Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-08-2018
Ֆուտոլային ակադեմիաների անտեսանելի ճակատամարտ՝ Մադրիդյան դերբիում
ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման ժամանակ սպասվում է, որ թե՛ Մադրիդի «Ռեալը», թե՛ նույն քաղաքի մյուս, ավելի համեստ ներկայացուցիչ «Ատլետիկոն» առաջնահերթություն կտաս սեփական մարզադպրոցներում աճեցված կադրերին։
Արդեն մի քանի տարի է, ինչ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը վերածվում է առավելապես նոր եւ երիտասարդ կադրերին վստահելու հնարավորության։ Դեռեւս երկու տարի առաջ Նորվեգիայում կայացած «Ռեալ»-«Սեւիլյա» հանդիպման ժամանակ իր մասին խոսել տվեց Մարկո Ասենսիոն, որին այսօր շատերը Արքայական թիմում դիտարկում են որպես Քրիշտիանու Ռոնալդուի իրավահաջորդի։
 
Տալլինում կայանալիք խաղից առաջ երկու ակումբների ներկայացրած հայտացուցակներում քիչ չեն սեփական ակադեմիաներում աճած կադրերը։ Այս առումով Իսպանիայում միշտ աչքի էին ընկնում Մադրիդի «Ռեալը» եւ «Բարսելոնան», սակայն վերջին տարիներին «Լա Մասիան» այլեւս հիմնական կազմի համար պայքարող ֆուտբոլիստներ չի «արտադրում» «Բարսելոնայի» համար։ Վերջին անգամ կարելի է հիշատակել միայն 26-ամյա Սերժի Ռոբերտոյին, որը շարունակում է մրցելույթները թիմի կազմում, սակայն խոստումնալից կիսապաշտպանից վերաշվել է առաջադրանքը հստակ կատարող եզրային պաշտպանի։


 
Սեփական կադրերին վերադարձնելու Մադրիդի «Ռեալի» պրակտիկան վերջերս նաեւ «Ատլետիկոյի» կողմից իրականացվեց։ Շուրջ 20 մլն եվրո վճարելով իր սանի՝ Ռոդրիգոյի համար, «Ատլետիկոն» այժմ կարծես թե գտել է, թե ով պետք է փոխարինի թիմից հեռացած եւ «Ալ Սադ» տեղափոխված 35-ամյա ավագին՝ Գաբիին։ Ներկայում «Ատլետիկոյի» կիսապաշտպանության կենտրոնում հիմնական դեր են ստանձնել ակումբի սաները՝ Թոմասը Պարտին եւ Սաուլ Նիգեսը։ Չնայած այս երկուսի համատեղ տարիքը 48-ը չի գերազանցում, սակայն արդեն հասցրել են ավելի քան 250 հանդիպում անցկացնել։
 
Չնայած Ռոդրիգոն բավականին հաճախ էր հայտնվում «Վիլյառեալի» կազմում, սակայն նա ընդամենը 22 տարեկան է, այնպես որ Դիեգո Սիմեոնեն դեռեւս պետք է որոշակի աշխատանք տանի՝ նորեկին եւս դարձնելու իսկական «ատլետի»։ Այս առումով հատկանշական է Կոկեի ուղին։ 26-ամյա ֆուտբոլիստը հասցրել է ավելի քան 250 հանդիպում անցկացնել իսպանական «Լա Լիգայում»։ Անցած տարի էլ նոր պայմանագիր կնքեց «ատլետիների» հետ՝ մինչեւ 2024թ. կարիերան կապելով ներկայիս ակումբի հետ։


 
Հավանական է, որ Կոկեի, Սաուլի եւ Թոմասի կողքին Սուպերգավաթի խաղում կարող է մեկնարկել նաեւ Ռոդրիգոն։ Այդ ժամանակ ամբողջ կիսապաշտպանությունը կարող է սեփական սաներից լինել։ Եթե հաշվի առնենք, որ «Ատլետիկոյի» ակադեմիայից է դուրս եկել նաեւ վերջերս աշխարհի չեմպիոն դարձած ֆրանսիացի պաշտպան Լուկա Հերնանդեսը, ապա ի հակադրություն Մադրիդի «Ռեալի», որի կազմում սեփական ակադեմիայից դուրս եկած միակ անփոխարինելիի դերում Դանի Կարվախալն է, սեփական կադրերին վստահելու տեսանկյունից Դիեգո Սիմեոնեի թիմը դառնում է անմրցելի։
 
