Նյութը՝ Սոֆի Թովմասյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-07-2018
Մեդիագրագիտության դարաշրջանը
Հայաստանում գործող «UniGrowth» զարգացման կենտրոն ՀԿ-ն հուլիսի 6-14-ը կազմակերպել էր թվով 3-րդ երիտասարդական փոխանակումը՝ «Be updated, Not misled» խորագրով:

Ծրագրի շրջանակում Հայաստանը հյուրընկալեց վեց երկրներից ընտրված 36 երիտասարդ մասնակիցներ ՝ Հայաստանից, Վրաստանից, Ավստրիայից, Ռումինիայից, Ուկրաինայից և Էստոնիայից: 

Դիլիջանը վերածվել էր մի մեծ «կաթսայի», որտեղ « եփվում էին» մշակութային ամենատարբեր հայացքներն ու պատկերացումները: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մասնակիցները հասցրին ընտելանալ ոչ ֆորմալ կրթության կանոններին, մշակութային բազմազանությանը, տարբերել կեղծ ու ճշմարիտ լուրերը՝ սովորելով լողալ և ոչ խեղդվել տեղեկատվական արտահոսքում, ինչպես նաև՝ ներկայացրին մեդիագրագիտության աստիճանը, զարգացման հնարավորություններն ու մեթոդները վերոնշյալ երկրներից յուրաքանչյուրում:

Հյուրընկալող կազմակերպության համահիմնադիր Թամարա Այդինյանն ասում է. «Ծրագիրը սովորեցնում է չվախենալ արտահայտել սեփական մտքերը, համահունչ քայլեր անել մեդիա-մարտահրավերների դարաշրջանում, զարգացնել լեզվական հմտություններն ու, ի վերջո, մեծացնել հետաքրքիր ու խելացի  ընկերների շրջանակը»: 

«Նմանօրինակ ծրագրերի իրականացումը շարունակական բնույթ է ունենալու: Մասնակիցները պատրաստ են նոր գաղափարների ստեղծմանն ու իրականացմանը»,-hավաստիացնում են ծրագրի կազմակերպիչները: