Նյութը՝ Վորլդ Վիժն Հայաստանից
Լուսանկարները՝ Վորլդ Վիժն Հայաստանից
Տեղադրվել է 31-07-2018
Սիսիանում կայացավ Ազնվամորու փառատոնը
Հուլիսի 28-ին Սիսիան համայնքի Աշոտավան գյուղի գեղատեսիլ բնության գրկում տեղի ունեցավ Հայաստանի ամենագունեղ միջոցառումներից մեկը` Ազնվամորու փառատոնը:

Փառատոնը կազմակերպել էր Վորլդ Վիժն Հայաստանը: Արդեն երրորդ տարին անընդմեջ գյուղմթերք արտադրող խմբերը հյուրասիրեցին այցելուներին անուշահամօրգանական ազնվամորի, գաթա եւ այլ ազգային ուտեստներ ու հյութեր: 

Փառատոնի մասնակիցներին ու հյուրերին ողջունեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը. «Սա սովորական փառատոն չէ արդեն, ժողովուրդն արդեն ամիսներ առաջ սպասում է այս միջոցառմանը եւ սիրով մասնակցում»,-ասաց համայնքապետը: 

«Արդեն երրորդ տարին է, որ անցկացնում ենք այս փառատոնը, որի հիմնական նպատակն էզարգացնել ազնվամորու արտադրման եւ սպառման արժեշղթան տարածաշրջանում եւ սատարել տեղական արտադրողին՝ նպաստելով գյուղական համայնքների տնտեսական հզորացմանը: Ամեն տարի այցելուների թիվն ավելանում է: Այս տարի փառատոնով շատ հետաքրքրված են եղել տուրիստական գործակալությունները, ինչի արդյունքում այսօր շատ հյուրեր ունենք նաեւ արտերկրից»,- ասաց Վորլդ Վիժնի Սյունիքի մարզի գրասենյակի ղեկավար Լենա Կարապետյանը:

Միջոցառումն ուղեկցվեց ժողովրդական երգ-երաժշտությամբ ու ազգային պարերով: Այցելուների համար կազմակերպվեցին տարատեսակ մրցույթներ եւ խաղարկություններ, տրվեցին մրցանակներ տարբեր անվանակարգերում: Երեխաները մասնակցեցին նկարչական մրցույթին եւ հատուկ փոքրիկների համար կազմակերպված ժամանցային ծրագրերին։Մասնակիցները հնարավորություն ունեցան տեղում, ինչպես նաեւ հետագայում անմիջապես գյուղացուց գնել ազնվամորի եւ այլ գյուղմթերք: