Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 15-07-2018
Աշխարհի առաջնության 31-րդ օրը. բելգիական ֆուտբոլը նոր հերոսներ ունի
Բելգիայի հավաքականի կազմը հատ առ հատ ներկայացնելու կարիք չկա, քանի որ բոլորն էլ շատ տաղանդավոր ու հայտնի ֆուտբոլիստներ են, իսկ այսօրվանից արդեն նրանք լավագույնն են երկրի պատմության մեջ։

Բելգիայի հավաքականի ներկայիս սերունդը չափազանց տաղանդավոր է։ Իհարկե, պակաս չէ նաեւ «Երեք առյուծների»՝ Անգլիայի հավաքականի տաղանդավոր ֆուտբոլիստների թիվը, սակայն 3-րդ տեղի համար պայքարում բելգիացիներն ապացուցեցին, որ պատահաբար չեն հաղթել Բրազիլիայի հավաքականին՝ Մունդիալի 1/4 եզրափակիչից դուրս թողնելով աշխարհի հնգակի չեմպիոններին։

Հունիսի 29-ին Կալինինգրադում կայացաված Անգլիա – Բելգիա դիմակայությունը առավելապես ընկերական հանդիպման տպավորություն էր թողել, երբ թիմերից մեկը ցանկություն ուներ ավելի հարմար հատվածում հայտնվել եւ առաջ շարժվել։ Փորձը ցույց տվեց, որ անգամ այդպիսի դեպքերը չեն կարող երաշխավորել արդյունքը, որից անգլիացիներն ամեն դեպքում գոհ են։ Ավելի քան 28 տարի անց Անգլիայի հավաքականը կարողացավ հայտնվել Աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ փուլում, այն էլ Ռուսաստանում, որտեղ սպասելիքները մեծ չէին «Երեք առյուծներից»։



Բելգիայի հավաքականի պարագայում սպասելիքները մեծ էին։ Ռոբերտո Մարտինեսի՝ գլխավոր մարզչի ղեկավարությամբ ստեղծվել էր ընտրանի, որտեղ յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտեր, թե որն է իր դերը եւ ինչպես է պետք պայքարել հաղթանակի համար։ Բելգիացիների այս սերունդից Ռուսաստանում հաղթանակը մեծ անակնկալ չէր լինի, չնայած փորձի պակաս եւ կարեւոր խաղի մասնակցության հնարավորություն միշտ չէ բաժին ընկել բելգիացիներին։

Սանկտ Պետերբուրգի գլխավոր ստադիոնում 64 հազարից ավելի ֆուտբոլասեր կար։ Սա եւս մեկ ապացույց է, որ Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության խաղերին մարդիկ գնում են եւ սատարում իրենց սիրելի թիմերին, տրիբունաները գրեթե մշտապես լեփ-լեցուն են։ Այսպիսի մեծ տարողունակության ստադիոնում 3-րդ տեղի համար պայքարը պետք է ակտիվ սկսվեր։ Այդպես էլ եղավ. հանդիպման 4-րդ րոպեին բելգիացիները բազմաքայլ գրոհ ձեռնարկեցին։ Անգամ եզրային պաշտպան Թոմա Մենյեն միացավ գրոհին եւ նպաստավոր դիրքում ստանալով գնդակը՝ բացեց խաղի հաշիվը։



Արագ գոլը մարզասերներին ու տրիբունաներում հայտնված երկրպագուներին գոլառատ խաղի հույս պարգեւեցին՝ հաշվի առնելով նաեւ փորձը, որ վերջին տարիներին Աշխարհի գավաթում ամենագոլառատ խաղերը ոչ թե եզրափակիչ է տեղի ունենում, այլ հենց 3-րդ տեղի համար նախատեսված խաղերում։ Հանդիսատեսի սպասելիքները չարդարացան, քանի որ խփած գոլից հետո Բելգիայի հավաքականը մի փոքր հանգստացրեց խաղի տեմպը, իսկ անգլիացիները չէին շտապում հավասարեցնել հաշիվը։

Երկրորդ խաղակեսում «Երեք առյուծները» մի փոքր ակտիվացան։ Դրվաներից մեկում էլ գեղեցիկ գրոհի արդյունքում հարվածային դիրքում հայտնվեց Էրիկ Դայերը, սակայն վերջինիս հարվածից հետո դեպի անպաշտպան մնացած դարպասը սլացող գնդակին հասավ բելգիացիների պաշտպան Տոբի Ալդերվեյրելդը՝ անառիկ պահելով դարպասապահ Տիբո Կուրտուայի դարպասը։ Այս դրվագը կարծես վերջնականապես թեւաթափ արեց անգլիացիներին, որոնք այլեւս ուժեր չունեին պայքար մղելու 3-րդ տեղի համար։



Երկրորդ խաղակեսի վերջին բելգիացիները կրկին ակտիվացան։ Մի դեպքում անգլիացիները կարողացան լավ պաշտպանվել եւ հետ մղել մրցակցի գրոհը, սակայն 82-րդ րոպեին իր խոսքն ասաց բելգիացիների առաջատար Էդեն Ազարը։ Եզրային հարձակվողը խփեց իր թիմի երկրորդ գոլն այս խաղում եւ արժանիորեն հանդիպման վերջում ճանաչվեց դիմակայության լավագույն ֆուտբոլիստ։ Ի դեպ, այս մրցաշարում Էդեն Ազարը բելգիացիների անցկացրած 7 խաղերից 3-ում լավագույնն է ճանաչվել։ Միայն խորվաթ Լուկա Մոդրիչը կարող է հպարտանալ այսօրինակ մեծ հաջողությամբ։

Անգլիայի հավաքականը երկրորդ գոլից հետո լիովին թեւաթափ եղավ։ Այլեւս պայքար մղելու եւ ոչ մի ցանկություն չկար Գարեթ Սաութգեյթի գլխավորած թիմի ֆուտբոլիսների մոտ։ Նրանք արդեն իսկ հերոս էին, քանի որ կարողացել էին ավելին անել, քան իրենցից սպասում էին Անգլիայում։



Բելգիայի հավաքականն էլ գրանցեց պատմական արդյունք՝ ցույց տալով լավագույն ելույթներից մեկը իր պատմության ընթացքում եւ բրոնզե մեդալ նվաճելով Մունդիալի ժամանակ։ Հեռավոր 1986 թ.-ին կիսաեզրափակիչում խաղալը եւ հետագայում 4-րդ տեղը գրավելը այլեւս լավագույնը չէ. այժմ Բելգիայի հավաքականի լավագույն արդյունքը Աշխարհի գավաթի մրցաշարում 3-րդ տեղն է։


Հ.Գ.։ Թե՛ Անգլիայի, թե՛ Բելգիայի հավաքականների ֆուտբոլիստները միմյանց լավ էին ճանաչում հատկապես անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում ելույթների շնորհիվ։ Պատահական չէ, որ խաղի ավարտից հետո անգլիացիները մնացին խաղադաշտում՝ շնորհավորելու հաճախ իրենց ակումբակիցներին, այլ ոչ թե մրցակիցներին հաղթանակի համար։ Իսկապես գեղեցիկ քայլ էր...

Առջեւում մնում է մեկ խաղ։ Պետք է ճանապարհ ընդկնել դեպի Մոսկվա։ Հուլիսի 15-ին ամբողջ աշխարհի ուշադրությունը կկենտրոնանա եզրափակիչ խաղի՝ Ֆրանսիա – Խորվաթիա մրցավեճի վրա։ Հիանալի, սակայն սպասման 24 ժամի վերջնահաշվարկը տրված է։