Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-08-2018
Քրիստինե Ասատրյանը՝ Առցանց դրամաշնորհների 3-րդ եռամսյակի մրցույթի չեղարկման մասին
Օգոստոսի 23-ին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը լայֆ ձեւաչափով խոսեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականցվող Առցանց դրամաշնորհների 3-րդ եռամսակի մրցույթի չեղարկման, խախտումների հայտնաբերման եւ դրանցից բխող հետեւանքների մասին:
Քրիստինե Ասատրյանը մասնավորապես նշեց, որ իր լիազությունների շրջանակներում իրականացրած աշխատանքների արդյունքում հայտնաբերել է մի շարք խախտումներ, որոնց մասին հարկ է համարում տեղեկացնել հանրությանը: 
 
«ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը 2010թ. հուլիսի 1-ից իրականացնում է Առցանց դրամաշնորհների տրամադրման ծրագիրը: Առկա է ՀՀ կառավարության որոշում՝ ընդունված 2003թ.-ի դեկտեմբերի 24-ին, որը սահմանում է ՀՀ պետական բյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների եւ դրամաշնորհների հատկացման կարգը: 2010թ. հունիսի 19-ին ՀՀ վարչապետին առընթեր երիտասարդական քաղաքականության խորհրդի կողմից ընդունվել է որոշում, որը սահմանում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու կարգը: Խնդիրը կայանում է նրանում, որ վարչապետին առընթեր տվյալ խորհուրդը կանոնադրությամբ միայն խորհրդակցական մարմին է, եւ, որպես այդպիսին, որոշումների կայացման լիազություններ չունի: Այն կարող է միայն երիտասարդական քաղաքականության հետ կապված որոշումների մեխանիզմներ առաջարկել: Այսպիսով՝ ստացվում է, որ այդ մարմնի կողմից ընդունված որոշումը, համապատասխանաբար, օրինական հիմք չունի եւ չի կարող համարվել իրավական փաստաթուղթ: Ըստ այս որոշման՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հուլիսի 1-ից ներդրել է դրամաշնորհների առցանց տրամադրման համակարգը, որի միջոցով, մինչեւ սույնն թվականի մայիս ամիսը, տրամադրել է եռամսյակներին համապատասխան դրամաշնորհներ՝ ՀՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպություններին»,-նշեց Քրիստինե Ասատրյանը:

Նրա խոսքով՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության բյուջեով նախատեսված գումարը եղել միջինը 50-60 մլն դրամ, որը, համապատասխանաբար, տրամադրվել է ՀԿ-ներին: Եվ, քանի որ այդ որոշումն իրավական հիմք չունի, ուստի, նախարարի տեղակալը նախարարին է ներկայացրել համապատասխան զեկուցագիր, որպեսզի չեղարկվեն տվյալ որոշումից բխող երեք հիմնական հրամանները՝ նախարարների կողմից ընդունված: 

1-ին հրամանը, որը սահմանում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական ՀԿ-ներին դրամաշնորհների տրամադրման կարգը, ընդունվել է 2014թ. ապրիլի 16-ին: 2-րդ հրամանը՝ ընդունված 2016թ. ապրիլի 22-ին, նախորդի մեջ փոփոխություններ կատարելու մասին է: Իսկ 3-րդը՝ դրամաշնորհային ծրագրերի փորձագիտական աշխատանքները համակարգող աշխատանքային խումբ ստեղծելու մասին է:

«Ինչ կապված է 3-րդ եռամսյակի մրցույթի հետ, ապա, նախարարին ուղղված զեկուցագրում նշել եմ դրա չեղարկման մասին եւս, քանի որ այն նույնպես խախտումներով է իրականացվել: Հայցում եմ այն 14 ՀԿ-ների ներողամտությունը, ովքեր դիմել են: Ցավոք, մենք չենք կարող դրանց ընթացք տալ: Ընթացքը կասեցվել է, անգամ չեն բացվել փաթեթները, չենք կարդացել ծրագրերը: Սակայն մենք փորձում ենք հնարավորության դեպքում դա փոխանցել 4-րդ եռամսյակ: Իսկ եթե չստացվի, ապա դրա մասին  կտեղեկացնենք մինչեւ ամսի 5-ը՝ նախապես»,-նշեց Քրիստինե Ասատրյանը:

Քրիստինե Ասատրյանը տեղեկացրեց նաեւ, որ վաղը՝ առավոտյան, պատրաստվում է հաղորդում ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, որպեսզի տվյալ իրավիճակին տրվի քրեաիրավական գնահատական:

Սպորտի եւ երիտասարդության կայքում տեղադրված հայտարարության հղումը՝ 
http://msy.am/noroutyounner/nakharari-teghakal-qristine-asatryann-araj.html​: