Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Մոսկվա, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 13-07-2018
Աշխարհի առաջնության 29-րդ օրը. կրկին ճանապարհին, կրկին դեպի Սանկտ Պետերբուրգ
Մունդիալի շրջանակում անհնար է մտածել հոգնածության մասին, անգամ եթե ժամանակ չկա մի փոքր հանգստանալու համար՝ անընդհատ նոր փորձություններ են ու երկար ճանապարհ։

Հուլիսի 12-ից 14-ը Մունդիալին մասնակցող չորս երկրների՝ Ֆրանսիայի, Խորվաթիայի, Անգլիայի եւ Բելգիայի հավաքականի ներկայացուցիչները հանգստանալու հնարավորություն ունեն։ Առիթը օգտագործելով՝ ֆուտբոլիստներին են միացնել իրենց ընտանիքների ներկայացուցիչները, որոնք նախորդ օրերին հեռու են եղել Ռուսաստանից եւ իրենց սիրելիներին սատարել են հեռվից։

Հաշվի առնելով այն փաստը, որ երրորդ տեղի համար խաղը կայանալու է հուլիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում, պետք էր կրկին ճանապարհ ընկնել Մոսկվայից, որտեղ կայացավ Խորվաթիայի եւ Անգլիայի հավաքականների միջեւ երկրորդ կիսաեզրափակիչ հանդիպումը։ Ընդհանրապես, ամեն ինչ Ռուսաստանի պարագայում դժվարությունների հետ է կապված, քանի որ Մունդիալի խաղերը հյուրընկալող քաղաքները միմյանցից բավականաչափ հեռու են։



Հուլիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում լինելու համար գնացքի վաղօրոք տոմսեր էի գնել։ Այնպես ստացվեց, որ կարելի էր մեկ օր անցկացնել Մոսվայում, ապա նոր ճանապարհ ընկնել գիշերով։ Ազատ օրը բավականին հետաքրքիր միջոցառումներ էին սպասվում. բոլորն էր վերաբերում էին ֆուտբոլին։

Չափազանց հետաքրքիր անցավ «Մունդիալ-2018»-ի փակման արարողությանը նվիրված մամուլի ասուլիսը, որին մասնակցում էին միջոցառման պատասխանատուները։ Ճանաչված դերասան Ուիլ Սմիթը որոշեց տարբեր երկրների լրագրողների հետ տալ բոլոր երկրների անունը։ Այնպես եղավ, որ այդ պահին մամուլի ասուլիսի սրահում Հայաստանի մեդիայի ներկայացուցիչներից միայն «ԵՐԻՏԱՍԱՐԴ» առցանց պորտալն ուներ լրագրող։ Առիթը օգտագործելով՝ հնչեցնել տվեց նաեւ Հայաստանի անունը....



Մոսկվայում պտտվելիս կարելի էր ամեն քայլափոխի արդեն հանդիպեմ Ֆրանսիայից կամ էլ Խորվաթիայից նոր-նոր ժամանած երկրպագուները, որոնք եկել էին տեղում սատարելու իրենց սիրելի հավաքականներին։ Իհարկե, դժվար է պատկերացնել, որ հնարավոր կլինի բոլորի համար տոմսեր գնել, սակայն «սեւ շուկայում» դեռեւս ակտիվորեն տոմսեր են վաճառվում։ Դրանց գինն արդեն հասնում է մի քանի հազար ամերիկյան դոլարի. իսկական խելահեղություն է։

Երեկոյան գնացքը շարժվելու էր դեպի Սանկտ Պետերբուրգ, որտեղ շատ ավելի հետաքրքիր ու բաց երկնքի տակ թանգարանային նմուշներ կային, որոնք դեռեւս արժե տեսնել։ Չնայած սա կլինի 5-րդ ճամփորդությունը վերջին 29 օրերի ընթացքում դեպի Ռուսաստանի մշակութային մայրաքաղաք, սակայն այն վերջինն է լինելու... Պետք է հասցնել եւս մեկ ազատ օրն օգտագործել ու վայելել այս գեղեցիկ քաղաքը, հանդիպել աշխարհի տարբեր ծայրերից ժամանած ֆուտբոլի երկրպագուների։



Հ.Գ.։ Որքան ավելի է մոտենում Մունդիալի ավարտը, այնքան ավելի ու ավելի մարդաշատ են դառնում գլխավոր քաղաքների հյուրերը։ Դա նկատելի է հատկապես թռիչքների ավելացումից եւ միջքաղաքային գնացքների թիվի շատացումից։