Գուցե սա է պատճառը, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շարունակում է պնդել՝ գլխավոր մարզիչը պետք է հույսեր կապի երիտասարդական ակադեմիայի սաների հետ, չնայած նաեւ հակասում է ինքն իրենց՝ Արքայական թիմ հրավիրելով ժամանակին «Ատլետիկոյում» կարիերայում առաջին կարեւոր քայլերը սկսած Տիբո Կուրտուային։ Արդյունքում Կիկո Կասիլյան, որը «Լա Լիգայի» ելույթների տեսանկյունից ամենից փորձառուն է Խուլեն Լոպետեգուի տրամադրության տակ առկա ֆուտբոլիստներից, կարող է հեռանալ թիմից խաղային պրակտիկայի քչության պատճառով։



Զինեդին Զիդանի վերջին մրցաշրջանում հիմնական կազմի խաղացող դարձած ու ակադեմիայի սան Լուկաս Վասկեսը ստիպված է կրկին պայքարել հիմնական կազմում տեղ ունենալու համար։ Իսկո, Գարեթ Բեյլ, Մարկո Ասենսիո եւ Վինիսիուս քառյակի հետ միասին Լուկասին այս մրցաշրջանում նոր փորձություն է սպասվում։ Նույնպիսի իրավիճակում է նաեւ Նաչո Ֆերնանդեսը։ Չնայած նա առաջին տարբերակն է, եթե պաշտպանությունում բացակայում է հիմնական կազմի ֆուտբոլիստ հանդիսացող քառյակից մեկը, սակայն անգամ ամենահրաշալի խաղից հետո Նաչոն չի դառնում հիմնական կազմի անփոխարինելի ֆուտբոլիստ։

Անգամ Դանի Կարվախալի համար կարող են խնդիրներ առաջանալ։ Այս մրցաշրջանի մեկնարկից առաջ 40 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերվել Ալվարո Օդրիսոլան, որը դիտարկվում է որպես 26-ամյա ֆուտբոլիստի առաջնային փոխարինող։ 



Եթե մադրիդյան ակումբներում սկսել են առավել ուշադրություն դարձնել իրենց ակադեմիաներին, ապա կատալոնական «Բարսելոնայում» այս պահին ակումբի սաներ են Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը, Ժերար Պիկեն եւ Սերժի Ռոբերտոն։ Ի դեպ, այս քառյակը Անդրես Ինյեստայի՝ թիմից հեռանալուց հետո կլինի «Բարսելոնայի» ավագության համար պատասխանատուն։ 

Հատկապես վերջին շրջանում կատալոնական թիմը ուշադրություն է դարձնում բրազիլացիների վրա եւ միայն վերջին մեկ տարվա մեջ ձեռք է բերել Ֆիլիպե Կոուտինյոյին, Արթուրին ու Մալկոմին։ Մի քիչ ավելի վաղ էլ թիմում հայտնվել էին բրազիլացի պաշտպաններ, որոնք այդպես էլ չկարողացան կորիզ կազմել հիմնական թիմում։ Ընդհանրապես, վերջին տարիներին կատալոնական թիմի ղեկավարները մեծ ուշադրություն են դարձնում Լատինական Ամերիկայի շուկային։ Թիմում ունենալով Լեո Մեսսի եւ Լուիս Սուարես, նախորդ մրցաշրջանում նաեւ բրազիլացի Պաուլինյոյին, այս տարի համալրվեց թիմը նաեւ Մյունխենի «Բավարիայի» հենակետային կիսապաշտպան Արթուրո Վիդալով։ Այս առումով մի փոքր իսպանական շունչը մարել է «Բարսելոնայում»։



Մինչդեռ արագ աճում է իսպանացի ֆուտբոլիստների թիվը Մադրիդի «Ռեալում» եւ «Ատլետիկոյում»։ Չնայած «ատլետիների» մարզադպրոցի մասին քիչ է խոսվում, սակայն այն արդեն լիովին մրցակիցն է «Ռեալի» եւ «Բարսելոնայի» դպրոցների, բացի այդ՝ Դիեգո Սիմեոնեն սկսել է ավելի շատ վստահել իր թիմի տարբեր տարիքային թիմերի կազմում հանդես եկած ֆուտբոլիստներին՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ 2011թ. արգենտինացի մարզիչը գլխավորում է թիմը եւ կարողանում է թիմի խաղային փիլիսոփայությանն արժանի ֆուտբոլիստներ գտնել։

Տալլինում սպասվող խաղին կարծես թե կապացուցվի, որ ներկայում Իսպանիայի՝ ֆուտբոլային հզոր ակադեմիա ունեցողների շարքը գլխավորում է «Ատլետիկոն»։ Արդյո՞ք դա կօգնի հաղթել, դեռեւս վաղ է ասելը, անհրաժեշտ է սպասել Սուպերգավաթի խաղին։