Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի և հերոսների անձնական արխիվից
Տեղադրվել է 04-09-2018
2018-2019 ուստարի. երիտասարդների ակնկալիքները
2018-2019 ուստարվա մեկնարկը տրված է: Eritasard.am-ը, ավանդույթի համաձայն, անդրադարձ է կատարում բոլոր կարեւոր իրադարձություններին ու տոներին, հատկապես՝ երիտասարդությանն առնչվող: Այս անգամ մեր թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ ակնկալիքներ ունեն երիտասարդ ուսանողները նոր ուսումնական տարուց:

Սոնա Մկրտչյան, 19 տարեկան, ԵՊՀ լրագրության ֆակուլտետ, 3-րդ կուրս



Իհարկե, ամեն տարի նոր ակնկալիքներ ունեմ, այս տարի՝ եւս: Չեմ կարող ասել, որ այս տարի կսովորեմ այնպես, ինչպես մյուս տարիներին, այլ, պարզապես, հույս ունեմ, որ նախորդ տարիներին ձեռք բերած գիտելիքներս կկարողանամ կիրառել ե՛ւ ուսումնական դաշտում, ե՛ւ աշխատանքային: Աշխատանքային ոլորտի հետ կապված եւս մեծ հույսեր ունեմ. ցանկանում եմ առավել հմտանալ: 

Օֆելի Դալաքյան, 24 տարեկան, բանասեր-մանկավարժ, գրադարանավար



Ամեն սեպտեմբերի 1 իր հետ բերում է նոր տրամադրվածություն, թարմություն եւ եռանդ: Այս տարին եւս բացառություն չէ: Նոր ուսումնական տարուց ակնկալիքս մեկն է՝ որակյալ կրթություն, կրթական նոր ծրագրեր, որոնք չեն ստիպի երեխային հիասթափվել դպրոցից, համալսարանից եւ ընդհանրապես կրթությունից, այլ կնպաստեն կրթության որակի աճին:

Սեդա Շահինյան, 19 տարեկան, աշխարհագրագետ



Ես սովորում եմ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2-րդ կուրսում։ Նոր ուսումնական տարուց շատ ակնկալիքներ ունեմ։ Սակայն առաջին հերթին ակնկալիքներս ես ինքս պետք է արդարացնեմ, քանզի դա իմ ընտրած ուղին է։ Հնարավորինս կփորձեմ զարգանալ իմ մասնագիտության մեջ, կփորձեմ դառնալ ավելի գրագետ, որպեսզի կարողանամ գիտելիքներս բնության մեջ ճիշտ օգտագործել։ Հուսով եմ՝ նոր ուստարին ինձ շատ հնարավորություններ կընձեռի, եւ ես, իհարկե, դրանք իմ ձեռքից բաց չեմ թողնի: 

Գայանե Ենոքյան, 21 տարեկան, լրագրող, լուսանկարիչ



Այս տարի վերջին անգամ եմ Երեւանի պետական համալսարան մտնելու որպես ուսանող։ Հույս ունեմ, որ կկարողանամ ավելի ակտիվ աշխատել մասնագիտական ոլորտում, կատարելագործել հմտություններս՝ միեւնույն ժամանակ աչքաթող չանելով դասերը։ Խնդիրը փոքր-ինչ բարդ է, քանի որ մեր ֆակուլտետն այս տարի երկրորդ հերթով է հաճախելու։ Դա կստիպի ուսանողներիս առավել զգույշ լինել ժամանակի կառավարման առումով՝ տարեվերջին զարգացման ցանկալի մակարդակ տեղափոխվելու համար։

Լուիզա Կոստանյան, 18 տարեկան, դաշնակահարուհի



Սովորում եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի 2-րդ կուրսում։ Ակնկալիքներս նոր ուստարվա վերաբերյալ բավականին խոստումնալից են։ Խոսքս վերաբերում է նաեւ համերգային գործունեությանս: Շուտով կկայանա հերթական մենահամերգս: Բացի մենահամերգից՝ կփորձեմ իրականացնել մի քանի տարբեր համերգային ծրագրեր եւս: Խոստանում եմ հանդիսատեսին առավել հետաքրքրող եւ, ինչու ոչ, զարմացնող ծրագիր ընտրել: Բոլոր փակագծերը չեմ բացի, բայց հանդիսատեսն ինձ կտեսնի դասականից մի փոքր դուրս ժանրում: Ծրագրում եմ նաեւ հանրապետական եւ միջազգային մրցույթների մասնակցություն, բայց դրա մասին կցանկանայի խոսել հենց այդ ժամանակ։ Մի խոսքով, կարող եմ ասել, որ բուռն եւ շատ հետաքրքիր տարի է սպասվում. այնպես որ՝ սպասենք:

Գայանե Սարգսյան-24 տարեկան, բժիշկ 



Նոր ուսումնական տարին սկսում եմ արդեն ոչ որպես բժիշկ-ուսանող, այլ որպես բժիշկ: Նեղ մասնագիտացում ձեռք եմ բերելու ճառագայթային ախտորոշում մասնագիտությամբ:  Սա լինելու է չափազանց  պարտավորեցնող և միևնույն ժամանակ  շատ հետաքրքիր տարի:  Շատ մեծ են ակնկալիքներս նոր ուսումնական  և աշխատանքային տարվանից:  Արդեն կան նոր մտքեր առողջապահական ծրագրեր իրագործելու համար: Գրեթե վստահ եմ, որ այն լինելու է նոր ձեռքբերումների, մասնագիտական վերելքների և հանրօգուտ ծրագրերի տարի:

Հ.Գ.: Eritasard.am-ը նոր ուսումնական տարում հաջողություն եւ նորանոր ձեռքբերումներ է մաղթում երիտասարդներին: 

Պատկերասրահ՝ Երբ գալիս է սեպտեմբերը