Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-08-2018
ՈՒԵՖԱ-ի «Տարվա ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդ եռյակը հստակեցվել է
«Չեմպիոնների լիգայի» 2017-2018 մրցաշրջանի եզրափակիչում հայտնվելը լավ հնարավորություն է տվել «Լիվերպուլի» եգիպտացի աստղ Մոհամեդ Սալահին ոտք մեկնելու Լուկա Մոդրիչի եւ ամռանը ակումբային գրանցումը փոխած Քրիշտիանու Ռոնալդուի հետ։
Հաշված օրեր անց՝ օգոստոսի 30-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից կհայտարարվի, թե նախորդ մրցաշրջանում ցուցադրած արդյունքների շնորհիվ որ ակումբի ներկայացուցիչը կստանա «Տարվա ֆուտբոլիստ» հեղինակավոր մրցանակը։ Հաշվի առնելով, որ նախորդ մրցաշրջանում Քրիշտիանու Ռոնալդուն հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալում», կարելի սպասել՝ պորտուգալացուն կտրվի Եվրոպայում հանդես եկող ուժեղագույնի կոչումը, որը վերջին երկու տարիներին Ռոնալդուից բացի ոչ ոք չի էլ ստացել։ Իհարկե, որոշակիորեն կարող է խաղաքարտերը խառնել Լուկա Մոդրիչը, որը ոչ միայն «Ռեալի», այլեւ Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում չափազանց մեծ նվաճման է հասել՝ խաղալով Աշխարհի գավաթի եզրափակիչում։
 


Թերեւս միակ ոչ տիտղոսակիր թեկնածուն ուղղակի գերազանց մրցաշրջան անցկացրած եգիպտացի Մոհամեդ Սալահն է։ Հարձակվողը «Լիվերպուլում» անցկացրած առաջին իսկ մրցաշրջանում ռեկորդ սահմանեց Անգլիայի Պրեմիեր լիգայում խփած գոլերի քանակով, օգնեց «կարմիրներին» հնարավորին չափ լավ հանդես գալ «Չեմպիոնների լիգայում»։ Անխոս, առանց տիտղոսի մրցաշրջանը չի կարող ինչ-որ ստվեր նետել եգիպտացի ֆուտբոլիստի փայլուն խաղի եւ անհավանական կարողությունների վրա։

ՈՒԵՖԱ-ի «Տարվա ֆուտբոլիստ» մրցանակը կհանձնվի օգոստոսի 30-ին, երբ Մոնակոյում տեղի կունենան «Չեմպիոնների լիգայի» 2018-2019 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը։ Սպասվում է, որ կհայտարարվի նաեւ «Եվրոպա լիգա» մրցաշարի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը։ Հաղթողի հիմնական հավակնորդները մրցաշարում հաղթած Մադրիդի «Ատլետիկոն» են ներկայացնում՝ Դիեգո Գոդին եւ Անտուան Գրիզման, իսկ «Մարսելի» կազմում տպավորիչ մրցաշրջան անցկացրած Դիմիտրի Պայեն ուղղակի մեծ շանսեր չունի հաղթելու այս մրցանակը. նրա թիմը պարտվել էր եզրափակիչում, իսկ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել, ինչի արդյունքում չկարողացավ մասնակցել Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Ի դեպ, կներկայացվի նաեւ մրցաշրջանի լավագույն թիմը, ըստ խաղային դիրքերի կորոշվեն լավագույնները՝ դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան եւ հարձակվող։

Մրցաշրջանի լավագույն դարպասապահի կոչման համար պայքարում են Ալիսոն Բեկերը («Ռոմա», այժմ՝ «Լիվերպուլ»), Ջիանլուիջի Բուֆոնը («Յուվենտուս», այժմ՝ «PSG») եւ Կեյլոր Նավասը («Ռեալ»)։ Մրցաշրջանի լավագույն պաշտպանի թեկնածուները ներկայացնում են մեկ ակումբ՝ Մադրիդի «Ռեալը»՝ Մարսելո, Սերխիո Ռամոս եւ Ռաֆայել Վարան։
 
Պակաս հետաքրքիր չէ, թե ով կդառնա մրցաշրջանի լավագույն կիսապաշտպան։ Երեք թեկնածուների մեջ կան բոլոր արժանավորները՝ Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Տոնի Կրոս եւ Լուկա Մոդրիչ (երկուսն էլ ներկայացնում են «Ռեալը»)։ Հարձակման գծում լավագույնի կոչման համար պայքար են մղում նախորդ մրցաշրջանի ամենաարժանավոր ֆուտբոլիստները՝ Լիոնել Մեսսին («Բարսելոնա»), Քրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», այժմ՝ «Յուվենտուս») եւ Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։

Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի «Լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի հավակնորդների եռյակում տեղ չեն գտել այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Անտուան Գրիզմանը, Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն, Կեւին դե Բրույնեն, Ռաֆայել Վարանը, Էդեն Ազարը եւ Սերխիո Ռամոսը։ Վերջիններիս նվաճումները բավարար համոզիչ չեն եղել, որպեսզի 80 գլխավոր մարզիչներից (վերջիններս ընտրվել էին ՈՒԵՖԱ-ի «Չեմպիոնների լիգայի» խմբային փուլին մասնակցած 32 թիմերից եւ «Եվրոպա լիգա» խմբային փուլում հանդես եկած 48 ակումբներից) եւ 55 լրագրողներից կազմված ժյուրին ավելի շատ ընդգրկեր իրենց կազմած լավագույն եռյակում։ Ի դեպ, եռյակում ընդգրկված առաջին տեղը ստացել է 5 միավոր, իսկ 2-րդ եւ 3-րդ տեղերում հայտնված ֆուտբոլիստները՝ համապատասխանաբար 3-ական եւ 1-ական։