Նյութը՝ Սոֆի Թովմասյանի
Լուսանկարները՝ Սոֆի Թովմասյանի
Տեղադրվել է 25-07-2018
Հորինված ու իրական «հեռավորությունները»՝ գյուղական համայնքներում
«Դպրոցի մեծ պատուհաններից այն կողմ աշակերտների հետաքրքրված ու զննող հայացքներն էին, եւ ես զգում էի, թե որքան ոգեւորված էին նրանք». սա Ավստրիայից ժամանած Ֆլորիան Վիքի առաջին միտքն էր Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի Արտաշես Վասիլյանի անվան միջնակարգ դպրոց կատարած այցի մասին խոսելիս:

Նա եւ ընկերներն ուրախ էին, որ հայկական գյուղի դպրոցներից մեկում լինելու հնարավորություն ունեն, որովհետեւ անընդմեջ կարող էին համեմատություններ անել ու իրենք իրենց համար պարզել, որ Ավստրիայից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ինչ-որ գյուղում՝ անգամ փոքրիկ ու անհարմարավետ դասասենյակներում, կան հենց իրենց նման երիտասարդներ, ովքեր ունեն սովորելու մեծ ցանկություն՝ պակաս հնարավորություններով, ու չնայած դրան՝ չեն վախենում արտահայտել իրենց մտքերն ու դրանք իրականություն դարձնել: Ավելին՝ գիտակցելով ժամանակի հրամայականներն ու մեդիագրագիտության կարեւորությունը՝ նրանցից շատերն իրենց հմտություններն այդ ոլորտում զարգացնելու, ինչպես նաեւ այդ գիտելիքները համայնքային խնդիրները լուսաբանելիս օգտագործելու եւ դրանց լուծման գործընթացին հետեւելու մեծ մոտիվացիա ունեն:

Հանդիպումը կայացավ «UniGrowth» զարգացման կենտրոն ՀԿ-ի կազմակերպած եւ Եվրոպական միության Էրազմուս+ ծրագրի կողմից ֆինանսավորված «Be Updated Not Misled» երիտասարդական փոխանակման շրջանակում, որը տեղի էր ունեցել 06.07-14.07.2018 թ.:
 
Վերոնշյալ կազմակերպության համահիմնադիրներ Թամարա Այդինյանն ու Լաուրա Պողոսյանն ասում են՝ քանի որ ծրագրի խորագիրը մեդիագրագիտությունն էր, հանդիպումն էլ կազմակերպել էին՝ հասկանալու համար, թե այն գյուղական համայնքներում ինչպիսի մակարդակում է, ինչպիսի աշխատանքներ են կատարվում մեդիագրագիտությունը խթանելու համար: Բացի դրանից՝ դա լավ հնարավորություն էր՝ պարզելու, թե իրենք ինչպիսի ներդրում կարող են ունենալ՝ գյուղական համայնքներում ապրող երիտասարդների կրթական խնդիրները լուծելու ուղղությամբ:

Ցանկացած ներդրում միտված է փոփոխությանը, իսկ այն պետք է սկսել միջավայրից:

Վրաստանի խմբի մասնակիցներից Կեսո Չումբուրիդձեն ասում է՝ այն, ինչ տեսավ դպրոցում, իր համար զարմանալի չէր, Վրաստանում էլ կան նույն խնդիրները, սակայն վստահ է, որ փոխելով միջավայրը՝ կփոխեն նաեւ մարդկանց եւ նրանց մտածելակերպը. «Ես այնքան եմ գնահատում այն մարդկանց, ովքեր չեն ուզում գնալ Երեւան, ինչպես շատերը, այլ նախընտրում են մնալ ու ինչ-որ լավ բան անել իրենց տեղական համայնքների համար»:

Ավստրիացի Մարլին Վիքն էլ զարմանք էր ապրում, թե ինչպես շատերը Երեւանում կրթություն ստանալուց հետո հետ են գալիս գյուղ. չէ՞ որ պայմանները լավագույնը չեն ապրելու եւ աշխատելու համար:
  

«Ներսումս մի զգացում կար, որ մենք բաժանվել ենք 2 առանձին խմբերի, մի կողմում մենք էինք, մյուս կողմում՝ աշակերտները: Թվում էր՝ ոչինչ չի կապում մեզ, եւ պատճառը հեռավորությունն էր՝ բառի ամենախորը իմաստով»,- ասում է Յանա Համմերը:

Այդպիսի զգացում ունեցել են շատերը, սակայն քիչ չէին նաեւ այն մասնակիցները, ովքեր տարբերություններին զուգահեռ գտել էին ընդհանուր հետաքրքրություններ ու հոբբիներ: Եվ հենց այդ նմանություններն են, որ պետք է կոտրեն «մշակութային հեռավորություն» կոչված խոչընդոտների շղթան ու լայն հորիզոններ բացեն համագործակցության ու նոր գաղափարների իրականացման համար: Հեռավորությունները հաղթահարելու համար են, լինեն դրանք կիլոմետրերի, թե մտքերի տեսքով:

Նշենք նաեւ, որ ծրագրին մասնակցում էին 36 երիտասարդներ 6 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Ավստրիայից, Ռումինիայից, Ուկրաինայից եւ Էստոնիայից: