Նյութը՝ «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ի
Լուսանկարները՝ «ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ի
Տեղադրվել է 17-07-2018
Գյուղատնտեսությունը կարող է շահավետ լինել
«ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ Դիլիջան խոշորացված համայնքի շուրջ 150 երիտասարդ հարստացրեց իր գիտելիքներն արդյունավետ գյուղատնտեսությամբ զբաղվելու վերաբերյալ։

«Գյուղական համայնքներում երիտասարդների զբաղվածության խթանումը՝ կայուն եւ օրգանիկ գյուղատնտեսության միջոցով» ուսուցողական դասընթացն անցկացվեց հուլիսի 3-ից 6-ը։ 

Ծրագիրն իրականացվել է ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Դասընթացի նպատակն էր Տավուշի մարզի երիտասարդների շրջանում խրախուսել ներգրավվել օրգանական գյուղատնտեսության մեջ եւ այն վերածել շահավետ բիզնեսի՝ զարգացնելով գյուղական զբոսաշրջությունը: 

Ծրագրի կազմ․ կոմիտեի ղեկավար Տիգրան Քեռյանը նշեց․  «Գյուղատնտեսությունը հանդիսանում է երկրի ռազմավարական նշանակություն ունեցող ճյուղերից, այն երկիրը «կերակրողն» է։ Հայաստանը ունի շատ լավ նախապայմաններ զարգացած գյուղատնտեսություն ունենալու համար, սակայն, ռեսուրսների անբավարար օգտագործման եւ երկրագործի դերը հասարակական կյանքում ոչ այնքան արժեւորված լինելու պարագայում շատ հողեր մնում են անմշակ եւ երիտասարդները չեն ձգտում ներգրավվել տնտեսության այս ճյուղում։ Այսօր ՀՀ գյուղատնտեսության ոլորտում առկա են բազմաթիվ խնդիրներ եւ մարտահրավերներ՝ պայմանավորված ցածր արտադրողականությամբ:

Գյուղաբնակների ճնշող մեծամասնությունն իրենց տնտեսությունը վարում են առանց որոշակի համապատասխան գիտելիքների, հաճախ ապավինելով ավանդույթի ուժին։ Սակայն հարկ է նշել, որ շատ հաճախ ավանդական մշակվող բույսերի համար նպատակահարմար չեն տվյալ բնակլիմայական պայմանները, որի արդյունքում էլ արձանագրվում է ցածր բերքատվություն։ Գյուղաբնակ երիտասարդն ամեն օր հազարավոր խոչընդոտների է հանդիպում, որոնց մի մասը տեխնիկական բնույթի են եւ որոշակի գիտելիքների առկայությունը թույլ կտա խուսափել դրանցից։ Ուստի համապատասխան տեղեկատվության, գիտելիքների եւ հմտությունների փոխանցմամբ, վստահ ենք՝ հնարավոր կլինի էապես փոխել իրավիճակն ու ունենալ որակապես այլ գյուղացիական տնտեսություն, որն ունակ կլինի դիմակայել առկա մարտահրավերներին»։

Դասընթացի շրջանակներում մասնակից երիտասարները անհրաժեշտ հմտություններ են ստացել օրգանական գյուղացիական տնտեսություն կառուցելու, այն ճիշտ կառավարելեւ գյուղական զբոսաշրջությունը զրագացնելու վերաբերյալ։ Դասընթացի կազմակերպիչները փորձել են նաեւ գյուղատնտեսությամբ զբաղվող երիտասարդների շրջանում սերմանել բիզնես մտածելակերպ, բարձրացնել ֆինանսական գրագիտության մակարդակը։

Ծրագրի մասնակիցներից շատերը կարեւորեցին նմանօրինակ ծրագրերի իրականացումը՝ շեշտելով դրա օգտակարությունը եւ հույս հայտնեցին, որ այսօրինակ նախաձեռնությունները շարունակական կլինեն։Ոմանք ոգեւորվելով խոստացան ստեղծել սեփական գյուղացիական տնտեսությունն իրենց տնամերձ հողամասերում։

Ծրագրի շրջանակներում հրատարակվել է ուղեցույց, որն իր մեջ պարունակում է անհրաժեշտ տեղեկատվությունը բույսերի աճի, խնամքի, վնասատուների դեմ պայքարի եւ այլն վերաբերյալ։  Ձեռնարկը տրամադրվել է ինչպես մասնակիցներին, այնպես էլ այլ շահառուների։ Դասընթացների մասնակիցներին տրվել են նաեւ տարբեր բույսերի սերմեր, որոնք նրանք կաճեցնեն իրենց հողամասում։

Ծրագրի կազմակերպիչները շարունակակական մոնիթորինգ են իրականացնելու դասընթացի մասնակից համայնքներում՝ անհրաժեշտության դեպքում տրամադրելով օգտակար մասնագիտական խորհրդատվություն։