Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-08-2018
Ծանոթության միասնական նախաճաշ երիտասարդության համար
Երիտասարդներին հրավիրել էին Երեւանի Հանրապետության հրապարակ միմյանց ծանոթանալու եւ նախաճաշելու՝ որպես Երիտասարդության օրվան նվիրված միջոցառումների մեկնարկ։

Օգոստոսի 12-ին աշխարհը նշում է Երիտասարդության միջազգային օրը։ Չնայած Հայաստանում կա առանձին՝ ուսանողների եւ երիտասարդների օր նույնպես, սակայն համաշխարհային օրացույցում օրը շատ կարեւոր է եւ հնարավոր չէ անտեսել։ Գրեթե երկու տասնամյակ ամբողջ աշխարհում օրվա շրջանակում ընդունված է ակտիվորեն խոսելու երիտասարդների մասին եւ աջակցություն հայտնելու երիտասարդական նախաձեռնություններին, արժեւորելու վերջիններիս դերը փոփոխությունների եւ հաջողությունների հասնելու հարցում։

Վաղ առավոտից Հանրապետության հրապարակում հավաքվել էին բազում երիտասարդներ, որոնց մեկտեղել էր Երիտասարդության միջազգային օրվան նվիրված «Ծանության միասնական նախաճաշ» միջոցառումը, որը կազմակերպել էր Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը՝ մեկ անգամ եւս ընդգծելով շարունակական աջակցությունը երիտասարդական նախաձեռնություններին, որոնք միտված են երիտասարդության ձայնը ավելի լսելի դարձնելուն։ Նախաճաշելուն զուգահեռ անչափ հետաքրքիր ու ինքնատիպ հարթակ էր ստեղծվել ծանոթանալու միմյանց հետ, ճանաչելու եւ աջակցելու նաեւ իրար Հայաստանում իրականացվող երիտասարդական ծրագրերի շրջանակում։

Հանրապետության հրապարակը դարձել էր ակտիվ գործունեություն ծավալող երիտասարդների եւ տարբեր երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների ինքնատիպ ժամադրավայր։ Քննարկումներ էին ծավալվում ամենատարբեր թեմաների մասին՝ տարատեսակ գործընթացներին երիտասարդական մասնակցության կարեւորությունից մինչեւ Հայաստանում երիտասարդների դերի նորովի արժեւորման անհրաժեշտության։

Ողջույնի ելույթով հանդես եկան եւ Հայաստանի երիտասարդության դերը հեղափոխությունից հետո երկրում ժողովրդավարության զարգացման ժամանակակից փուլում ընդգծեին Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը։ Ըստ Հայաստանում ԵՄ-ի ներկայացուցչի՝ ակտիվորեն ստեղծվում են նոր հնարավորությունների երիտասարդների համար. «Հատկապես վերջին տարիներին Հայաստանում ԵՄ պատվիրակությունը մեծ աջակցություն է ցույց տալիս Հայաստանի երիտասարդներին՝ իրենց նախաձեռնություններն իրականություն դարձնելու հարցում կարողությունների զարգացման հնարավորություններ տրամադրելով։ ԵՄ-ն կարեւորում է երիտասարդության դերը եւ ներգրավվածությունը երկրի զարգացման գործում: Բարի երթ եմ մաղթում բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում»։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Քրիստինե Ասատրյանը նշեց, որ այսօր նախարարությունը փորձում է հնարավորինս ավելացնել երիտասարդների հնարավորությունները եւ հմտությունների ու կարողությունների զարգացումը որդեգրել է որպես առաջնային կարեւորություն. «Երիտասարդությունը մեծ դերակատարում ունեցավ ամիսներ առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունում։ Հասարակության ամենից ակտիվ հատվածը երիտասարդներն են եւ պետք է շարունակենք աջակցություն ցուցաբերել նրանց։ Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ՝ ընդգծելով եւս մեկ անգամ ակտիվ երիտասարդություն ունենալու անհրաժեշտությունը՝ մեր երկրում փոփոխությունների հասնելու ճանապարհին»։

«Ծանոթության միասնական նախաճաշի» սեղանին հայտնված բարիքները ճաշակելուն զուգահեռ Հանրապետության հրապարակում նաեւ երիտասարդական ֆլեշմոբ տեղի ունեցավ։ Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը, ի նշան օրվա եւ վերջին ամիսներին երկրում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին ակտիվ մասնակից դարձած երիտասարդության՝ «Օրվա Հերոս» մեդալով պարգեւատրեց Հանրապետության հրապարակում Հայաստանի հավաքական երիտասարդությանը։ Ի դեպ, յուրատեսակ մեդալը կպահվի կազմակերպության գրասենյակում, այնպես որ մեր ժամանակների հերոս երիտասարդները կարող են ամեն պահի գնալ ԵԱԴ գրասենյակ եւ լուսանկարվել խորհրդանշական ու հավաքական մեդալով։

«Կարծում եմ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը մեծ ավանդ ունեցող երիտասարդները կցանկանան այսօրինակ մեդալ ստանալ։ Այսօր մեր ձեռքին է մեդալը, վաղը կարող է լինել ցանկացած երիտասարդների ձեռքին, այսպես որ սիրով սպասում ենք բոլոր երիտասարդներին մեր գրասենյակ»,- նշեցին Երիտասարդական ակումբների դաշնության ներկայացուցիչները՝ խորհրդանշական մեդալով Հանրապետության հրապարակում լուսանկարվելու առիթը բաց չթողնելով։

Երեւանի Հանրապետության հրապարակում կայացած «Ծանոթության միասնական նախաճաշով» տրվեց մեկնարկը Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքի, որոնք շարունակվեցին 2018թ. Հայաստանի երիտասարդության մայրաքաղաք Իջեւանում։ Նախաճաշելուց եւ միմյանց հետ ծանոթանալուց հետո երիտասարդներն ուղեւորվեցին դեպի Տավուշի մարզկենտրոն:

Պատկերասրահ՝ Երիտասարդության միջազգային օրն Իջեւանում