018
Ուշադրության կենտրոնում երիտասարդական աշխատանքն է
Չեխիայում, Վլտավա գետի ափին գտնվող Տրհովկի ավանում InYouS երիտասարդական միջազգային ծրագրի մասնակիցներն իրականացրեցին ֆլեշմոբ, որով ընդգծեցին երիտասարդական աշխատողի եւ երիտասարդական աշխատանքի անհրաժեշտությունն ու կարեւորությունը։
Երիտասարդական ակումբների դաշնությունը(FYCA.net) Եվրամիության Erasmus+ շրջանակում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Չեխիայում տասներեք եվրոպական երկրների գործընկերների հետ իրականացնում է երիտասարդական փոխանակության ծրագիր, որին մասնակցում են երիտասարդական հասարակական կազմակերպությունների13-ից30 տարեկան ներկայացուցիչներ։ 

«Միջազգային երիտասարդական հետազոտություններ» (International Youth Studies #InYouS) կարողությունների զարգացման ծրագիրըերկարաժամկետ է եւ բաղկացած է 5 փուլից։ Առաջին փուլը՝ գիտաժողովի ձեւաչափով, տեղի է ունեցել Հայաստանում, որտեղ մասնակցել են եվրոպական երկրների մի շարք ԲՈՒՀ-երի եւ երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գիտաժողովին ներկայացվել են երիտասարդական քաղաքականության, երիտասարդական աշխատանքի ուսումնասիրություններ եւ հետազոտություններ, մասնակից յուրաքանչյուր երկրի փորձը։ Երկրորդը ուսուցողական ծրագրի ձեւաչափով իրականացվել  է Վրաստանում, որտեղ վերապատրաստվել են երիտասարդական աշխատողներ եւ մշակվել ոչ ֆորմալ կրթության նոր գործիքներ, հեռավար ուսուցում իրականացնելու մոդուլներ, որոնցում համապարփակ տեղեկատվություն կա երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

«InYous-ի երրորդ փուլն այսօր ավարտվում է Չեխիայում, որտեղ կիրարկվում են նախորդ հանդիպման ընթացքում մշակված մեթոդներն ու վարժանքները», տեղեկացնում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ, երիտասարդական փոխանակության ծրագրի համակարգող Արման Գրիգորյանը։ 

«Մասնակից բոլոր երկրներն իրենց հետաքրքիր փորձն են փոխանցում, երիտասարդական աշխատանքի կարեւորության նկատմամբ հասարակության ուշադրությունն են հրավիրում։ Կարծում եմ, եվրոպական բոլոր երկրներում երիտասարդական աշխատողն ու աշխատանքը պետք է հավուր պատշաճի գնահատվի։ Երիտասարդ սերունդն է նոր արժեքների կրողն ու տարածողը, ուստի նրանց կազմակերպվածությունըկարեւոր է։ Ոչ ֆորմալ կրթության համապատասխան մեթոդների կիրառումը ստիպում է յուրաքանչյուր մասնակցի կարճ ժամանակահատվածում առավել շատ գիտելիք եւ հմտություն ստանալ»,- ասում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը։ 

Չեխիայում երիտասարդական փոխանակության ծրագրի շրջանակում մասնակիցները նաեւ հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց երկիրը, մշակույթը, կազմակերպությունն ու նախաձեռնությունները։ Ծրագրի վերջնարդյունքը կազմակերպող ֆլեշմոբն ու տեսանյութերի պատրաստումն է, որոնցով մասնակիցները պետք է ցույց տան երիտասարդական աշխատանքը հանրայնացնելու մեթոդներն ու ձեւաչափերը, քարոզարշավներ իրականացնելու հմտությունները, ուղերձներն արդյունավետ թիրախային լսարանին հասցնելը։ 
 
 InYouS ծրագրի համակարգող Դիանա Եղիազարյանն էլ տեղեկացրեց, որ հաջորդ փուլը, որը եւս երիտասարդական փոխանակության ծրագիր է, տեղի կունենա Ուկրաինայում՝ հոկտեմբերի վերջին։ 

Կարողությունների զարգացման նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին շփվել տարբեր երկրների իրենց հասակակիցների հետ, ստանալ գիտելիքներ եւ հմտություններ, ինքնադրսեւորվել, դառնալ նախաձեռնող եւ իրականացնել հետաքրքիր գաղափարներ։ 

Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ տեղական եւ միջազգային ծրագրեր, որոնք լայն հնարավորություն են ընձեռում հայ երիտասարդների համար՝ փոխելով նրանց աշխարհայացքն ու մտածողությունը՝ դառնալ ճկուն եւ շարժունակ բոլոր իրավիճակներում, գտնել իրենց տեղն ու կարեւորել իրենց դերը։