Նյութը՝ Հարություն Ծատրյանի, Մոսկվա, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 12-07-2018
Աշխարհի առաջնության 28-րդ օրը. Անգլիան ֆուտբոլը «տուն» չի տանի
Պատմության մեջ առաջին անգամ ֆուտբոլի Խորվաթիայի ազգային հավաքականը Մունդիալի եզրափակիչում խաղալու հնարավորություն է ստացել՝ մրցաշարի գլխավոր խաղում չխաղալու ցավ պատճառելով Անգլիայի հավաքականին։

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնը մինչեւ Մունդիալի եզրափակիչ հանդիպումն ընդունելը դեռեւս պետք է հյուրընկալեր Խորվաթիայի եւ Անգլիայի հավաքականներին։ Աշխարհի առաջնության 1/2 եզրափակիչ հանդիպումը շարժել էր երկրպագուները հետաքրքրությունը, ինչի արդյունքում գրեթե լեփ-լեցուն էին տրիբունաները՝ 78 հազար հանդիսական։

Չնայած կիսաեզրափակիչից առաջ Անգլիայից ավելի քան 10 հազար երկրպագուներ էին եկել, որ լինեն ազգային հավաքականի ֆուտբոլիստների կողքին, սակայն նկատելի էր՝ «Լուժնիկիում» շատ են հատկապես ռուսները եւ չեզոք երկրպագուները, որոնց համար ավելի նախընտրելի էր փոքր ազգի ներկայացուցչի՝ Խորվաթիայի հավաքականի հաղթանակը։ Անգլիացի երկրպագուներն իրենց հերթին նոր սկսված խաղի առաջին րոպեից սկսեցին անդադար աղաղակել ու դեպի հաղթանակի հետեւից ուղարկել իրենց ֆուտբոլիստներին։



Արդեն հանդիպման 5-րդ րոպեին Կիրան Տրիպյերը կարողացավ բացել խաղի հաշիվը։ Անգլիայի հավաքականի պաշտպանը դիպուկ իրացրեց տուգանային հարվածը՝ գնդակն ուղարկելով դեպի մրցակցի դարպասի վերին անկյունը խորվաթ պաշտպանների գլխի վրայով։

Խփած գոլը որոշակի հանգստություն պարգեւեց անգլիացիներին, որոնք այլեւս չէին մտածում, թե կարելի է նոր գրոհներ կազմակերպել մինչեւ առաջին խաղակեսի միջնամաս։ Փոխարենն առավել ակտիվ էին խորվաթները։ Որոշ դրվագներում նրան չէր բավարարում արագությունը, երբեմն էլ մեկ վերջին փոխանցումը կարող էր հաշվի հավասարակշռությունը վերականգնել։

Տեսնելով, որ մրցակիցը սկսեց ավելի վտանգավոր գործել, անգլիացիները մի փոքր ակտիվացան առաջին խաղակեսի վերջնամասում։ Գրոհներից մեկի ժամանակ նպաստավոր դիրքում հայտնվեց Հարի Քեյնը, սակայն նրա հարվածից հետո գնդակն անդրադարձավ դարպասաձողից։ Րոպեներ անց էլ հիանալի դիրքում հայտնված Ջեսի Լինգարդը չկարողացավ դիպուկ հարվածել։



Երկրորդ խաղակեսը սկսվեց խորվաթների գրոհներով։ Չնայած Խորվաթիայի հավաքականի հարձակման գծում բավականին ագրեսիվ Մարիո Մանջուկիչն էր գործում, սակայն անգլիացի պաշտպանների հաջողվում էր չեզոքացնել ամեն վտանգ։ Հանդիպման 68-րդ րոպեին, սակայն, խորվաթներին հաջողվեց գոլային գրոհ կազմակերպել։ Իվան Պերիշիչը գրեթե վայրկյանից ավելի արագ էր Ջոն Սթոունզից եւ վտանգավոր խաղի գնով կարողացավ գնդակն ուղարկել Ջորդան Պիկֆորդի պաշտպանած դարպասը՝ 1-1:

Հաշվի հավասարակշռության վերականգնումը անգլիացիների ծրագրում տեղ չուներ։ Արդյունքում նրանք փորձեցին մի փոքր ավելի ակտիվանալ ու չսպասել լրացուցիչ ժամանակ։ Չնայած մի քանի ձեռնարկված փորձերին, սակայն չստացվեց առանց լրացուցիչ ժամանակի խաղ անցկացնել։



Խորվաթները երրորդ անընդմեջ խաղն էին անցկացնում լրացուցիչ ժամանակով։ Թվում էր, թե այս անգամ հոգնածությունը տեղի կտա, սակայն անգլիացիներն ավելի հյուծված տեսք ունեին։ Ոչ մի կերպ չէր ստացվում գրոհների եզրափակիչ հատված կազմակերպել առաջին լրացուցիչ ժամանակի ընթացքում։ Երկրորդ 15 րոպեները առավել ոգեւորություն բերեցին խորվաթներին։ Բազմաքայլ ու վտանգավոր գրոհի չեզոքացմանը պատասխանեցին խորվաթները՝ երկրորդ տեմպով նոր գրոհ կազմակերպելով։ Արդյունքում՝ անգլիացիները «քնեցին» պաշտպանությունում, սակայն այսպիսի պարգեւից հարվածային դիրքում հայտնված Մարիո Մանջուկիչը չէր կարող չօգտագործել՝ 2-1:

Գրեթե մի քանի րոպե տեւեց խորվաթների ցնծությունը խփած գոլից հետո։ Այդ ընթացքում Ջեսի Լինգարդն ու Մարկուս Ռեշֆորդը փորձեցին խորամանկ գտնվել ու պատասխան գնդակ ուղարկել Դանիել Սուբաշիչի պաշտպանած դարպասը. մրցավարը նկատեց եւ կասեցրեց անգլիացիների այդ գործողությունը՝ ստիպելով սպասել խաղի վերսկսմանը։



Գրեթե 10 րոպե կար լրացուցիչ ժամանակի ավարտին, սակայն այնպես ստացվեց, որ Անգլիայի հավաքականի պաշտպան Կիրան Տրիպյերը վնասվածքի պատճառով այլեւս չէր կարող խաղալ, իսկ փոփոխությունների քանակն ավարտվել էր։ Անգլիայի հավաքականը խաղաց 10-ն ընդդեմ 11-ի, սակայն անգամ նվիրվածությունը եւ Ջեյմի Վարդիի խաղադաշտում գտնվելը ոչ մի օգուտ չտվեց. «Երեք առյուծենրի» թիմը պարտվեց 1-2 հաշվով եւ ստիպված կլինի մասնակցել 3-րդ տեղի համար խաղին։

Խորվաթիայի հավաքականն էլ 20 տարի անց նոր էջ գրեց իր ֆուտբոլային պատմության գրքում։ Այս անգամ թիմը կարողացավ հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը եւ կխաղա Ֆրանսիայի հավաքականի հետ եզրափակիչում։ Խորվաթների առաջատար ու ավագ Լուկա Մոդրիչը կրկին հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց. նրանից շատ դեռ ոչ ոք այս Մունդիալին չի դարձել հանդիպման լավագույն խաղացող։



Այսպիսով՝ հուլիսի 14-ին Սանկտ Պետերբուրգում կխաղան Բելգիայի եւ Անգլիայի, իսկ մեկ օր անց էլ՝ հուլիսի 15-ին, Ֆրանսիայի եւ Խորվաթիայի հավաքականներն արդեն Մոսկվայում կհանդիպեն եզրափակիչ խաղում։ Ի դեպ, 20 տարի առաջ Ֆրանսիայում կայացած կիսաեզրափակիչում հենց ֆրանսիացիներն էին հաղթել խորվաթներին՝ թույլ չտալով առաջ շարժվել, իսկ հետո էլ Ֆրանսիայի հավաքականը Զինեդին Զիդանի ջանքերով նվաճել էր իր պատմության առաջին չեմպիոնությունը։