Նյութը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունից
Լուսանկարները՝ Երիտասարդական ակումբների դաշնությունից
Տեղադրվել է 17-08-2018
Մարզային երիտասարդական աշխատողները՝ դասընթացավարների վերապատրաստման ծրագրի մասնակիցներ
Երիտասարդական ակումբների դաշնության մարզային երիտասարդական աշխատողներին, ովքեր ներկայացնում էին Հայաստանի տարբեր մարզերի՝ ԵԱԴ-ի անդամ երիտասարդական ակումբները՝ Արագածոտն (Անդրանիկ Հարոյան եւ Ինեսա Շահազիզյան), Լոռի (Սոխակ Մելքոնյան), Վայոց Ձոր (Հայկ Հարությունյան), հրաշալի հնարավորություն էր ընձեռնվել մասնակցելու «Երիտասարդական աշխատանքը՝ որպես արմատականության եւ բռնի ծայրահեղականության կանխարգելող» խորագրով դասընթացին, որը նախատեսված էր դասընթացավարների համար։

Փորձի փոխանակման եւ հմտությունների ձեռքբերման միջազգային դասընթացը կայացել է օգոստոսի 8-11-ը Ռումինական Սիբիելում։

Դասընթացավարների համար կազմակերպված ծրագիրը նախաձեռնվել է ԵԱԴ-ի միջազգային գործընկեր կազմակերպության՝ Եվրոպական երիտասարդական ակումբների համադաշնության (ECYC) կողմից՝ «Երիտասարդական աշխատանքը՝ որպես կանխարգելիչ պրակտիկա» ամենամյա աշխատանքային ծրագրի շրջանակներում: Դասընթացի կազմակերպչական թիմում ընդգրկված էր նաեւ ԵԱԴ-ի միջազգային քարտուղար եւ ECYC բյուրոյի անդամ Դիանա Եղիազարյանը:

Միջազգային ծրագրի հիմնական նպատակների թվում էին բռնի ծայրահեղականության եւ արմատականության կանխարգելման գործում երիտասարդական աշխատանքի դերի բարձրացումը, դասընթացավարների հմտությունների եւ կարողությունների զարգացումը՝ նպաստելով այն նախագծերի իրականացմանը, որոնք ուղղված են բռնության ծայրահեղականության եւ արմատականացման գործընթացների կանխարգելմանը, ինչպես նաեւ երիտասարդական աշխատողներին անհրաժեշտ միջոցների տրամադրումը՝ տեղական նմանօրինակ ծրագրերի իրականացումը դյուրացնելու նպատակով։



Նախքան այս դասընթացի մեկնարկը ծրագրի մասնակիցներն արդեն ստացել էին «Երիտասարդական աշխատանքի եւ բռնի ծայրահեղականության եւ արմատականացման կանխարգելման» խորագրով թեմատիկ եւ հիմնարար գիտելիքներ՝ լրացնելով 12 մոդուլից կազմված զանգվածային բաց, առցանց դասընթացը (MOOC)։ Ծրագիրը տրամադրել էր հիմնական գիտելիքները, որոնք Սիբելում առավելապես փորձի միջոցով կիրառական բնույթ են ստացել։

Դասընթացը կազմակերպվել է բավականին ինտենսիվ եւ ինտերակտիվ. մասնակիցները 4 օրվա ընթացքում կարողացել են ծանոթանալ բնագավառի հիմնական տարրերին եւ հասկացություններին, անցկացրվել են նաեւ թեմատիկ քննարկումներ փորձագետների մասնակցությամբ:

Վերապատրաստման նպատակով երիտասարդական աշխատողները եզակի փորձ ձեռք բերեցին՝ ստանալով մի շարք գործիքներ, հմտություններ եւ ձեռնարկներ՝ իրենց ապագա ծրագրերն ավելի արդյունավետ զարգացնելու համար։ Դասընթացի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ Եվրոպայի տարբեր երկրների շուրջ 25 մասնակիցներ սեփական գործիքներով եւ փորձով փոխանակվելու հնարավորության ունեցան։

Դասընթացի հիմնական արդյունքը եւ շարունակականությունը ապահովելու համար ծրագրի մասնակիցները մշակել են նախագծեր, որոնք առաջիկա երկու ամիսների ընթացքում պետք է իրականացվեն արդեն ազգային մակարդակով: Հայաստանի 4 երիտասարդական աշխատողները եւս կազմակերպելու են տեղական ծրագիր արմատականության եւ բռնի ծայրահեղականության կանխարգելման թեմայի շրջանակներում: